Համազգեստը` ուժի և առաքինության խորհրդանիշ


Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, փոխգնդապետ Վիտալի Ոսկանյանի հետ շփման առաջին պահից հասկանում ես, որ գործ ունես ուժեղ անհատակա նության և բարդ խառնվածքի հետ, փոխգնդապետը կարող է զարմացնել իր անսպասելի անկեղծությամբ և դիվանագիտական պատասխաններով: Վարժարանի պետը թողնում է ինքնաբավ մարդու տպավորություն` բարձր ինքնագնահատականով, սեփական ուժերի հանդեպ աներեր վստահությամբ, մեծ ու կարևոր գործ անելու վճռականությամբ: Փոքր-ինչ խորաթափանց լինելիս նկատում ես, որ խիստ ու անզիջում կեցվածքի տակ նրբանկատ ու բարեկիրթ անհատ է` զգայուն հոգով ու խոր զգացմունքներով: - Դուք ծնունդով ստեփանակերտցի եք, ընդ որում` մեծացել-դաստիարակվել եք պաշտոնյա կոմունիստների ընտանիքում, կուսակցական վերնախավի միջավայրում: Ի՞նչ արժեքներով էր ապրում այդ խավը 70-80-ականներին, ի՞նչ գաղափարներ էր դավանում, ի՞նչ կենսակերպ ուներ: - Հորական պապս` Անուշավանը, Երկրորդ աշխարհամարտի մասնակից էր, Փառքի երրորդ, երկրորդ և առաջին աստիճանի շքանշաններ ուներ, Ղարաբաղի ամենամեծ «Մետաքս» գործարանի տնօրենն էր: Ես շատ կապված էի պապիս հետ: Միշտ նրա կողքին էի, իսկ դա նշանակում է, որ անընդհատ առիթ ունեի շփվելու ճանաչված մարդկանց հետ` քաղաքական գործիչների, արվեստագետների, զինվորականների: Մորական տատս պաշտոնավարել է կուսակցության մարզկոմում, մայրս քաղկոմի կազմբաժնի վարիչն էր: Միանշանակ է, որ ես մեծացել եմ կուսակցական էլիտայի միջավայրում, սակայն իմ կենցաղը գրեթե չի տարբերվել հասակակիցներիս կենսակերպից ո°չ նյութական, ո°չ բարոյական առումով: Ունեցել եմ շատ ընկերներ` ամենատարբեր խավի ու սոցիալական դրության, անարգել շփվել եմ շրջապատի հետ: Հայրս նկարիչ էր, նկարչություն և գծագրություն էր դասավանդում դպրոցում: Ես բնավորությամբ ավելի նման եմ մորս ու հորական պապիս, նրանց ազդեցությունն ավելի մեծ է եղել իմ ներաշխարհի ձևավորման վրա: Նրանք երկուսն էլ հարգված կոմունիստներ էին, շատ օրինապահ, խստաբարո, սկզբունքային ու համառ: Ուժեղ բնավորություն ունեին, անհատականություն էին: Մայրս չէր հանդուրժում որևէ սխալ, վրիպում, թերացում, պահանջում էր լինել օրինակելի բոլոր փոխհարաբերություններում: - Հաջողվո՞ւմ էր լինել օրինակելի: - Ոչ միշտ: Ես դժվար երեխա էի: Բնավորությանս մեջ կային գծեր, որոնք բնատուր էին ու շատ ամուր: Ինձ դժվար էր վերադաստիարակել: Ուժեղ բնավորություն ունեի, կարող էի եղանակ ստեղծել ֆիզիկապես ինձնից շատ ավելի ուժեղ տղաների միջավայրում, կազմակերպել, ուղղորդել: Ես իմ տեսակով հակադրվող եմ, ըմբոստ, չհարմարվող: Ցանկացած հարցում ունեի իմ կայուն կարծիքը: Ես միշտ էլ առանձնացել եմ զանգվածից, և դա ինձ դուր էր գալիս: Երբեք չէի մոռանում վիրավորանքը, կարող էի լուրջ վնաս տալու աստիճան վրեժխնդիր լինել` չխնայելով անգամ ազգականներիս: Նրանք, ովքեր սիրում էին ինձ, շատ էին սիրում, ովքեր ատում էին, ատում էին ամբողջ սրտով: - Դուք պատմում եք, իսկ ես մտածում եմ` արդյոք այդ գծերը բնորո՞շ են ղարաբաղցուն, սարի ժողովրդին: - Ղարաբաղցիները, ինչպես մյուս լեռնցի հայերը, տոկուն են, համարձակ, վստահելի, շռայլ են, կարեկից, պարզ: Բայց մի մոռացեք ղարաբաղցու հայտնի «կողի» մասին: Ամեն դեպքում ղարաբաղցի լինելուց առաջ ես անհատ եմ և կարող եմ իմ յուրահատկություններն ունենալ: Օրինակ, 87-ին, լինելով կուսակցական պաշտոնյայի զավակ, խայտառակ շարադրություն էի գրել Լենինի մասին` հիշատակելով գերմանական ամսագրից վերցրած տեղեկությունները: Մեծ աղմուկ բարձրացավ: - Ադրբեջանցիների՞ հետ ոնց էիք… - Ղարաբաղցու համար ադրբեջանցին միշտ էլ «թորք» է եղել: Հատկանշական պատմություն կա. կուսակցության շարքերը անցնելու համար «գաղափարական քննություն» տվող ղարաբաղցուն հարցնում են` ո՞վ է մեր թշնամին` ակնկալելով, որ կմատնանշի կապիտալիստական աշխարհը, պատասխանում է` «Աղդամի թորքը»: - Ձեզ այդ ոգո՞վ էին դաստիարակում: - Ոչ: Ու ճիշտ չէ, որ Ղարաբաղում թուրքերը ճնշել են հայերին: Ղարաբաղում մենք միշտ էլ տերու ու տիրական ենք եղել: Կոնկրետ իմ ընտանիքում ոչ ոք երեխաներին թուրքերի հանդեպ վատ չի տրամադրել, ու ես դժվարանում եմ ասել, թե մեր ատելությունը որտեղից էր, ըստ երևույթին` արյամբ էր անցել: Ես կրտսեր եղբորս սովորեցնում էի թուրք տեսնելիս քարով խփել: Թուրքը մեզ ոչ մի վնաս չէր տալիս, ոչ ոք հակաթուրքական քարոզ չէր անում, ընդհակառակը` Ցեղասպանության մասին գրքերը թաքցնում էին մեզնից, բայց մեր արյան ու գիտակցության մեջ նստած էր, որ մեր թշնամին «Աղդամի թորքն է»: - Ի՞նչ էր անում կուսակցական վերնախավը Ղարաբաղում ազատագրական շարժման ժամանակ: - Շարժման առաջին գծում էին, հետո պատերազմի ամենաթեժ կետերում: Հայաստանի այսօրվա ղեկավարների ընտանիքները պատերազմի ամենածանր օրերին անգամ Ղարաբաղում էին ու կիսում էին հասարակ ղարաբաղցու ճակատագիրը: - Դուք պատերազմին մասնակցել եք առաջին օրվանից մինչև զինադադարի հաստատումը, վիրավորվել եք, ինչպե՞ս հաղթահարեցիք, այսպես ասած, մայրական արգելքը: - Մայրական արգելք չի եղել, ընդհակառակը, իմ ամենաեռանդուն խրախուսողը մայրս էր: Թշնամին մտել էր մեր տուն, ու մենք պատրաստ էինք ցանկացած գնով պաշտպանել մեր հողը: Ես այն կարծիքին չեմ, որ թուրքերը վատ կռվող են կամ բնատուր վախկոտ են: Մտիր Բաքու, սպառնա թուրքական հողերին, ու կտեսնես, թե թուրքերը ոնց կկռվեն իրենց հայրենիքի համար: Ղարաբաղցի թուրքերը շատ լավ գիտեին, որ Ղարաբաղը իրենց հայրենիքը չէ, որ միևնույն է, քանի որ Ղարաբաղում էին ծնվել-մեծացել, ինչ-որ չափով կապված էին այդ հողին, անձնվիրաբար էին կռվում, էականորեն տարբերվում էին բաքվեցիներից, իսկ Ղարաբաղը հայրենիք էր յուրաքանչյուր հայի համար: Սա էր մեր հաղթանակի բանալին, ու պետք չէ մեր հաղթանակը բացատրել հայերիս հերոսությամբ և թուրքերի թուլությամբ: - Հետպատերազմյան տարիներին մեր ամենակարևոր խնդիրը պետք է լիներ ստեղծել գալիք մարտահրավերներին դիմակայելու երաշխիքներ, հայոց սահմանների անվտանգությունը և պատերազմական նվաճումները պաշտպանելու պատրաստ հասարակություն: Ինչպե՞ս եք լուծել այս խնդիրը: - Քաղաքական երաշխիքների առումով` հնարավոր ամեն բան արվել է, և արդյունքը գոհացուցիչ է, նույնը կարելի է ասել` ռազմական երաշխիքների մասին: Չեմ կարծում, թե հասարակությանը պետք է հատուկ նախապատրաստել` վտանգի դեպքում իր հողը պաշտպանելու համար: Բնականաբար, սահմանամերձ տարածքներում ապրող մարդիկ ավելի լավ են հասկանում, թե ինչ ասել է` իրական սպառնալիք, պատերազմ, սակայն առիթի դեպքում մեր ողջ հայկական ներուժը կկանգնի` փակելու թշնամու ճանապարհը: - Որո՞նք են անկախության շրջանի ամենամեծ բացթողումները: Թեման հրատապ է, քանի որ օրերս նշեցինք Արցախի անկախության տարեդարձը: - Կենսամակարդակի բևեռացումը և կրթության ցածր մակարդակը: Կարծում եմ` մեկնաբանելու ու հիմնավորելու կարիք չկա, ամեն ինչ շատ ակնառու է: - Երիտասարդ սերունդը` պատերազմ տեսած, սահմանաբերանին ապրող, տարբերվո՞ւմ է մայրաքաղաքում և մերձակա տարածքներում մեծացող սերնդից: - Դժվարանում եմ պատասխանել: Անկեղծ ասած, չեմ կարծում, թե տարբերությունը մեծ լինի: Երիտասարդ սերունդը մեծապես տարբերվում է իմ սերնդից: Տարբեր են արժեքները, ձգտումները, բարոյական չափանիշները: Այսօրվա սերունդը ավելի ուշ է հասունանում, նախաձեռնող չէ, կրավորական կեցվածք ունի, պատրաստ չէ մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա: Գուցեև դա օրինաչափ է. պատերազմի սերունդը պիտի տարբերվեր խաղաղության սերնդից: - Նշանակվելով Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի պետ` ինչի՞ց եք սկսել, ո՞ր խնդիրներն եք կարևորել: - Առաջին հերթին կարևորել եմ ծառայական կարգապահության ամրապնդումը, բոլոր փոխհարաբերությունները պետք է իրականանան ներքին ծառայության կանոնագրքի համաձայն: Վարժարանում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ. այս ասպարեզում մեծ անելիքներ ունենք: Էական բարեփոխումներ են սպասվում ուսման որակը բարձրացնելու համար: - Ինչո՞վ են պայմանավորված կադրային փոփոխությունները: - Հրաժարվել եմ բացառապես այն կադրերից, որոնք չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին կրթությամբ, աշխատանքի որակով, բարոյական նկարագրով: - Դուք ամուսնացած չեք, ինչպիսի՞ կնոջ եք փնտրում: - Անկեղծ ասած, երբեք չեմ սևեռվել ամուսնանալու մտքի վրա: Որպեսզի կինը հետաքրքրի ինձ, պետք է ունենա բարձր ինտելեկտ: Պարտադիր չէ, որ նա հենց ինձ պես մտածի, բայց անպայման պիտի իրազեկ լինի և մտածելու կարողություն ունենա: Կինը պետք է լինի բարեկիրթ, զգայուն, նրբաճաշակ, հավասարակշիռ: - Նոր եք ստանձնել վարժարանի պետի պաշտոնը, բայց արդեն խոսում են, որ դուք շատ խիստ եք, երբեք չեք ժպտում: - Կատարում եմ ծառայական պարտականությունս, առաջնորդվում եմ բացառապես կանոնագրքի կանոններով: Թող անհամեստ չթվա, ես պատասխանատու ու պարտաճանաչ մարդ եմ և աշխատանքս կատարում եմ ուժերի գերլարումով, ամբողջ եռանդով: Ինչ վերաբերում է ժպտալուն, եթե քիչ եմ ժպտում, ուրեմն ուրախանալու առիթն է քիչ: - Ինչո՞ւ զինվորական համազգեստով հարցազրույցի չեք եկել: - Իմ ծառայական օրն ավարտվել է, իսկ ես աշխատում եմ ծառայությունից դուրս համազգեստ չկրել, որովհետև համազգեստը պարտավորեցնում է լինել զգաստ ու ձիգ: Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում Հայկական բանակի համազգեստին. այն ուժի, հայրենասիրության, նվիրումի, առաքինության խորհրդանիշ է: - Կա՞ մի բան, որ խանգարում է Ձեզ ավելի արդյունավետ աշխատել: - Կա մի բան, որ ինձ նյարդայնացնում է. երբ որևէ ծանոթ խնդրում է վարժարանում սովորող իր ազգականին «լավ նայել»: Նման դեպքում պատասխանում եմ, որ իմ պարտքն է լավ նայել բոլորին ու ես այն կատարում եմ առանց հիշեցման ու խնդրանքի, իսկ տարբերակված մոտեցումը միանշանակ բացառվում է:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ