Երկարակյաց ճապոնացիք


 

Վերջին շրջանում տարերային աղետները թե որքան պատուհասեցին Ճապոնիային` աշխարհին է հայտնի: Բայց չարիքի դեմ չընկրկող այս ժողովուրդը միայն կորուստները չէ, որ հաշվում է: Մահ ու ավերների կողքին` ապրողներին է տեսնում և աշխարհին ծանուցում, որ ծագող արևի երկրում ավելացել են մեկ դարից ավելի տարիք ունեցողները: Պատմության մեջ առաջին անգամ նրանց թիվը գերազանցել է 50 հազարը:

Ճապոնական ազգային տոներից մեկի` Ծերության հարգանքի օրվա նախօրյակին (այդ տոնն այս տարի նշվեց սեպտեմբերի 17-ին) Առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը փաստեց, որ երկրի քաղաքացիներից 51 հազար 376-ը 100-115 տարեկան են: Անցյալ տարի 100-ը բոլորածները 3620-ով պակաս էին (47.756 մարդ):

Այս երկարակյացների 87 %-ը կանայք են, չնայած` ամենատարեցը տղամարդ է` 115-ամյա Ձիրոուեմոն Կիմուրան, ում անունն անցյալ տարվա ապրիլին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես մոլորակի ամենատարեց բնակիչը: Տարիքով ավագագույն ճապոնուհին` Կոտո Օկուբոն, 114 տարեկան է («ՌԻԱ Նովոստի»):

1963 թ. այս երկրում 100-ից բարձր տարիք է ունեցել ընդամենը 153 մարդ: 1998-ին այդ թիվն անցել է 10 հազարը, 2003-ին հասել է 20 հազարի, 2009-ին` 40 հազարի:

Օրինաչափ աճ, ինչը ամենախոսուն վկայությունն է մարդկանց կենսակերպի:

Գինեսյան անհեթեթ ռեկորդներ

Սեպտեմբերի 13-ին լույս է տեսել Գինեսի ռեկորդների նոր` 57-րդ հրատարակությունը, ուր տեղ են գտել ամենաանմիտ նվաճումները: Ահա դրանցից մի քանիսը, որոնց անդրադարձել է PrΖvdΖ.ru-ն

Ամենածանր մարզուհին

Դժվար չէ կռահել, որ ամենամեծ քաշը կարող են ունենալ սումո մարզաձևով զբաղվողները: Եվ աշխարհի ամենածանր մարզուհի է ճանաչվել լոնդոնցի սումոիստուհի Շարան Ալեքսանդերը: Նա կշռում է 203,2 կիլոգրամ:

Կազմվածքը պահպանելու համար սնվում է բացառապես բարձր կալորիականություն ունեցող ուտելիքներով: Նրա սննդակարգը պակաս գազանաբարո չէ, քան օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսի օրաբաժինն է:

Ամենատարեց մարզուհին

Չի նշվում, թե ինչ սննդակարգով է իրեն պահպանում գերմանական Լեյպցիգ քաղաքի ֆիզկուլտուրայի 86-ամյա ուսուցչուհի Յոհանա Կաասը: Սակայն փաստ է, որ նա երիտասարդ տարիների նման հիմա էլ ուսուցանում է ջահել մարզիկներին:

Ապրիլ ամսին Կաասը հմայել է մարզական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղերի երկրպագուներին` պարանի վրա բարդ վարժություններ կատարելով:

Կինը 11 մեդալ է նվաճել` թոշակառուների մարզամրցումներում:

Այդ զվարճալի կենդանիները

Արտառոցությունների հանրագիտարանում նաև մարդու չորքոտանի բարեկամներն են հիշատակվում:

Դիցուք, ամերիկյան Վիսկոնսին նահանգի ֆերմաներից մեկում ապրող Մեծ Ջեկ ձին աշխարհում ամենաբարձրահասակն է ճանաչվել: Նրա հասակը 213 սանտիմետր է: Համեմատության համար նշենք, որ ձիերի հասակը միջին հաշվով 160 սմ է:

Միչիգանում ապրող 3 տարեկան Զևս շունը նույնպես ամենաբարձրահասակն է իր ցեղակիցների մեջ` 1 մետր 12 սմ: Հետևի թաթերի վրա կանգնելիս` Զևսն իր տիրոջից բոյով է դառնում` հասնելով 2 մետր 23 սանտիմետրի:

Իսկ ահա Արչի ցուլը (Հյուսիսային Իռլանդիա) ամենափոքրիկն է իր տեսակի մեջ: Նրա բոյն ընդամենը 76 սմ է: Սկզբում որոշել են նրան մսացու դարձնել, բայց երբ պարզվել է, որ նա չի աճում, պահել են որպես «ինքնատիպ նմուշ»::