Մանկապատանեկան երաժշտաթրթիռներ


Մեր երկրի ներկա մշակութային մարտավարությամբ` «թանգարանային լռություն» արտահայտությունը կարծես թե կորցնում է թևավորի արժեք ձեռք բերած ենթիմաստը£ Գործող թանգարանների որոշ մասում, ժամանակ առ ժամանակ կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներով, խախտվում է այդ «լռության» մասին կարծրացած պատկերացումը հիմնական նշանակության հետ երբեմն որևէ առնչություն չունեցող մշակութային նախաձեռնություններով£ Մասնակիորեն հաղթահարվում է այդպիսով նաև համերգասրահների քանակի պակասը£ Հաճախացած միջոցառումներով հետաքրքրված մշտական այցելու-երաժշտասերների համար Արամ Խաչատրյանի տուն¬թանգարանն (տնօրեն` Արմինե Գրիգորյան) էլ մայրաքաղաքի երաժշտական առօրյան աշխուժացնող մշակութային օջախի նշանակություն է ձեռք բերել վերջին տարիների նպատակասլաց իր գործունեությամբ£ Համերգային բեղուն կյանքով ապրող երաժիշտ-մանկավարժ տնօրինուհու և ՀՀ մշակույթի նախարարության մի շարք նախաձեռնությունների անմիջական մասնակիցը լինելով` կամերային համերգասրահի արժեք ստացած կոկիկ դահլիճում կրկին համակվում եմ փոքրիկ երաժշտատոնի զգացողությամբ£ Այս անգամ առիթը Հայաստանի ժողովրդական արտիստներ, հանրաճանաչ երաժիշտ-մանկավարժներ Ավետ Գաբրիելյանի ու Սարգիս Ասլամազյանի անուններն ու վաստակը յուրովի մեծարող պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական VIII մրցույթի հրապարակային եզրափակումն է£ Այսպես պատշաճորեն իրազեկվեր հանրությունը (պաշտոնական համակարգող` Լիա Նիկոյան) մեզանում անցկացվող մրցույթների ընթացքին ու վերջնարդյունքին` առավել հավատընծա կդառնար դրանց նպաստավորությունը մշակութային բարձրարվեստ արշալույսներին£ Լուսավոր սրահը լեցուն էր 2 տարիքային խմբերի միջև կայացած մրցության 22 մանուկների ու պատանիների հարազատների, ուսուցիչների, արվեստասերների պրկված սպասումով ու ծաղկեփնջերով£ Հատկանշական էր, որ 1986¬ից ի վեր եռամյա պարբերականությամբ անցկացվող մրցույթի ոլորտում մեկտեղվել էին ոչ միայն մայրաքաղաքի, այլև ՀՀ 4 մարզերի ու Ստեփանակերտի 13 երաժշտակրթարանների շնորհալիները£ Մանկապատանեկան լավագույն շողարձակումների ընտրությանը մասնակցելու իրավունքը վառ անհատականացմամբ վաստակած ջութակահար Սյուզի Երիցյանից հավաքվածներին է փոխանցվում խանդավառության արտասովոր մի հարաճուն լիցք ևս` մրցանակաբաշխության արդյունքների բարձրաձայնմանը զուգընթաց£ Մրցութային հանձնախմբի նախագահ, Հայաստանի ժողովրդական արտիստ, ԵՊԿ նվագախմբային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդվարդ Թադևոսյանի վստահելի գործընկերն է արդեն որոշակի ժողովրդականություն վայելող երիտասարդ երաժիշտ-մանկավարժը թե Կոմիտասի անվան լարային քառյակի, թե կոնսերվատորիայի դասախոսական կազմում£ Աղջկական անմիջականությամբ հրճվում է, երբ իրեն հարազատացած նորելուկ երաժիշտները (գուցե` ապագա գործընկերները) շողշողում են մրցանակները ստանալիս, իսկ մրցարշավի հաղթողները վերստին հաստատում են իրենց արժանավորությունը ծրագրային երկացանկի տարաբարդ նմուշների վարժ ու ներշնչված կատարումներով£ Փոքրիկ Էլիզաբեթը, Անուշը, Արևիկն ու Հարությունը` Երևանից, Դավիթը` Արցախից (այս փոքրիկ «Պագանինին» հիշողությանս մեջ դաջվել էր «Արտուտիկ»¬յան եզրափակիչ համերգից), Նաիրան` Վանաձորից ու Միքայելը` Գյումրիից£ Խրախուսվում է մրցույթի երկրորդ փուլ անցած բոլոր 16 մասնակիցների երաժշտանվիրումը, աշխատասիրությունն ու բնատուր շնորհը£ Նաև` երեխաների հմտությունները զարգացնող տասնյակ մանկավարժների ամենօրյա ջանասիրությունը£ Երախտագիտությամբ են ընդունվում խորհրդանշական դրամական պարգևները£ ԵՊԿ¬ի, ՀԿԵ միության, «Երազարտ» ՀԿ¬ի, Արամ Խաչատրյանի տուն- թանգարանի, «Նոր անուններ» հիմնադրամի և Մարտին Հախնազարյանի կողմից սահմանած 13 հատուկ մրցանակների շնորհմամբ լիարժեքանում է ընդհանուր գնահատությունը£ Հավաքվածների ջերմ ընդունելությամբ` ամրապնդվում է ոչ միայն հարակից աջակիցների, այլև գլխավորի` ՀՀ մշակույթի նախարարության հավատը (տիկին Հասմիկ Պողոսյանն էլ չի թաքցնում գոհունակությունը) հայ երաժշտարվեստի վաղվա օրվա նորաբողբոջ «շինարարների» պատկառելի ներուժի հանդեպ£ Առանձնակի հույսեր է ներշնչում արժանիորեն քառակի մրցանակված թավջութակահար Հայկ Սուքիասյանը` ամենաերաժշտականը մրցակիցների խմբում£ Երևանի Սայաթ¬Նովայի անվան երաժշտական դպրոցի ուշիմ ու շնորհառատ սանը (ուսուցիչ` Տիրուհի Սարգսյան), ով մինչ այս մրցույթը հասցրել էր իր մասնագիտական հմտությունների վրա ուշադրություն գրավել «Վերածնունդ» փառատոնում և այժմ պատրաստվում է մասնագիտական կրթությունը շարունակել կոնսերվատորիայում, հիացրեց ներկաներին իր կատարողական վարպետությամբ ու երաժշտական ապրումների վարակիչ արտիստականությամբ£ Կարծում եմ, առաջին խոշոր այս հաղթանակով նորահայտ թավջութակահարը անհամեմատ դյուրին կառաջանա կայացման ճանապարհով£ Եթե, իհարկե, ներկա աջակիցները շարունակեն նույն պատրաստակամությամբ սատարել նրա վերընթացը£ Մանկապատանեկան հուսադրող ու կենսատու երաժշտաթրթիռները մշտակայուն հոգատարությամբ բյուրեղանալու, գունեղանալու են դեռ կարոտ£ Այս համոզմունքս խորանում է նույն հարկի տակ կայացած հաջորդ երաժշտատոնով£ Պաշտոնական կայուն աջակցությամբ միջազգային մրցույթներում տարած հաղթանակներով լայնորեն ճանաչված «Սպեղանի» երգչախումբը (գեղարվես տական ղեկավար և խմբավար` երաժշտագետ¬մանկավարժ Սարինա Ավթանդիլյան) CD տարբերակով թողարկած Կոմիտասի Սուրբ Պատարագի ուշագրավ կատարումն է հանրահռչակում` ինքնատիպ հմայքն իր մեկնաբանության հավաստելով որոշ հատվածների հնչեցմամբ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ