3000 դոլար` 150 կգ մետաղադրամով


Ֆույան քաղաքի բնակիչ Լյան Լյանի ամուսնական մատանին արժեցել է շուրջ 3 հազար դոլար: Չինացի 30-ամյա երիտասարդին այդ գինը չի վախեցրել և սիրով վճարել է: Բայց... 150 կգ քաշ ունեցող մետաղադրամներով: Գումարը նա խանութ է հասցրել մեծ պայուսակով` եռանիվ հեծանիվին մի կերպ հարմարեցրած: Մետաղադրամները փաթաթված էին թերթերի հսկա կապոցներով: Տղան պարզապես կատարել է 20 տարի առաջ սիրած կնոջը տված իր խոստումը (տեղեկացրել է AsiΖ One-ը):

Նպատակասլաց է գտնվել Լյան Լյանը. դեռ 10 տարեկանում իր համադասարանցի աղջկան խոստացել էր, որ երբ մեծանա` գումար է վաստակելու և ամուսնանալու է նրա հետ: Ու ամբողջ 20 տարի գումար էր հավաքել, հասել նպատակին:

Ոսկերչական խանութի աշխատակիցները սկզբում տարակուսել են, բայց լսելով տղամարդու պատմությունը` այնքան են հուզվել ու հիացել, որ ամբողջ կես օր համբերատար կերպով հաշվել և ընդունել են մետաղադրամները: Իսկ հարսնացուն երջանկությունից արտասվել է մատանին տեսնելով և ասել է, որ պատրա´ստ է դառնալ այդքան նպատակասլաց տղամարդու կինը:

Հետաքրքրական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ չինացիները թանկարժեք իրեր են գնում մանրադրամով: Օրինակ, հունիս ամսին Շենյան գավառի մի բնակիչ էլ 106 հազար դոլարանոց ավտոմեքենա էր գնել` վճարելով 4 տոննա մետաղադրամ: (GYUnews):