Նախագահական համեստություն


Վերջերս Ուկրաինայի նախագահի ավագ որդու հարսանյաց հանդեսը զարմացրել է բոլորին… Երկրի առաջնորդի ժառանգ Անդրեյի և նշանավոր հեռուստահաղորդավարի քրոջ` Ելիզավետայի ամուսնության արարողությունը ոմանք որակել են որպես «ճգնաժամի արձանագրություն»: Փեսացուի Նախագահ հայրը ամուսնության գրանցման պալատ հասել է իր համար ավանդույթ դարձած ուշացումով: Նրա գալուց դեռ 3 ժամ առաջ անձնական պահակախումբն արդեն զբաղեցրած է եղել տարածքի բոլոր «բարձունքները», իսկ ԶԱԳՍ-ն աշխատանքն ընդհատել է մի քանի ժամով: Արարողությանը ներկա է գտնվել Անդրեյի հարազատ մայրը` Վիկտոր Յուշչենկոյի առաջին կինը` Սվետլանան: Սակայն աշխատանքային ընկերներ, պաշտոնյաներ, առավել ևս` որևէ լրագրող այնտեղ չի եղել (բացառությամբ «պալատական» լուսանկարչի): Ասում են` հարսնացուն իր հարուստ զգեստապահարանից ընտրել էր ամենահամեստ զգեստը` անվանի Valentino-ի աչքի չընկնող հանդերձանքներից: Նույնիսկ ամուսնական ճամփորդություն կարող է չլինել… Արդյո՞ք ճգնաժամը կապել է նախագահական ընտանիքի ձեռքերը: «Չարալեզու» «հեռատեսները», սակայն, հուշում են` ընդամենը ամիսներ անց (2010-ին) Ուկրաինայում նախագահի ընտրություններ են, և «ավելորդ» շքեղությունները նախընտրական հակաքարոզչության հարուստ նյութ կարող էին դառնալ: