Բարեգործության հասցեն ճիշտ է ընտրված` Զոհրապի անվան դպրոց


ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայություն» ընկերությունը Հայաստանում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ է: Ընկերության նախագահը Ջորջ Դունայանցն է, ով իր տիկնոջ` Ֆլորա Դունայանցի լիաբուռն զորակցությամբ ուշադրության կենտրոնում է պահում առավելապես կրթօջախները: Տեր և տիկին Դունայանցների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև մայրաքաղաքի լավագույն դպրոցներից մեկը` թիվ 43-ը: Ընկերության հետ դպրոցի առաջին ծանոթությունը տեղի ունեցավ անցած տարի, երբ ատամնաբու ժական ավտոբուսը կանգնեց դպրոցի դռանը, և 650 աշակերտ մեկ ամիս շարունակ անվճար բուժում ստացավ: Ավելի ուշ դպրոցի տնօրենը Դունայանցներին հանդիպեց Լոս Անջելեսում: Արդյունքը դպրոցում համակարգչային սենյակ կահավորելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն էր: Իսկ մինչ այդ սեպտեմբերի 1-ին դպրոց հասած մեկ այլ բարեգործությամբ տոնը է°լ ավելի տոն դարձավ: Ցածր դասարանների 400 աշակերտների հանդիսավորապես հանձնվեցին գրենական պիտույքներով լի պայուսակներ: Պետք էր տեսնել այս փոքրիկների ուրախութ յունն ու հուզմունքը: Տնօրեն Ռուզան Մուրադյանը բոլորի անունից ասում է` շնորհակալություն բոլոր այն բարի մարդկանց, ովքեր նախաձեռնել են այս բարի գործը և նպաստել կատարմանը: Շնորհակալություն Զարգացման ծառայության հայաստանյան գրասենյակի տնօրինությանը` ի դեմս Գեղամ Մինասյանի, մեր դպրոցը ներկայացնելու համար: Շնորհակալություն Գերրիին` Կալիֆորնիայի ատամնաբուժական ընկերության օգնությունը դպրոց հասցնելու համար: Ռ. Մուրադյանն առավել քան վստահ է, որ թիվ 43-ը որպես մեծ հայի` Գրիգոր Զոհրապի անունը կրող դպրոց, միշտ կմնա ընկերության ուշադրության կենտրոնում: Քանզի դա այն ընտրյալ կրթօջախն է, այն բարեբեր միջավայրն ու պարարտ հողը, որտեղ ամենայն բարի գործ կարող է տալ իր բարի պտուղները: Իսկ պայուսակները թող լինեն առաջին այն ծիծեռնակները, որոնք բարեկամության սերմեր կսփռեն այս հարկի տակ, կդնեն բարեկամության հիմքը` հասցնելով այն իրենց բուն նպատակին` աշակերտների փոխանակման ծրագրերի իրականացմանը, որպես մշակութային երկխոսության լավագույն միջոց: Ի դեպ, Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի տնօրեն Հակոբ Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են այս ուղղությամբ հետագա համագործակցության հարցեր: Ամենն ի կատար:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ