Համե´ստ ապրեք


Օրինական պահանջ է հատկապես այն երկրների համար, ուր մարդկանց մեծ մասը օրվա հացը մի կերպ է հայթայթում: Չինաստանում հաշվի չեն նստում «մարդու իրավունքներ» կոչված բանաձևումի հետ և առաջնահերթում են հավատարմությունն իրենց ազգային նկարագրին:

Իշխանությունները փորձում են սահմանափակել բնակչության ձգտումը անզսպելի շռայլությունների հանդեպ: Եվ Բաչժուն քաղաքային մարզի (Սիչուան գավառ) ղեկավարությունը կանոնակարգ է մշակել, որով սահմանափակվում է տեղաբնակների իրավունքը` շքեղ տոներ ու պաշտոնական ճաշկերույթ-խնջույքներ կազմակերպել (գրել է The WΖll, Street JournΖl-ը):

Նոր կանոնների համաձայն` բնակիչները ճոխ խնջույքներ կարող են կազմակերպել միայն 3 դեպքերում. հարսանիքների, հուղարկավորությունների և ծննդյան 70-ամյա (և դրանից բարձր) հոբելյանների ժամանակ: Պետական ծառայողների պարագայում այս ցանկն է´լ ավելի համառոտ է. նրանք շքեղ ճաշկերույթներ կարող են կազմակերպել միայն հարսանիքների և հուղարկավորումների առիթով: Ինչ վերաբերում է ծննդյան հոբելյաններին, ապա դա թույլատրելի է 10 տարին 1 անգամ, այն էլ` 70 տարեկանից հետո` 70, 80, 90 և 100-ամյա հոբելյաններ:

Ճաշկերույթի համար նախապես պետք է տեղեկացնել իշխանություններին` ներկայացնելով տվյալ առիթը հավաստող փաստաթղթեր:

Այս կերպ իշխանությունները հույս ունեն բնակչությանը սովորեցնել ավելի համեստ լինել:

-Բնակիչները պետք է ձեռնպահ մնան արտառոց միջոցառումներ կազմակերպելուց. այդ թվում` հարսանիքներ, թաղումներ, ծննդյան օրեր, որոնց շատ ուրիշ տեղաբնակներ արհամարհանքով են վերաբերվում և չեն կարող իրենց նույնը թույլ տալ,- հայտարարել է վարչախմբի ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ նոր կանոնները վերաբերում են միայն մասշտաբային կերուխումին: Իսկ «ոչ մեծ երեկույթները», օրինակ, 50 կամ 60-ամյա հոբելյանները ընտանիքի անդամների ու մտերիմների մասնակցությամբ ոչ մի արգելանքի ենթակա չեն (տեղեկացրել է Newsru.coΗ-ը):