Հաշտության եզր կգտնե՞ն


Ռուս-ուկրաինական հարաբերություններում հերթական սեպը խրվեց անցյալ շաբաթ` երբեմնի եղբայրական հանրապետությունների ղեկավարների նամակագրությամբ: Վ. Յուշչենկոն, իր հիասթափությունը չթաքցնելով հանդերձ, ՌԴ նախագահին ուղղված պատասխան նամակը բարիդրացիության ակնկալիքով էր ավարտել. - Ես վստահ եմ ուկրաինա-ռուսաստանյան հարաբերությունների լավ ապագայի համար, որոնք խարխսվում են մեր երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և բարի դրացիության խորունկ ավանդույթների վրա և որոնք ակնհայտորեն ավելի ամուր են, քան քաղաքական առանձին շրջանակների հետաքրքրությունները և կախված չեն քաղաքական իրավիճակային պահից: Ուկրաինայի նախագահի նամակն, իհարկե, անտարբեր չէր կարող թողնել հայրենի խորհրդարանին: Գերագույն Ռադայի խոսնակ Վլ. Լիտվինն առաջարկել է անհապաղ (սեպտեմբերից ոչ ուշ) ձևավորել միջխորհրդարանական հանձնաժողովներ և հրավիրել Ռադայի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության նիստեր` ռուսաստանցի իրենց գործընկերների մասնակցությամբ: Նպատակը, բնականաբար, երկկողմ հարաբերությունների խորացող ճգնաժամը կանխելն ու հաղթահարելն է: - Ուկրաինայի Գերագույն Ռադան մեծ նշանակություն է տալիս ուկրաինա-ռուսական բեղմնավոր ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը և հետևողականորեն ջանքեր է ներդնում նրա ամրապնդման համար` հանուն մեր բարեկամական երկրների,- Դաշնային խորհրդի նախագահ Ս. Միրոնովին և Պետդումայի խոսնակ Բ. Գրիզլովին ուղղված իր նամակում գրել է Վլ. Լիտվինը: Ռուսաստանում, սակայն, հարաբերությունների ջերմացման հեռանկար չեն տեսնում` Ուկրաինայի ներկա իշխանությունների պարագայում: Դմիտրի Մեդվեդևն իր այս կարծիքը հրապարակել է մամլո ասուլիսում` մասնավորեցնելով. - Նորմալ հարաբերությունների վերականգնման հեռանկար ես հիմա չեմ տեսնում` գործող ղեկավարների պարագայում: Կարող է ինչ-որ բան տեղի ունենա, և իրավիճակը փոխվի: Ես միայն ուրախ կլինեմ: Բայց առայժմ այդպիսի հեռանկարներ չեմ տեսնում: ՌԴ նախագահը նաև մեկնաբանել է իր որոշումը, թե ինչու դեռևս չի պատրաստվում Ուկրաինա ուղարկել իր իսկ նշանակած դեսպան Միխայիլ Զուրաբովին: