Նոր հիվանդատեսակ


 

Համիկի զոքանչը հիշողության կորուստ ուներ. կարճ ասած` ըսկլերոզ: Տիկին Անահիտը տարիքով չէր, 60-ին մոտ էր, սակայն ժամանակից շուտ էր այդ հիվանդությունը վրա հասել: Տանեցիք ջրի ծորակը բաց էին թողնում, որ մայրիկը ծարավելիս` հիշի ու խմի:

Անահիտ մաման աղբյուրի մոտ կանգնած ակնդետ նայում էր ջրին, նույնիսկ մատներով շոշափում ջուրը, երևում էր շատ էր ծարավ, բայց մտքով չէր անցնում կողքից մի բաժակ վերցնել, խմել: Ամենից ողբերգականն այն էր, որ Անահիտը չէր հիշում ո´չ երեխաներին, ո´չ ամուսնուն, իսկ փեսայի մասին խոսք անգամ չկար: Փեսան չէր վիրավորվում` տանը բոլորն էին վտանգված:

Սեղան-հացի ժամերին երեք աղջիկներից մեկը մոտ-մոտ նստած նրան ճաշը գդալով կերակրում էր, թեյը խմեցնում, սրբում բերանը: Պատահում էր, որ ուշադրությունից տան դուռը բաց էր մնում: Անահիտն անարգել դուրս էր գալիս ու գնում, թե ո՞ւր, ինչի՞ համար` ոչ ոք չէր իմանում: Տնեցիները տագնապահար տարբեր ուղղություններով ցրվում էին, հարց ու փորձ անելով որոնում, գտնում և գառան պես հլու-հնազանդ կորուսյալին իր հարազատ օջախը բերում, որ նորից սկսի իր «ոդիսականը»:

Պետությունից բնակարան ստանալու հեռանկարով, Համիկը տնփեսա էր դարձել: Եվ քանի որ համատեղ ապրելը Ժամանակավոր էր, ի ծնե բարի, հումորով փեսան հիվանդ զոքանչի նկատմամբ անչափ հարգանք ու պատիվ էր տածում, ամեն անգամ պաշտպանում նրան անհիմն ծիծաղողներից ու չհասկացողներից:

Նրանցից մեկը հենց կողքի հարևանուհի Վարսիկն էր: Վարսիկ, դու Վարսիկ, քանիցս հարևանի երեք աղջիկներին փորձել էր բողոքել` իրենց մայրը իր խոսքերով ասած իրեն շան տեղ չի դնում: Ինքն էլ որոշեց, թե աղջիկներից խեր չկա, փեսային դիմեց:

- Համիկ ջան, դու չգիտեմ ոնց, բայց ես շատ եմ նեղացած քո էդ զոքանչ կոչվածից: Էս ո՞ւր կորավ մեր մարդկությունը, հարևանությունը: Չեմ հաշվել, թե քանի անգամ եմ առավոտը բարի լույս ասել, ցերեկը` բարի օր, իրիկունը` բարի իրիկուն, պատահել է` բարի գիշեր… Ասել եմ` կարող է չլսեց, նույնը կրկնել եմ մի քանի անգամ, բայց իր կողմից մի ձեն, մի ծպտուն չի եղել, ինձ ոնց որ ըխտվորի էշի տեղ դնի: Մի բարև-բարլուսը աշխարհիս էրեսից կտրվել ա՞, որ ինձ դրան չի արժանացնում:

- Կներեք, տիկին Վարսիկ, դուք հին հարևաններ եք, նախկինո՞ւմ էլ է զոքանչս այդպես վարվել, մի անգամ էշիդ չոշո ասե՞լ է:

- Չէ, վայ, ի՞նչ ես ասում, ես իմ Աստվածը, չեմ ուրանա, դրա համար եմ զարմանում: Էդ համավոր կինը մեր մայլի պարծանքն էր: Ջանըմ էն առաջվա Անահիտը ո˜ւր, էսօրվանն ուր` սար ու ձորի տարբերություն:

- Այ տիկին, պետք չէ սար ու ձոր ընկնել, ճիշտ է, Անահիտը հրաշք կին էր մինչև հիվանդանալը, հիմա նրանից ոչ մեկս իրավունք չունի նեղանալ: Նա կորցրել է ամենաթանկը, հիշողությունը, իր հարազատներից ոչ մեկին չի ճանաչում, այդ թվում նաև ինձ, բայց ես ըմբռնումով եմ ըմբռնում…

- Հա, նա քեզ կարող ա…, բայց մենք 34 տարի դուռ-դռան հարևան ենք: Ինչքա˜ն նեղ օրերի ենք իրար հասել: Ոչ մի անգամ իրար հետ շուն ու կատու չենք խաղացել, իրար ջան ասել, ջան լսել ենք, հիմա ի՞նչ պատահեց: Ո՞վ ըլի, չի նեղանա, մի՞թե ես մի բարևի արժանի չեմ:

- Տիկին, էսպես չեղավ, ախր քեզ էլ ո՞նց բացատրեմ. մենք գիտենք, ալամ աշխարհը գիտի, որ տիկին Անահիտը հի-վան-դե` ըս-կլե-րոզ: Դու իրավունք չունես նրան պրետենզիա ներ ներկայացնել:

- Այ բալա, ես ինչ պրեզիդենդ, ես իրեն 34 տարվա հարևանն եմ: Խնդրում եմ քո սիրելի զոքանչին հասկացնես` ինձ մարդատեղ դնի, բարև տա, որ չնեղանամ, որ խռով հոգիս իր հետ հաշտվի, թե չէ կսկծու մի օր կմեռնեմ: Ասա, թող էդ անշնորհք, այլանդակ հիվանդությունը մի կողմ դնի, մի քիչ իրեն զոռի, մի թույլ բերանով` կես-բերան ինձ բարև տա ու տենա, թե հազարապատիկ ոնց եմ պատասխան տալիս: Թե չէ անմեղ մարդուն էդքան էլ արհամարհել կլինի՞…

- Վա˜յ, տիկին Վարսիկ, վա´յ. ախր քանի՞ անգամ կրկնեմ` Անահիտը հի-վան-դե` ըս-կլե-րոզ…

- Չէ մի չէ հիվանդ է, հիմա առողջ մարդ չկա: Դու իմ դեմքին ու լենքին մի նայի, մեկ-մեկ նույնիսկ ես եմ հիվանդանում: Բայց ինչքան էլ հիվանդանամ, էլի տնքտնքալով, երեսիս խաչ անելով վեր եմ կենում, ինձ զոռում. տո տանս ճաշն էլ եմ էփում, պոլերս էլ եմ մաքրում, փեջի տրուբեքն էլ եմ թափ տալիս ու աջ ու ձախ էլ ուզածիդ պես բարևում: Այ, հիվանդը սենց կըլի` առանց ձևականությունների: Դու նրա թափած ձևերին մի հավատա, մի պաշտպանի: Անցի իմ` տուժվածի կողը, թե չէ մի օր էլ դու ինձ բարև չես տա: Վատ օրինակն էլ ա վարակիչ… Ասա, հասկացրու զոքանչիդ, որ ինձ բարև տա` կառողջանա…

- Տիկին Վարսիկ, ես քեզ էլ ո՞նց բացատրեմ: Հիմա ուշ է, ավելի լավ է վաղն առավոտյան գնա հոգեբույժի մոտ:

- Այսինքն…, չհասկացա, ինչի՞ համար:

- Բուժվելու, բուժվելու: Քիչ առաջ խոստովանեցիր, որ դու էլ ես հիվանդացել: Ես բժիշկ չեմ, բայց հավատացած եմ, որ դու կնպաստես բժշկության զարգացմանը, երբ նրանք ախտորոշեն, թե դու ինչ անբուժելի հիվանդությամբ ես տառապում…

Հրանտ ՀՈՐԻԶՈՆ, Գուրգեն ԼՈՌԵՑԻ