ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍԵՑ
Օրերս Մասիսում տեղի ունեցած քարոզչական հանդիպման ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է.
- ...Այս իշխանությունը անկախ չէ, կախված է արտաքին ուժերից: Ո՞ր մի իշխանությունը կհամաձայներ ստեղծել հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով, որը պարզի` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չէ: Ես ավելին գիտեմ` Սերժ Սարգսյանը նրանց այդ խոստումը տվել է 2007-ին, «Վիկիլիկսի» փաստաթղթերում դա կա, մենք տեսել ենք: Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ նրանց խոստացել էր համաձայնել Ղարաբաղի հարցի լուծման մադրիդյան սկզբունքներին: Ի՞նչ բան է դա` դուք գիտե՞ք, այն փաստաթուղթն է, որի վրա 96-ին ես վետո դրեցի, չնայած ահռելի ճնշումներին: Գոնե այն ժամանակ Ղարաբաղը կոնֆլիկտի կողմ էր, նրա ձայնը վճռորոշ էր: Ռոբերտ Քոչարյանին համոզեցին, որ պետք չէ Ղարաբաղը կողմ լինի ու բռնեցին դուրս շպրտեցին Ղարաբաղը: Հիմա նորից խոսք են տալիս, որ պետք է անպայման ներգրավենք Ղարաբաղը բանակցային գործընթացի մեջ: Ի՞նչ ներգրավելու մասին է խոսքը, Ղարաբաղը ունի մանդատ, այն նրան տվել է Բուդապեշտի գագաթնաժողովը, պետք է պայքարեք այդ մանդատը նորից հետ վերցնելու համար:
ՀՀ հիմնադիր նախագահն, անտարակույս, իրազեկված է և իրավունք չունի անել հայտարարություններ, որոնք աղերսներ չունեն իրականության հետ: Սա փաստ է: Սակայն նրա այս հայտարարությունը մեզ մտահոգում է այլ տեսանկյունից: Բոլորս գիտենք, որ տարիներ շարունակ ճնշումներ են գործադրվում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որ մի շարք գերտերություններ և միջազգային կառույցներ կամենում են Ղարաբաղի խնդիրը լուծել հօգուտ Ադրբեջանի` այսպիսով առաջ մղելով իրենց նեղլիկ ֆինանսական շահերը: Նաև գիտենք, որ հատկապես ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները միշտ իրենց վրա են վերցրել հարվածները` երբեմն հարկադրաբար կուլ գնալով ճնշումներին: Իհարկե, ժամանակ առ ժամանակ ընդդիմացել են, ջանացել առաջ մղել ղարաբաղյան շահերը: Եվ հաճախ էլ դա նրանց հաջողվել է: Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ կարգավորման սկզբունքների մեջ ամրագրվեց նաև ազգերի ինքնորոշման իրավունքը: Սակայն ինչո՞ւ է այս ամենի մասին առաջին նախագահը խոսում հենց հիմա. ինչո՞ւ է առաջին անգամ հանրությանը տեղեկացնում Բուդապեշտի գագաթնաժողովի մասին, որում արձանագրված ձեռքբերումներն ամեն կերպ վիժեցնում են մի շարք ուժեր: Մի՞թե հայրենասիրությունը Լևոն Տեր-Պետրոսյանի համար միայն նախընտրական քարոզչության շրջանակում հայտածվող զգացում է: Ղարաբաղյան հիմնահարցի ակունքների մոտ կանգնած երկրի հիմնադիր նախագահն իրավունք ունե՞ր իրեն հաջորդող նախագահներին ու ժողովրդին մենակ թողնել` ինչ կարգավիճակում էլ ինքը լիներ: Հեռանալով նախագահի պաշտոնից` Տեր-Պետրոսյանը 10 տարի պարփակված մնաց իր պատյանի մեջ, լռեց, նրան չհետաքրքրեցին Ղարաբաղն ու Հայաստանը: Նա չուզեց անգամ հրապարակային խոսակցություն ծավալել այն համաձայնագրերի մասին, որոնք կյանքի էին կոչվել իր նախագահության շրջանում: Գուցե սպասում էր այն օրվան, երբ միջազգային ճնշումների ներքո` Ղարաբաղը կհանձնեին Ադրբեջանին, որպեսզի ցնծար, հայտարարեր, թե իրեն հաջորդած նախագահները տապալեցին ղարաբաղյան հանգուցալուծումը: Թե որքանով է այս պահվածքը մտնում քաղաքական բարոյականության տիրույթների մեջ` թողնենք Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն հազիվ թե իր հայտարարություններով նա ներկայանա որպես հայրենասեր գործիչ, երկրի բախտով մտահոգ անհատ:
Լ. Մ.