Թոռնուհին վաճառում է Օնասիսի կղզին


Հանգուցյալ նավատեր Արիստոտել Օնասիսի թոռնուհին որոշել է վաճառել կալվածատիրոջ ընտանիքին պատկանող Սկորպյոս կղզին` Իոնական ծովում: Լոնդոնյան խոշոր ընկերություններից մեկն արդեն վաճառքի պատվեր է ստացել, իսկ պահանջվող գումարի չափը գերազանցում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգը: Հավանական գնորդների շարքում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և երգչուհի Մադոննան: Ի դեպ` երիտասարդ միլիարդատիրուհու մտերիմները չեն հաստատել կղզու վաճառքի մասին լուրերը: Ավելին, Աթենքի «Ալֆա» հեռուստաալիքով Բրազիլիայում հունական դեսպան Կոնստանտինոս Կուտրոնակիսն ասել է, որ վերջերս հանդիպել է Աֆինային, և վերջինս հերքել է տարածված լուրերը: 1968 թվականին գեղանկար հիշեցնող անտառապատ այդ կղզում է տեղի ունեցել Օնասիսի և ԱՄՆ-ի երբեմնի առաջին տիկին Ժակլին Քենեդիի հարսանիքը: Կալվածատրոջ միակ ժառանգորդուհի Աֆինան Հունաստանում գրեթե չի ապրել և խիստ հազվադեպ է կղզի այցելում: Իսկ այնտեղ շքեղ առանձնատնից բացի նաև փոքրիկ գերեզմանատուն կա, ուր հանգչում են Արիստոտել Օնասիսը, նրա Ալեքսանդրոս որդին և Քրիստինա դուստրը` Աֆինայի մայրը: