«Կաթնային պատերազմ»


Անասնաբուժության և բուսաբուժության հսկողության ծառայությունն անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, որ օգոստոսի 17-ից սահմանափակելու է Լիտվայից կաթնամթերքի ներմուծումը` դրանցում հակաբիոտիկներ հայտնաբերելու պատճառով: Լիտվան, իհարկե, հերքել է իր հասցեին հնչած այդ մեղադրանքը: Ռուսգյուղվերահսկողությունը մասնավորեցրել է, որ արգելվում է հատկապես 3 ձեռնարկությունների արտադրանքը (Zemaitijos pienas, Pieno zvaigzdes և Rokiskio pienas): Մասնագետները պնդում են, որ տետրացիկլինի մնացորդներ են գտնվել ներկրված կարագի, թթվասերի և կաթնաշոռի մեծ խմբաքանակներում: Ու թեև դրանք համապատաս խանում են Եվրամիության չափանշվածքներին, բայց Ռուսաստանի օրենքներով դա անթույլատրելի է: Լիտվայում էլ հավաստիացնում են, որ նշյալ ձեռնարկություններն աշխատում են ռուսաստանյան ստանդարտներով, իսկ գյուղվերահսկողության դժգոհությունները պայմանավորված են երկու երկրների միջև առկա քաղաքական տարաձայնություններով: Մասնավորապես, ռուս-լիտվական հարաբերություններում լուրջ հիմնախնդիր է դարձել Մաժեյկյայ քաղաքի գիտաարտադրական գործարանը, որը լիտվացիները վաճառել են լեհերին, այլ ոչ թե ռուս ներդրողներին: Ի պատասխան` Ռուսաստանն էլ դադարեցրել է նավթի մատակարարումը «Դրուժբա» նավթամուղով` խողովակի վերանորոգման պատրվակով: Մոսկվայում դժգոհ են Լիտվայի կառավարությունից` Վրաստանի և Ուկրաինայի եվրաատլանտյան ձգտումներին սատարելու համար… Այսուհանդերձ, Մոսկվան ընդգծում է, որ կաթնամթերքային իրենց դժգոհությունները բոլորովին կապ չունեն քաղաքականության հետ: