ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ Է


 

Երբ որոշում ընդունվեց միկրոավտոբուսների կարգավորման կետերը «Այրարատ» կինոթատրոնի տարածքից տեղափոխել Կենտրոնական ավտոկայան, շատերն ուրախացան, շատերի մոտ հույսեր արթնացան, որ վերջապես մարզեր մեկնող մեր ուղևորների հանդեպ հոգատարություն կձևավորվի, կունենանք քաղաքակիրթ ուղևորափոխադրումներ: Սակայն կենտրոնական ավտոկայանը վերածվեց խառնիփնթոր մի տարածքի, ուր շարունակում են իշխել հին ու հնացած բարքերը, ուր տոմսեր չեն վաճառվում միկրոավտոբուսների և ավտոբուսների համար: Բուն կայարանի ներսում ուղևորների համար պայմաններ չկան, իսկ ողջ տարածքում իշխում է գարշահոտը: Որևէ ուղղության համար գոյություն չունեն չվացուցակներ, գոյություն չունեն հստակ ժամեր: Նախկինի պես` ուղևորները սպասում են, թե երբ կլրացվեն բոլոր տեղերը, իսկ այս գործընթացները երբեմն մեկ-երկու ժամ են տևում: Վարորդներն այս իրավիճակը բացատրում են «գծերի տերերի» կամքով, քանի որ նրանք չեն կամենում ուղևորափոխադրումներ իրականացնել թերբեռնված միկրոավտոբուսներով:

Այսինքն, այստեղ ոչ թե ուղևորի, այլ սեփականատիրոջ շահն է առաջնայինը, իսկ ուղևորը վերածվում է թիրախի, անպաշտպան ու ոտնահարված մեկի, ում հետ վարվում են իրենց սրտի ուզածի պես: Ավելի ստույգ` իրենց դաստիարակության ու հարգանքի չափով: Ավտոկայանում, միկրոավտոբուսների կողքին, նույն խառնիփնթորությամբ գործում են նաև տաքսիները, որոնք պատկանում են տարբեր անձանց ու տարբեր ընկերությունների և չունեն գործունեության հստակ սկզբունքներ: Այստեղ հիմնականում գներ սահմանողները վարորդներն են` ելնելով իրենց ու գծատերերի նպատակահարմարություններից: Վարորդները գների թանկությունը բացատրում են կենտրոնական ավտոկայանի տնօրինության կամայականությամբ. վերջինս կայանման համար յուրաքանչյուր մեքենայից պահանջում է չորս հազար դրամ` վարորդներին չտրամադրելով մուծման համապատասխան կտրոններ: Կտրոններ չեն ստանում նաև ուղևորները, ինչն էլ հուշում է, որ այստեղ հսկայական ստվերային շրջանառություն կա, որ թաքցվում են իրական եկամուտներըΚ Այսինքն, Տրանսպորտի և կապի նախարարությունը, որի ենթակայության տակ է գործում այս ավտոկայանը, նպաստում է, որպեսզի կառույցը դառնա ապօրինությունների հանգրվան և հարստացնի մի խումբ մարդկանց միայն` պետությանը թողնելով լոկ փշրանքները...