ՊԱՐԶԱՊԵՍ` ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ


 

Հայաստանյան որոշ ձեռնարկատերեր ու գործարարներ իրենց իսկապես անսահման լկտի են պահում` անցնելով բոլոր սահմաններն ու ամենաթողությունը դարձնելով կենսակերպ:

Ամենաթողությունն ինքնապաշտպանական բնազդ է նաև «Վալեքս գրուպի» համար, որի շատ ներկայացուցիչներ իրենց պահում են սանձարձակ, կարծես վերականգնում ֆեոդալական ժամանակների բարքերը: Այսպես, օրերս այս ընկերության անվտանգության ծառայողները Թեղուտ գյուղի մոտ ծեծի են ենթարկել մի գյուղացու այն բանի համար, որ մեքենայով փոշի է բարձրացրել: Չբավարարվելով այսքանով, ծեծի են ենթարկել նաև ճանապարհով անցնող մոտ 20 մարդու, իսկ 23 տարեկան Հրաչիկ Ղորթմազյանի էլ ոտքն են կոտրել: Պատճառն այն է, որ թեղուտցին բարձրաձայն արտահայտվել է` ասելով, որ հանքերի պայթեցման հետևանքով առաջացրած փոշին և դղրդյունը փլում է իրենց տները և աղտոտում օդը: Այս կերպ հանքարդյուն ավերության տնօրեն« ծնունդով ալավերդցի Վալերիկ Մեջլումյանի հանցավոր կլանը փորձում է լռեցնել թեղուտցիներին և ստրկության, վախի մեջ պահել հասկացնելով` «Դուք ո՞վ եք, որ բողոքեք և ո՞վ եք դուք, որ մեզ ասեք, թե հանքի պայթեցումը ինչ վնաս է տալիս, ո՞վ եք դուք, որ մեզանից ջուր պահանջեք»:

Հիշեցնենք նաև, որ գյուղացիներից գետերը, ջրերն ուղղակիորեն խլվել են կրկին հանքարդյունավերության նպատակով` ուղղելով բոլոր ջրային ռեսուրսները հանքի շահագործ ման համար, գյուղը դարձել է ջրազուրկ (նշված է խմբագրությունում ստացված հաղորդագրության մեջ):

Սակայն թեղուտցին այսօր ուղղում է իր կռացած ողնաշարը, բարձրաձայնում է իր ստրուկ վիճակի մասին, որ խաբված վիճակն այլևս չի հանդուրժում, փորձում է ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնել...

Մոտ երկու հարյուր հոգով փակել են իրենց ապագան ոչնչացնող Վալեքսի արգելափակոցը` թույլ չտալով, որ որևիցե աշխատանքներ իրականացվեն հանքում մինչև իրենց պահանջների իրականացումը:

Թեղուտցիները պատմում են, որ իրենք զրկված են տարածքից օգտվելու հնարավորությունից, չեն կարողանում այցելել սրբավայր, փակ են բոլոր ճանապարհները: Իսկ վերջին շրջանում չափազանց վատացել է տարածքի բնապահպանական վիճակը, գյուղը հայտնվել է բնապահպանական աղետի շեմին. նրա վրա փոշու հաստ ամպ է նստած, ջուր չկա, այս ամենից զատ` «Վալեքս գրուպի» սեփականատեր Վալերի Մեջլումյանն էլ կարգադրել է իջեցնել աշխատավարձերը...

Կատարվածից հետո անվտանգության ծառայության պետն ու աշխատակիցն ազատվել են աշխատանքից: Գուցե նաև քրեական գործ հարուցվի, բայց մի՞թե սրանից կարող է բարվոք դառնալ գյուղի ու գյուղացիների վիճակը:

Ընկերությունը գործազուրկ է դարձնում տեղաբնակներին, երբեմնի երջանիկ թեղուտցիներին, որոնց խաբելով, թե իբր աշխատատեղեր կբացվեն ձեզ համար« ընդունել էր աշխատանքի, այժմ թեղուտցիների փոխարեն Վալերիկ Մեջլումյանն աշխատանքի է ընդունում իր ալավերդցի բարեկամներին` անտեսելով իր այդ խոստումը: Թեղուտցիները վրդովված են, որ զոհել են իրենց ապագան հանուն այսօրվա հացի, այսօրվա աշխատանքի« սակայն պարզվում է, որ փոշին ու թույն կուլ տվողը նրանք են լինելու, իսկ աշխատանք ու փող վայելողներն` ուրիշները:

Սպիտակ եղեռնը կարծես արթնացնում է թեղուտցիների արժանապատվությունը: