Մենամարտ ճակատագրի դեմ

ՎԻՊԱԿ

Արդեն վերջանում էր օղու երկրորդ շիշը, բայց օղին սպասվող հանգստությունն ու մոռացությունը չէր բերում Կարենին: Բարում բարձր երաժշտություն էր հնչում, աղմուկ էր, բայց Կարենը, անհաղորդ այդ ամենին, մռայլ նայում էր դիմացը դրված, գրեթե ձեռք չտված խորոված մսին: Վաղուց բար չէր մտել, չնայած մի ժամանակ այս բարի մշտական հաճախորդն էր: Ամուսնությունից հետո կամաց-կամաց դադարել էր հաճախել: Հիմա այստեղ ամեն ինչ փոխվել էր` թե´ աշխատողները, թե´ կահավորանքը: Չորս կողմը նայեց ու սրտի ցավ զգաց. ուր հայացքը հառում էր, հիշողության մեջ հառնում էին իր երիտասարդության տարիները: Այդ պահին նա զգաց թե որքան է ինքը ծերացել: Հուսահատություն պատեց, անվերադարձ կորցրած հնարավորությունների համար խոր ցավ զգաց ու մի բաժակ էլ խմեց:

 

Տրամադրությունը վատ էր: Հիմա, երբ արդեն բոլորել էր իր կյանքի 5-րդ տասնամյակը, իսկը ժամանակն էր ետ նայելու ու ապրած կյանքի մասին ինքն իրեն հաշվետվություն տալու: Ու այս տարիքում նա ստիպված էր ինքն իրեն խոստովանել, որ փաստորեն անհաջողակ է դարձել, կյանքն իզուր է անցել և ծերության շեմին ոչինչ չունի` ո´չ ընկերներ, ո´չ հարազատներ, ո´չ մեկն, ում մոտ մխիթարություն կարող է գտնել: Ու ամենացավալին այն է, որ այսպիսի տխուր արդյունքի համար միայն ինքն է մեղավոր:

Հա, կին ունի, ով մշտապես թթված, դժգոհ դեմքով խորտակեց իր կյանքը, իր մեջ վերջնականապես կործանեց արարելու, ինչ-որ բանի հասնելու ցանկացած ցանկություն: Կին, սառը վերաբերմումքը տեսնելով` բոլոր ընկերները մեկը մյուսի ետևից անխոս սկսեցին հեռանալ: Նույնը հարազատների հետ կատարվեց: Ու այսպես, իր համար աննկատ, կամաց-կամաց ինքը հայտնվեց մենության մեջ: Հիմա գիտակցում է, որ ժամանակին այդ ամենը չի նկատել, քանի որ ողջ ուշադրությունը նվիրել էր կնոջը: Իրեն անընդհատ թվում էր, թե քիչ է անում, էլի մի քիչ էլ ու ամեն ինչ կկարգավորվի, բայց այդպես էլ ոչինչ չկարգավորվեց:

Որդին, որ իրականում կնոջ որդին էր, (իրենն այդպես էլ չունեցավ) նույնպես հիմա իրեն բանի տեղ չի դնում: Երկուսին էլ հետաքրքրում է միայն իր բերած փողը, ուրիշ ոչինչ: Ինքը հոգնել է ամբողջ կյանքում կնոջ առջև արդարանալուց, մեղավոր զգալուց, նրա նազուտուզը հանդուրժելուց, նրա մասին հոգ տանելուց: Մշտապես իրեն դիմավորելիս կնոջ թթված դեմքը հիշելիս` հիմա անգամ ատելությամբ է լցվում:

Որդին, որ սկզբից սիրում էր իրեն, հիանում և փորձում ընդօրինակել, կիսվում իր մտավախություններով ու ծրագրերով, խորհուրդ հարցնում, և ում համար ինքը բացարձակ հեղինակություն էր, հիմա փոխվել է: Երևի տեսնելով մոր վերաբերմունքը` հիմա ինքն էլ արհամարհում է հորը…

…Վերջին կաթիլն այսօր որդու արարքն էր: Որդին որոշել էր կնոջ հետ մեկնել ԱՄՆ մշտական բնակության` իր կնոջ հարազատների մոտ, սակայն իրեն այդ մասին ասաց միայն այսօր` այսինքն` այն ժամանակ, երբ գումար էր պետք տոմս գնելու համար: Իր հարցին, թե ինչու է այդ մասին միայն հիմա ասում, որդին պատասխանեց.

- Դե ի՞նչ ասեի, մաման տեղյակ էր, թող ինքը քեզ ասեր:

- Բա մաման ինչի՞ չի ասել:

- Էդ արդեն իրեն հարցրու:

- Տղա ջան, մի՞թե քեզ վատ եմ վերաբերվել, մի՞թե օտար ենք, ինչի՞ համար ես ինձ հետ այդպես վարվում:

- Լա´վ էլի, էլի սկսեցի՞ր: Հերիք նվնվաս: Ի՞նչ եմ արել, որ Նարեկացու ողբն ես կարդում. ո˜նց կլինի` ժամանակին չեմ ասել: Չեմ ասել, որովհետև դեռ ոչինչ պարզ չէր, հիմա եմ ասում, ի՞նչ տարբերություն, հիմա ասա փող կտա՞ս, թե՞ ուրիշ տեղ փնտրեմ,- սառը տոնով, ճիշտ և ճիշտ մոր նման, պատասխանեց որդին:

- Կտամ, ճարս ինչ,- կոտրված պատասխանեց ինքը:

- Ե՞րբ, արագացնել է պետք:

- Մի երկու օրից:

- Լավ, մի երկու օրից կմտնեմ մոտդ` փողը վերցնելու: Դե հաջող:

Ասաց, ու դուրս եկավ: Ոչ մի ջերմ խոսք, ոչ մի…: Կարենը մի բաժակ էլ խմեց: Ցավը, վիրավորանքը խեղդում էին, լացը գալիս էր: Ինչո՞ւ, ո՞ր մեղքի համար: Ինչո՞ւ այդպես ստացվեց… Կարենը պատվիրեց օղու նոր շիշ: Շիշը դնելով սեղանին` մատուցողուհին մտահոգ հարցրեց.

- Ձեզ հո բան չի՞ պատահել, միգուցե բավակա՞ն է: Ախր արդեն երրորդ շիշն եք խմում, իսկ ուտելիքին գրեթե ձեռք չեք տվել:

Կարենը տխուր ժպտաց, վերջին երեսուն տարվա ընթացքում այս մատուցողուհին, երևի, միակն է, որ իր համար անհանգստանում է:

- Շնորհակալ եմ հոգատարության համար, բայց ոչինչ, ամեն ինչ կարգին է, հիմա կսկսեմ ուտել:

- Տես է, օտար, անծանոթ մարդ է, բայց անհանգստանում է իմ համար, իսկ իմո՞նք,- տխուր մտածեց և բացեց օղու նոր շիշը: Օղու համն արդեն զզվելի էր, ճիշտ և ճիշտ` իր կյանքի նման: Զգաց, որ ապրելն արդեն զզվելի է դարձել: Էլի ընկավ հիշողությունների գիրկը ու վերհիշեց իր կյանքի վերջին երեսուն տարին:

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, զորակոչվեց խորհրդային բանակ: Ծառայեց դեսանտային զորքերում, ծառայությունից հետո կարճ ժամանակով վերադառնալով Հայաստան` մեկնեց Մոսկվա: 90-ակաների սկզբներին շատերն էին այդպես վարվում: Այն ժամանակ մի փոքր հաջողություն և հմտություն ունեցողները կարողանում էին արագ հարստանալ:

Ինքը երիտասարդ էր, գեղեցկադեմ, ատլետիկ կազմվածքով, աչքաբաց, կարողանում էր հարկ եղած դեպքում հմայիչ և համոզիչ լինել: Մոսկվայում ուներ ծառայակից ընկերներ ու կարճ ժամանակում կարողացավ մի ամբողջ կարողություն դիզել: Օգնում էր հարազատներին, վայելում կյանքը ու կարծում էր, որ ամեն ինչ հավերժ այդպես պիտի լինի:

Սակայն շուտով ժամանակները փոխվեցին. փոխվեց և Մոսկվան: Չեչենական պատերազմի ընթացքում և դրանից հետո վերաբերմունքը կովկասցիների նկատմամբ վատացավ: Դա զգացվում էր ամենուր: Ռուսական հայտնի նախանձը գլուխ բարձրացրեց: Սկսեցին կովկասցի գործարարներին հետապնդել: Այն ժամանակներում առանց օրենքը խախտելու հնարավոր չէր Մոսկվայում ինչ-որ բան վաստակել: Այնպես որ` ցանկացած գործարարի օրենքի սահմաններում կարողանում էին պատժել: Հազվադեպ էին բանտ նստեցնում, բայց խլում էին նրանց ստեղծած գործը: Ռուսները իրենք չէին կարողանում սեփական գործ ստեղծել, բայց իշխանությունների օգնությամբ տեր էին դառնում արդեն ստեղծված գործին: Կովկասցի գործարարից խլում էին ամեն ինչ ու դատարկ գրպանով տուն ուղարկում: Երբ սկսեցին նեղել իր շրջապատի մարդկանց, ինքը չսպասեց, որ հերթն իրեն հասնի: Գործի դնելով իր կապերը, մեծ գումարներ ծախսելով, կարողացավ իր փողն ու գործը Հայաստան տեղափոխել: Դա 1996 թվականն էր: Երևանում խանութների ցանց բացեց: Սկզբում ամեն ինչ լավ էր. Երևանի կենտրոնում երկու սենյականոց բնակարան, արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա գնեց: Ամեն ինչ լավ էր: Սակայն ինքը միայն իր մասին չէր մտածում, աշխատում էր ինչով կարող է` օգնել նաև ուրիշներին:

Այդ օրերին էր, որ նկատեց Նունեին` իր հարթակի հարևանուհուն: Նունեն մեկ սենյականոց բնակարանում բնակվում էր մոր և փոքրիկ որդու հետ: Հարևանների հետ գրեթե չէր շփվում, մայրը վատառողջ էր, երեխան փոքրահասակ: Բարեկազմ, գեղեցկադեմ Նունեն միանգամից դուր եկավ իրեն: Թախծոտ աչքերը, հպարտ հայացքը իրեն շատ արագ խելքահան արեցին:

Այն, ինչ իմացավ հարևաններից, մինչև հոգու խորքը հուզեց իրեն: Ինքը` նախկին դեսանտայինը, ֆիզիկապես ամուր և ուժեղ տղամարդը, պատերազմին չմասնակցեց: Եվ այն ժամանակ, երբ ինքը Մոսկվայում կյանքն էր վայելում և փող աշխատում, այս փխրուն աղջիկը` Նունեն կամավոր մեկնել էր Արցախ, զենքը ձեռքին կռվել թշնամու դեմ: Հանդիպել ու ամուսնացել էր մի ազատամարտիկի հետ, որը հետագայում հերոսի մահով զոհվել էր: Հիմա էլ մշտական աշխատանք չուներ. միայնակ հոգ էր տանում հիվանդ մոր և փոքրիկի մասին, ոչ ոքից ոչինչ չէր խնդրում, չէր բողոքում… Կյանքում երբեք չէր ամաչել այնպես, ինչպես ամաչում էր հիմա: Խղճի խայթը խեղդում էր իրեն և ինքն իրեն խոստացավ, որ ամեն ինչ կանի Նունեի ընտանիքին սատարելու համար: Նունեի մայրը հիվանդ էր, նրան անհրաժեշտ էին թանկարժեք դեղորայքներ: Իմացավ, թե ինչ դեղեր են անհրաժեշտ, գնեց դրանք և մի օր ցերեկը, երբ Նունեն տանը չէր, այցելեց նրանց տուն: Դուռը բացեց մեծահասակ, սպիտակած մազերով մի կին: Ծանր էր շնչում, դժվարությամբ էր շարժվում: Նա հարցական նայեց իրեն:

- Բարև ձեզ, ես ձեր նոր հարևանն եմ,- սկսեց ինքը:

- Բարև, ինչ-որ բա՞ն է պատահել…

- Չէ, ոչինչ…, ուղղակի ցանկանում էի ծանոթանալ, կարելի՞ է ներս մտնել:

- Մտեք,- դռնից մի կողմ քաշվելով` ասաց կինը:

- Ես Կարենն եմ, ձեր նոր հարևանը:

- Աշխեն Հայրապետովնա, նախկին ուսուցչուհի,- թույլ ժպտաց կինը:- Ձեզ ինչ-որ բա՞ն է պետք:

- Աշխեն Հայրապետովնա, Աստծո սիրուն կներեք, ուղղակի ես իմացա, որ մի փոքր հիվանդ եք, և համարձակվեցի իմ փոքր օգնությունն առաջարկել, այստեղ դեղեր են,- ձեռքի փաթեթը մեկնելով կնոջը` սկսեց ինքը:

- Խնդրում եմ, մի´ մերժեք…

Իր խոսքերը այնքան անկողծ հնչեցին, որ կինը զինաթափված ժպտաց.

- Լավ, տեսնեք, թե ինչ եք բերել. այո, այս դեղերը ինձ պետք էին…

- Շնորհակալ եմ, ես գնամ,- ոտքի կանգնելով ասաց ինքը,- ճիշտն ասած, ես ցանկանում էի նաև հետս միրգ ու… բայց չհամարձակվեցի: Կարելի՞ է հաջորդ անգամ դրանք էլ բերեմ:

- Դուք դեռ հաջո՞րդ անգամ էլ եք ցանկանում այցելել ինձ:

- Այնքան, որքան հարկ կլինի: Իսկ հիմա կներեք, ես պիտի գնամ, գործեր ունեմ:

- Այս ո՞ւր, սպասեք, հիմա սուրճ կդնեմ:

- Չէ, շնորհակալ եմ, շտապում եմ, առողջ եղեք, ու հիշեք` ցանկացած հարցով կարող եք դիմել ինձ, ինչպես կդիմեիք ձեր որդուն:

Կինը շփոթված իրեն էր նայում, իսկ ինքը համբուրելով կնոջ ձեռքը սենյակից դուրս եկավ:

Երեկոյան հարթակում տեսնելով Նունեին` բարևեց, Նունեն այս անգամ պատասխանեց բարևին: Ինքը դրանից համարձակություն ստանալով` ասաց.

- Կներեք Նունե, կարող եմ ձեզ անունով դիմել:

- Կարող եք…

Հաջորդ օրը հարևաններից իմացավ, թե բակում խաղացող երեխաներից որն է Նունեի որդին: Նիհար, աղքատիկ հագնված, գեղեցկադեմ տղան մի կողմ քաշված` նայում էր ուրախ խաղացող հասակակիցներին: Սիրտը ճմլվեց, մի քանի օր հետևելուց հետո մոտեցավ, նրան հյուրասիրեց քաղցրավենիքով: Մտերմացավ նրա հետ: Երեխան թուլակազմ էր. ինքը սկսեց մարզել նրան, պաշտպանել մյուս երեխաներից, հաճախակի տանում էր մոտակա սրճարանն ու հյուրասիրում: Երեխայի սիրտը շահելը դժվար չէ, մանավանդ, եթե նա անհայր է մեծանում: Մի քանի քաղցրավենիք, փոքրիկ նվերներ, և երեխան կապվում է քեզ հետ: Բայց դա ժամանակ է պահանջում, իսկ ժամանակ ինքը չուներ, ստիպված էր բիզնեսը անտերության մատնել: Կարճ ժամանակ հետո ինքը, փաստորեն, փոխարինեց երեխայի հորը, ում կարիքը նա ամենից շատ ուներ: Երեխան սկսել էր վստահել իրեն, կիսվել իր փոքրիկ խնդիրներով: Մոտ մեկ ամսից երեխան ամեն անգամ իրեն տեսնելիս ուրախ թռչկոտելով վազում էր ընդառաջ, փարվում իրեն: Ինքը նույնպես կապվել էր երեխային` կարծես թե իր հարազատը լիներ:

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ