Որն է հաջորդ «տաք կետը»


Հիմա արդեն գուշակները չեն ասում. միջազգային կառույցների ղեկավարներն ավելի լավ գիտեն, թե հերթական պատերազմի ամենակուլ երախը որ երկրում է բացվելու: Ու լավ է, որ նրանք բարձրաձայնում են իրենց կանխատեսումները. դա նախազգուշացում է: Բայց արդյո՞ք դա կանխում է աղետը: Մարդիկ դադարել են հետևություններ անել:

Ինչպես տեղեկացրել է GΖzetΖ.ru-ն` Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը հայտարարել է, որ նոր «տաք կետ» կարող է դառնալ Մոլդովան: Իր այս կարծիքը ԵԽ գենսեկը գրել է The New York TiΗes-ում հրապարակած իր հոդվածում: Նա արձանագրում է, որ վերջին 6 տարիներին եվրոպամետ ուժերի գոյությամբ պայմանավորված այնտեղ իրավիճակը քիչ է փոխվել. նախկինի նման պետությունը օլիգարխների ձեռքին է, երկրում ծաղկում է կոռուպցիան, իսկ հարյուր հազարավոր մոլդովացիներ ստիպված են արտասահման մեկնել` լավ կյանք որոնելու:

ԵԽ գլխավոր քարտուղարին նաև անհանգստացնում է այն փաստը, որ Մոլդովայի իշխանություններն ի վիճակի չեն ներքին ֆինանսավորմամբ վերականգնել իրավիճակը, ինչը կարող է մեծ ճգնաժամի հանգեցնել:

Յագլանդը մոլդովական իրավիճակը համեմատում է Ուկրաինայի հետ` հիշեցնելով, որ այնտեղ ևս ապակայունացումը սկսվեց քաղաքական կառույցների հանդեպ ժողովրդի հիասթափությունից:

Ճգնաժամը մեղմելու համար ԵԽ պաշտոնյան Մոլդովայի կառավարությանը կոչ է անում դադարեցնել քաղաքական միջամտությունները դատական համակարգում, ստուգումներ անցկացնել իշխանության կառույցներում և... թերևս ամենակարևորը` «բռնազավթված պետությունը վերադարձնել իր քաղաքացիներին»: