Հա՞ որ...


ՄԵՐ բոլոր պաշտոնյաների ամենասիրելի թեմաներից մեկը տնտեսվարողների իրավահավասարության թեմայով ժամանակ առ ժամանակ, բայց հիմնավոր փաստարկներով խոսելն է: Երևույթը կարևորելուց անկախ, տրամաբանությունը, որ կարմիր թելի նման անցնում է բոլորի բոլոր ելույթներում, հետևյալն է. «Բռնեք գողին, ու պատկան մարմինները նրա հերը կանիծեն»: Հետո էլ ասվում է, որ կոռուպցիան շատ վատ բան է, ու այդ աղետի դեմ գիշեր-ցերեկ պայքարել է պետք: Բայց խոսքն այս դեպքում ոչ թե կոռուպցիայի, այլ տնտեսական դաշտում առաջ եկած մի նոր անհավասարության մասին է, ինչը միանշանակ ընդունելության հաստատ չի արժանանալու: Այսպես, կանոնադրական կապիտալը մեծացնելու պատրվակով հանրային հեռուստաընկերությունը, ինչպես հայտնի է, ազատվել է նախորդ տարի ստացված շահույթներից` պետական բյուջեին փոխանցելիք վճարումներից: Հանրայինի համար 2008-ը հեռակա տպավորությամբ փողաշատ տարի է եղել. ֆինանսատնտեսական ճգնաժամը դեռ չէր հորինվել, ու գովազդները հեղեղի նման էին սփռվում, իսկ Նախագահի ընտրություններն էլ քաղաքական գովազդից ստացվելիք կլորիկ շահույթներ ապահովեցին: Ու թեև պետբյուջեն զրկվեց բավական լուրջ գումարներից, սակայն տեղեկատվության ոլորտի համար լավագույն նախադեպ ստեղծվեց, ինչը բազմաթիվ լրատվամիջոցների համար կենսական անհրաժեշտություն է: ՀԱՆՐԱՅԻՆԻ հանդեպ դրսևորված որքան անսպասելի, նույնքան էլ մեծահոգի վերաբերմունքին, սակայն, ոչ բոլորը «ըմբռնումով» վերաբերվեցին: Համեմատաբար ոչ այնքան լավ վիճակում գտնվող և ճգնաժամին զուգընթաց գովազդի պակասից դժգոհող մյուս հեռուստաընկերություններն այս տարբերակումը, հաստատ, սիրով և ոգևորությամբ չեն ընդունի: Է°լ ավելի դժվարին ֆինանսական դժվարություններ հաղթահարել փորձող հայաստանյան տպագիր մամուլը նույնպես մեծ է հավանականությունը, որ առիթն օգտագործի ու եղած հարկերից ազատվելու հին խնդիրը նորից օրակարգային դարձնի: Դե իսկ մարզային թերթերը, որոնք 90-ականներից մոռացվել և ներկայում լինել-չլինելու կենսական խնդրի առաջ են ուղղակիորեն հայտնվել, վարչապետի հետ կայացած հանդիպմամբ թերևս գոյատևման խնդիրը լուծելու պարզ ցանկությունն էին ձգտում լուծված տեսնել: Հիմա ու դեռ էլի երկար ժամանակ ԶԼՄ-ների` իբրև տնտեսվարողների հավասարության մասին խոսելիս, ակամայից առաջ է գալու հետևյալ անբացատրելի հակադրությունը. հանրայիննն ազատվել է հարկերից (հրաշալի է), մինչդեռ թեկուզ աննշան տպաքանակ ու քիչ աշխատատեղեր ապահովող և մշտապես լինել-չլինելու գերխնդիրը հաղթահարել ձգտող լրատվամիջոցները ճռռում են հարկային թեկուզև ոչ մեծ, բայց դժվարությամբ վճարվող բեռից: ՊԱԿԱՍ անմխիթար չէ նաև հայկական կայքերի վիճակը, թեև խոսքն այս դեպքում նյութական հնարավորությունների մասին չէ: Նախորդ շաբաթ մեկ անգամ ևս համոզվեցինք, որ տեղական ինտերնետային էջերն այնքան անպաշտպան են, որ ցանկացած մոլագարի գրոհը անգամ, եթե հարձակումը դրսից է կազմակերպվում, լիարժեք հաջողությամբ է պսակվում: Այսպես եղավ նաև ադրբեջանցի համակարգչահենների պարագայում, երբ այդ երկրի մի քանի քաղաքներից միաժամանակյա հարձակում կազմակերպվեց հայկական մի քանի մասնավոր ու պետական կայքերի դեմ… Արդյունքում` երկար ժամանակ պահանջվեց` ադրբեջանցի մոլագարների հրահրած կայքային պատերազմի հետևանքները վերացնելու համար: Իր հերթին վաղօրոք մշակված և լավ կազմակերպված հարձակումը համապատասխան ոլորտի մեր մասնագետներին վերջապես առիթ տվեց` կայքերի պաշտպանվածութ յան մասին ևս մտածելու: Եվ իրոք, մեր ժամանակներում, երբ մոլորակի ամեն 50-60 բնակչին արդեն միջին հաշվով մեկ կայք է բաժին ընկնում, պետք է դրանց անխոցելիության մասին նույնպես մտածել: Առավել ևս մեր պարագայում չպետք է անտեսել ոչ այնքան բարյացակամ հարևաններ կամ արտաքին թշնամիներ ունենալու կարևոր հանգամանքը հատկապես: