ԶՈԼՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ


 

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն ազատվեց աշխատանքից: Նա այս պաշտոնին էր նշանակվել 1997 թվականի ապրիլին: Ուրեմն, ամենաերկարակյաց ռեկտորն էր: Որքան էլ ոմանք փորձեցին քաղաքականացնել ռեկտորի ու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տարաձայնությունները, այնուամենայնիվ, պարզվեց, որ բացահայտվել են մի շարք խախտումներ, շրջանավարտներից մի քանիսի դիպլոմներում եղել են նշված սխալ մասնագիտություններ: Իսկ համալսարանի «կուլիսներում» էլ խոսում են ֆինանսական չարաշահումների մասին, այն մասին, որ Զոլյանը համալսարանում արգելել էր բազմակարծությունը, շատերին պատժում էր, երբ սեփական կարծիքն էին արտահայտում:

Այն հանգամանքը, որ 15 տարի շարունակ ոչ ոք իրավունք չէր ունեցել մասնակցելու ռեկտորի տեղի համար հայտարարված մրցույթներին` վկայությունն է այստեղ ձևավորված անառողջ մթնոլորտի: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ռեկտորի ազատման առթիվ ասել է.

- Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ և հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար: Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ: Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ: