Ստորջրյա զբոսա՞նք պարզապես


Օրեր առաջ Պենտագոնից ու հետախուզական ընկերակցությունից ստացված տեղեկատվությանը հղում կատարելով` «Նյու-Յորք թայմս»-ը լրատվություն էր տարածել, որ վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ Միացյալ Նահանգների ծովային սահմանների մերձակայքում նկատվել են ռուսական 2 գրոհային ատոմային սուզանավեր: ՌԴ ռազմածովային նավատորմի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ ռազմական ծառայությունը երբեք չի դադարացվել: Սուզանավերից մեկը ծովափին ընդամենը 320 կիլոմետր հեռավորության վրա է գտնվել, ինչը, ըստ հրապարակման` հարուցել է Պենտագոնի և հետախուզական մարմինների անհանգստությունը: Հոդվածի հեղինակն այդ միջադեպը որակել է որպես արձագանք այն «սառը պատերազմի», երբ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը միմյանց բռունցք էին ցույց տալիս, պատերազմի պատրաստվում և իրարից ռազմական գաղտնիքներ փախցնում: Ամերիկայում կարծում են, թե նման գործողություններով ռուս զինվորականներն ուզում են հիմնավորել, որ իրենք «խաղացողներ են` Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական գործերում»: Նշյալ հրապարակմանն ի պատասխան` ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն մեջբերել է ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը. - Նույնիսկ նավատորմի համար ամենածանր ժամանակներում` անցյալ դարի 90-ական թթ. կեսերին, ռուսաստանյան սուզանավերը ծով էին դուրս գալիս` մարտական հերթապահության ու պարեկության: Այդ պրակտիկան շարունակվում է և հիմա: