ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ


Անորոշությունը դեռ երկու տարի առաջ դարձավ մեր ներքաղաքական կյանքի անբաժան ուղեկիցը: Անմեկնաբանելի քաղաքական տրամաբանությամբ ձևավորվեց իշխանական կոալիցիա, իսկ գործադիր պաշտոնյաների աշխատասենյակներ տանող ուղեգրեր չստացած խորհրդարանական ու մյուս բոլոր կուսակցություններն ակամա դարձան ընդդիմադիր: Առավել բազմանուն, բայց սակավանդամ այս ընդդիմության շարքերում, իհարկե, կային մանր-մունր կուսակցություններ, որոնք ՀՅԴ-ից, ՕԵԿ-ից ու ԲՀԿ-ից ավելի մեծ ոգևորությամբ կհայտարարեին, թե ընդունում ու պատրաստ են իրագործել Հանրապետականի ծրագիրը: Սակայն նրանց դիրքորոշումները բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժին չէին հետաքրքրում, քանի որ մատուցած աննշան ծառայությունների համար սրանց գոնե էժան ուղեգրերից բաժին պետք է հանվեր: Արհամարհվածի վիրավորվածությամբ ու արժանիորեն չգնահատվածի հուսահատությամբ այս ուժերը նախ միամտաբար հաստատեցին, որ իրենք, այո°, ընդդիմություն են` քանզի իշխանություն չեն: Ապա շատ արագ հասկացան, որ իրենց այս «սպառնալիքը» ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև մատնում է սեփական գաղափարականության բացակայությունը, այլընտրանք լինելու անկարողութ յունը: Ակներև դարձավ, որ մեր քաղաքական դաշտում իշխանության նկատմամբ քաղաքական դիրքորոշումները պայմանավորվում են «կերակրամանից» ունեցած հեռավորությամբ: Արմատական ծայրահեղ ընդդիմությունը, այս առումով, բացառություն է, քանի որ ցանկանում է ինքը լինել կերակրամանի միակ տերը: Մանր ու միջին քաղաքական «ՍՊԸ»-ների հաջորդ հուսահատ քայլը, եթե հիշում եք, է°լ ավելի զավեշտալի էր: Սրանք որոշեցին «Երրորդ ուժ» ձևավորել: Ով ում հետ ասես, որ «ամուսնանալու» փորձ չարեց, բայց անգամ հրապարակային «խնամախոսություններն» ու սադրանքի նմանվող «խոսքկապները» ոչ մի դեպքում ոչ մի արդյունք չտվեցին: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ քաղաքական թշվառությունը գումարվելով` պարզապես ավելի տեսանելի է դառնում, իսկ անհեթեթությունը բազմապատկվում է: Իշխանական կոալիցիայի անկապության ու քաղաքական փաստացի չգոյության, եղած ընդդիմության անիմաստ գործունեության ու ամլության պայմաններում միանգամայն օրինաչափ է, որ բոլոր առումներում խաղից դուրս մնացած մանր-միջինները քաղաքական հեռանկար չունեն ու կարող են որոշ իրավիճակներում պիտանի լինել միայն մեկանգամյա օգտագործման համար: Ովքեր ավելի շուտ հասկացան այս իրողությունը, մի կողմ դրեցին քաղաքական փառասիրությունը, կուսակցական հավակնոտությունն ու գաղափարական ուղղվածությունը, ձեռքը վերցրին մոռացված գործիքները և ով ինչպես կարողացավ` սկսեց իշխանահաճո բաներ նվագել: Մեկը դատարկ դհոլով հնչեցրեց` թե ամեն ինչ լավ է, լուծեց իր միաբանված «ՍՊԸ»-ն պահել- կերակրելու հարցերն ու տևական ժամանակ է` ծպտունը չի լսվում: Մյուսը սահմանադրական իրավունքների միջոցով խլեց իր հովվի շվին, ինդուլգենցիա ստացավ ու մինչև նոր գալուստ դամ է քաշելու: Մնացածները կամ հաճոյանալու իրենց պահը կորցրին կամ պատեհությանը անվերջ սպասելու պատրաստականությամբ ընդհուպ մոտեցան նոր «քննաշրջանին»: Այս վիճակով էլ քաղաքական դաշտ կոչվածը գնում է համապետական ընտրություններին ընդառաջ: Իրենց քաղաքական ապագայի համար այսօր որոշակիորեն անհանգիստ են, առանց բացառության, բոլոր կուսակցությունները: Նույնիսկ նրանք, որոնց թվում է, թե հաղթահարելու են սահմանված արգելանքը, անորոշությունից կարկամած` չկշռադատված քայլեր են ձեռնարկում, քանի որ ենթագիտակցորեն հասկանում են , որ երկու տարի հետո գոյություն ունենալու համար ինչ-որ բան պետք է անեն: Սրանց հատկապես վախեցրել են անցյալ ընտրությունների դասերը: Վերջին երկու-երեք տարիներին կուտակածը կորցնելու վտանգից սրանք հստակ գիտակցում են, որ կազմակերպական ձևականություններն ու ընտրական բիզնես-պլաններն այլևս ինքնախաբեություններ են: Կուսակցական շարքերում հարյուր հազարավորների անդամագրելն ու անհաշիվ ֆինանսներ վատնելը գուցե և հինգ տոկոսից ավելի արդյունք ապահովագրում է, սակայն այլևս միանշանակ երաշխիք չէ, քանի որ այդ կերպ անցյալ անգամ հաջողվեց ստանալ գրեթե նույնքան քվե, որքան վաստակել էր ավանդական ոչ զանգվածային կուսակցությունը: Առաջիկա ընտրությունների ժամանակ, ակներևաբար, խաղի կանոններն այլ են լինելու: Նկատի չունեմ, թե ժողովրդավարությունը մեր երկրում բացառիկ դրսևորում է ունենալու և ընտրությունների արդյունքները բացառապես որոշվելու են քաղաքական ուժերին ժողովրդի տված քվեներով: Պարզապես, Ընտրական օրենսգրքում նպատակային փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն, որոնք նախընտրական փուլում թույլ կտան կանխելու բոլոր անակնկալ թափանցումները խորհրդարան: Բանն այն է, որ նվազագույն ներայացվածություն ունեցող ուժի հետ խորհրդարանում մեծամասնություն կազմելու հերթապահ հնարավորությունը ոչ միայն չարդարացրեց իրեն, այլ նման հնարքներ կիրառելու կարիք արդեն չի լինելու: Եթե նկատի առնենք, որ առաջիկա ընտրություններից մոտ երկու տարի առաջ ՕԵԿ առաջնորդն առանց որևէ տեսանելի առիթի հայտարարում է, թե նախագահի թեկնածություն չի առաջադրելու, քանի որ հերթական խորհրդարանական ընտրություններից հետո էլ կոալիցիան գործելու է, ապա կարելի է մի քանի հետևություն անել: Առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորություն կստանան օրենքի բոլոր պահանջները բավարարող կուսակցությունները, իսկ իրական շարքեր ունեցող կուսակցությունները բացահայտորեն մեր քաղաքական դաշտում խիստ սակավ են: Նույնիսկ այսօրվա կոալիցիոն գործընկերները` ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն ապահովագրված չեն այլևս խորհրդարանական կուսակցություն չլինելու վտանգից: Ինքնաբերաբար, անգամ գրանցվելու շանս չեն ունենա «Հանրապետությունը», ՀԺԿ-ն, ԱԺՄ-ն ու միայն անունները պահպանած, բայց իրականում գոյություն չունեցող մյուս բոլոր կուսակցութ յունները: Շահարկումներն այս թեմայով նախընտրական փուլում, իհարկե, կսաստկանան, սակայն հասկանալի է, որ մեղադրանքներն անհիմն կլինեն: Հարկ չի լինի նաև ավանդական «դոբրոների» համար մրցակցել կամ առևտրի մեջ մտնել, քանի որ սահմանված արգելանքը հաղթահարելու ընդունակ բոլոր կուսակցությունները դաշինքներ կկազմեն` իշխանական ու ընդդիմադիր: Մրցակցութ յունը կլինի ժողովրդավարության ոգուն հարազատ` դաժան ու արդարացի: Ամեն ինչ կլինի հաշվարկված ու կանխատեսելի: Միայնակ պայքարի ելածները դժվարին փորձություններ կանցնեն, իսկ սրանց հաղթանակը պայմանավորված կլինի իրավիճակով: Արդյունքում քաղաքական ասպարեզից կհեռանան ոչ միայն անմրցունակ մանր կուսակցությունները, այլ հավանական է` նույնիսկ այսօրվա ամենամեծ ու զանգվածային կուսակցությունները: Գուցե, հենց սա է քաղաքական տիպային համակարգ ստեղծելու ճանապարհը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ