Շատ կարևոր է, թե ովքեր են զբաղեցնելու խորհրդարանի 131 տեղերը


 

Երկու օր առաջ լրացավ ժողովրդի կողմից սիրված պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 80-ամյակը: Նրա հարազատների, ընկերների հետ: Երևանի քաղաքային պանթեոնում էր Յուրի Բախշյանի այրին` «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության անդամ Անահիտ ԲԱԽՇՅԱՆԸ: Հենց այնտեղ էլ «Ավանգարդը» զրուցեց նրա հետ:

Շատ կարևոր է, թե ովքեր են զբաղեցնելու խորհրդարանի 131 տեղերը

Այսօր` ընտրությունների նախաշեմին որքանո՞վ կարող եք վստահ լինել, որ կհաջողվի վերականգնել մարդկանց հավատը սեփական ուժերի, երկրի, պետության հանդեպ:

- 1999-ի հոկտեմբերի 27-ին պետությունը գլխատվեց: Իսկ հարցի վերաբերյալ եթե ասեմ` վստահ եմ, ճիշտ չի լինի: Բայց ինքս ամեն ինչ անում եմ, որպեսզի այդ հավատը կաթիլ- կաթիլ վերականգնվի, ժողովուրդն ինքն իր ուժերին հավատա: Ընտրությունները լավ առիթ են, որպեսզի յուրաքանչյուրս մեր տեղում ապահովելով դրանց արդար ընթացքը, նպաստենք, որ ժողովուրդը հավատա` ինքը քվեարկեց, իր ձայնը պաշտպանեց, և իր քվեարկությամբ ձևավորվեց իշխանությունը: Տա´ Աստված:

- Այս տարի, կարծեք առաջին անգամ հաջողվեց մի քանի կուսակցությունների նստեցնել միևնույն սեղանի շուրջ` ընտրությունների ընթացքը վերահսկող միջկուսակցական շտաբ ստեղծելու նպատակով: Սակայն «Ժառանգության» ներկայացուցիչը պահանջեց, որպեսզի այդ մասին հայտարարությունը ստորագրեն առաջին դեմքերը, և կուսակցությունը միասնական շտաբին մասնակցությունից ձեռնպահ մնաց: Ինչո՞ւ:

- Այդ պահանջի տրամաբանությունը շատ պարզ է` որովհետև այդ չորս կուսակցությունների մեջ կա իշխանությունը ներկայացնող «Բարգավաճ Հայաստանը», որն ունի առաջին դեմքով դրված նաև մի այլ ստորագրություն` ոչ միայն կոալիցիայի մեջ լինելու, այլև նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Մենք ասում ենք` եթե իսկապես ընտրությունների արդարությունն է պահանջում կուսակցությունը, ապա թող այդ նույն առաջին դեմքը ստորագրի նաև սրա տակ: Մենք ո՞ր մի փաստաթղթին հավատանք. նրա՞ն, որ մնում է կոալիցիայի մեջ, որի հետ են կապված բոլոր ընտրակեղծիքները, ընտրացուցակների ուռճացումը: Ու հանկարծ, ԲՀԿ-ի չգիտեմ` որերորդ մարդն արդար ընտրություններ երաշխավորելու մասին փաստաթղթի տակ է ստորագրում: Սա շատ ձևական էր:

Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ իրենց կուսակցությունը մասնակցում է բոլոր այն ձևաչափերին, որոնք կոչված են ընտրությունների ընթացքը վերահսկելուն և իրենց համար կարևոր չէ, թե ով է նախաձեռնողը:

- Ինձ համար էլ կարևոր չէ, թե նախաձեռնությունը որտեղից է գալիս: Կարևոր է, որ այդ նախաձեռնությունն իսկապես այդ նպատակը հետապնդի: Բայց այն, ինչը մենք տեսնում ենք այսօր, թե մասնավորապես «Բարգավաճ Հայաստանն» ինչպես է իր քարոզարշավը կազմակերպում, ինչպե՞ս են ցուցակագրում մարդկանց, սկզբում ընտրակաշառք բաժանեցին, հետո աղմուկը տեսան և ներկայում կանգնեցրել են: Ոչ մի երաշխիք չկա, որ հետո չեն անելու, որովհետև տարբերակ չունեն: Կոալիցիոն որևէ ուժ առանց ընտրակաշառքի կարող է ստանալ այնքան ձայն, որքան աշխատող ունի: Ո´չ ավել: Հետևաբար, որևէ փաստաթուղթ չի կարող երաշխավորել:

Իսկ դուք` «Ժառանգությունն», ի՞նչ չհասցրեցիք անել անցած տարիների ընթացքում խորհրդարանում և ի՞նչն եք ցանկանում լրացնել:

- Մեզ ավելի քիչ բան է հաջողվել, քան ծրագրել ու նախատեսել էինք: Շատ բան կա անելու, և հաջորդ հնգամյակն էլ չի հերիքելու, շարունակելու ենք նաև մյուս հնգամյակ ներում: Շարունակելու ենք այն համակարգային փոփոխությունները բերել, որոնցով կարելի է երաշխավորել Հայաստան պետության Սահմանադրությամբ ամրագրված կայացումը` ազատ, ինքնիշխան, իրավական, սոցիալական:

- Քաղաքագիտական, ինչպես նաև կուսակցական շրջանակներում կարծիքներ կան, թե շատ հավանական է, որ նոր խորհրդարանում նոր կոալիցիաներ ստեղծվեն: Հնարավո՞ր է, որ դուք շարունակեք համագործակցել «Ազատ դեմոկրատներ»-ի հետ:

- «Ազատ դեմոկրատների» հետ մենք արդեն ե´նք: «Ժառանգության» ցուցակը նախընտրական ցուցակն է, որում ներառված անձինք մտնում են ԱԺ որպես «Ժառանգություն»: Այսինքն, մենք իրենց հետ գնում ենք որպես մեկ թիմ: Հուսամ, որ հետագայում նույնպես այդպես կշարունակվի:

- Որքանո՞վ եք վստահ, որ խորհրդարանում կունենանք բոլորովին այլ պատկեր: Կոնկրետ` Ձեր ցանկացած պատկերը, Ձեր նշած միավորումը :

- Ես այսօր դժվարանում եմ ասել: Դա անհատներից է կախված. ովքե՞ր են ի վերջո զբաղեցնելու խորհրդարանի 131 տեղերը: Շատ կարևոր է, թե քաղաքական ուժեր ներկայացնող անձերն ինչքանով են պատրաստ լինել պատգամավոր, որի նշաձողը դրել է «Ժառանգություն» խմբակցությունը: Մենք ցույց ենք տվել, թե ինչպես պետք է ամեն տեղ վազի, ժողովրդի հետ ծեծ ուտի, ժողովրդի հետ պայքարի պատգամավորը: Քաղաքացիական յուրաքանչյուր իրավունքի խախտում իր հետ բերում է օրենքի խախտում: Իսկ օրենքի առաջին պաշտպանը պատգամավորն է: Նա´ պետք է պաշտպան կանգնի քաղաքացու իրավունքներին, այսինքն` օրենքին: Ու նաև հասարակությանը սովորեցնի քաղաքացի դառնալ, այսինքն` իմանալ, ճանաչել օրենքը: Միայն այդ դեպքում կարող ենք մի քիչ ավելի արագ տեմպերով գնալ դեպի իրավական պետություն: Ես չեմ կարող թաքցնել, այդ առումով այսօր մի փոքր ավելի վիճակը լավ է, քան անցած ընտրություններում: Այսօր հասարակությունը շատ ավելի քաղաքացիական է, հասկանում է, որ իրենից կախված բան կա, և ինքը պայքարում ու պահանջում է: Թվեմ քաղաքացիական նախաձեռնությունների շատ հաղթանակներ. Վիշապի պուրակ, Մաշտոցի պուրակ, Թռչկան, Գայլաձոր:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ