Համացանցում հաճախ դժվար է զանազանել իրողությունը կեղծիքից


Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի

հրատարակիչ և խմբագիր

Զարմանալի է, որ ժամանակակից տեխնոլոգիաների մեր դարում և էլեկտրոնային սարքերի միջոցով բոլորի տրամադրության տակ եղած տեղեկատվության հորձանուտում ավելի ու ավելի դժվար է, իսկ երբեմն էլ` անհնարին, է իրողությունը տարբերել կեղծիքից:

Համացանցը, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ իր անսահման ռեսուրսներով, կարող է օրհնություն կամ անեծք լինել, երբ որևէ մեկը փորձում է պարզել այս կամ այն հոդվածի իսկությունը:

Հնարավոր չէ իմանալ, արդյոք կարդացածը ճշմարիտ է, թե շինծու, եթե ընթերցողը տվյալ թեմայի գծով մասնագետ չէ կամ չի ստուգում truthorfiction.coΗ-ի կամ snoΘes.coΗ-ի նման կայքեր` բամբասանքն իրականությունից տարբերելու համար:

Ահա այդպիսի ապատեղեկատվության երկու թարմ օրինակ, որոնք տարածվել էին համացանցում միլիոնավոր հայերի և այլոց շրջանակում:

Առաջին հոդվածը, իբր թե The Moscow TiΗes կայքից, վերնագրված էր. «Ռուսաստանի նախագահը թուրք դեսպանին. «Ասացեք Ձեր բռնակալ նախագահին, որ նրան ԻՊ-ի ահաբեկիչների հետ միասին դժոխք կուղարկեմ. Սիրիան մեծ Ստալինգրադի կվերածեմ նրա համար…»»: Այս հոդվածը շրջանառվեց աշխարհով մեկ, տեղադրվեց հազարավոր կայքէջերում և արտատպվեց անհամար թերթերում:

Հոդվածում մեջբերվում էր «արտահոսած տեղեկություն… երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից», որի ընթացքում Պուտինը Թուրքիայի նախագահին անվանել էր «կեղծավոր» և սպառնացել Սիրիան վերածել «մեծ Ստալինգրադի Էրդողանի և Սաուդյան Արաբիայի իր դաշնակիցների համար», ում նա համեմատել է Հիտլերի հետ:

Ես բազմաթիվ հայերից էլեկտրոնային փոստով ստացա այս կեղծ հոդվածի մի քանի տասնյակ պատճեններ` «կեցցե Պուտինը», «վերջապես մեկը համարձակվեց Էրդողանին իր տեղը դնել» բացականչություններով: Հոգնեցուցիչ էր բոլորին պատասխանել, որ դա կեղծ լուր էր…

Ընթերցողները և նույնիսկ թերթերի խմբագիրները, ըստ երևույթին, իրենց նեղություն չէին տվել ստուգելու, որ նման հոդված չկար The Moscow TiΗes կայքէջում: Բացի այդ, թվում է, որ ոչ ոք չէր զարմացել, թե ինչպես կարող էր ռուսական թերթը նախագահ Պուտինի ազգանունը սխալմամբ ներկայացնել որպես «Պուրին»:

Ապատեղեկատվության երկրորդ օրինակը վերաբերում է աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեին, որն իբր երգել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի երգ: «Ես այստեղ էի» երգի տեսահոլովակը, որն սկսվում է «Հայոց ցեղասպանություն, 1915 ապրիլի 24» գրությամբ, «Յութուբ»-ում տեղադրվեց 2015 թ. ապրիլի 24-ին ինչ-որ մեկի կողմից` «Յակոսամո» կեղծանունով: Այնուհետև տեսահոլովակը ցուցադրում է «Երբեք չմոռանալ» բառերը վառ կարմիրով, որին հաջորդում էին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած մարդկանց կադրերը: Հաջորդ չորս րոպեներին էկրանին երևում են երեք զինված թուրք զինվորներ, որոնք սպանում են մի ամբողջ հայ ընտանիքի և առևանգում մի խումբ երիտասարդ հայուհիների: Տեսահոլովակը և երգն ավարտվում են վառ կարմիր գույնով գրված «Ապրիլ 1915» բառերով հենց այն պահին, երբ թուրք զինվորն ատրճանակով ուղղակի կրակում է հայ տղայի գլխին…

Հազարավոր հայեր, հավանաբար, խաբվել էին, կարծելով, որ Բեյոնսեի երգն, իրոք, նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Տեսահոլովակի հղումը շնորհակալական հարյուրավոր մեկնաբանություններով տեղադրվեց անթիվ ու անհամար ֆեսբուքյան էջերում և «Յութուբ»-ում:

Ես միայն անցյալ շաբաթ իմացա այս երգի մասին: Սկզբում, փոքր-ինչ վատ էի զգում, որ, լինելով թերթի խմբագիր, Հայոց ցեղասպանության մասին նման կարևոր երգը լսում եմ դրա թողարկումից ամիսներ անց: Ստուգեցի երգի բառերը և շատ արագ հայտնաբերեցի, որ այն բացարձակապես կապ չունի հայերի կամ Հայոց ցեղասպանության հետ: Երգչուհին անընդհատ կրկնում էր. «Ես այստեղ էի, ես ապրեցի, ես սիրեցի, ես այստեղ էի....»: «Հայ, Ցեղասպանություն կամ Թուրքիա» բառերը երգի մեջ գոյություն չունեն...

Ես կախարդական բանաձև չունեմ, թե ինչպես կարելի է զանազանել իրողությունը կեղծիքից` համացանցում տեղադրված յուրաքանչյուր նյութի համար: Միգուցե օգտակար լինի հիշել հայտնի ամերիկյան ասացվածքը. «Եթե ինչ-որ բան անհավատալի է իսկական լինելու համար, ապա հավանաբար իսկական չէ...»: Ընթերցողները պետք է թերահավատության առողջ չափաբաժին ունենան, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու` չլինելով կա´մ չափազանց կասկածամիտ` ամեն ինչին հավատալու հարցում, կա´մ չափազանց դյուրահավատ` կուրորեն կուլ տալու ամեն ինչ համացանցում...

Թարգմ` Ռուզաննա Ավագյանի