Մոլեխաղերի սարդոստայնում


 

Մոլեխաղերը հին են ինչպես աշխարհը և վտանգավոր ու, հիմնականում անվերահսկելի, հատկապես երբ մարդն ունի ներքին թուլություններ: ԱՄՆ-ում երկարամյա ուսումնասի րություններով պարզվել է, օրինակ, որ խաղերի վրա չունևորներն ավելի շատ ժամանակ ու միջոցներ են ծախսում, քան ապահովվածները: Անգամ խաղալու նպատակներն են տարբեր. չունևորները խաղում են գումար վաստակելու, շահելու համար, իսկ հարուստները` սուր զգացողությունների:

Խաղամոլությունը աշխարհում գնալով բարգավաճում է: Ցավալին այն է, որ խաղամոլը ոչ միայն գումար է կորցնում, այլև` տուն, ընտանիք, անուն, պատիվ, երբեմն նաև հատուցում է կյանքով: Իսկ գումար «հայթայթելու» համար պատրաստ է ամեն ինչի` խաբելու, խարդախելու, գողանալու, հափշտակելու: Ներկայաց վող երկու դեպքերը ասվածի վառ ապացույցն են:

Օրերս ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկություն էր ստացվել, որ բերման են ենթարկել խարդախության բազմաթիվ դրվագների հեղինակ մի հետախուզվողի` Արամայիս Օհանովին:

Օհանովը նման էր իր վիճակին վաղուց համակերպված մարդու, և ասես գիտեր, որ մի օր անպայման հայտնվելու է ոստիկանությունում: Իսկ ինը տարի առաջ, երբ նոր էր ոտք դնում խաղատուն, չէր էլ մտածում, որ խաղամոլություն կոչվող հիվանդությունը իրեն հյուծելու է հոգեպես ու բարոյապես: Երեսունվեցամյա Օհանովը նախկինում դատված չի եղել: Տարիներ առաջ փախստական էին դարձել, եկել-բնավորվել Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում: Ոտքի էին կանգնել, բայց Օհանովի համար ճակատագիրը նոր փորձություն էր պատրաստել` խաղատներն ու խաղամոլությունը, որոնց հարվածն ավելի հզոր ու ավերիչ էր, քան նույնիսկ գաղթը:

Ինը տարի առաջ Ռուսաստանում առաջին անգամ մտել էր խաղատուն ու խրվել ճահիճը: Մսագործ էր աշխատում, անասուն էր առնում, միսը վաճառում: Վատ չէր ապրում, բայց ինչքան փող աշխատում էր, տանում-լցնում էր խաղատան սարքերի մեջ: Պարտքերի տակ էր ընկել և ստիպված էր վերադառնալ Հայաստան: Փախել էր, ու` ոչ միայն պարտատերերից: Ռուսաստանի իրավապահները խարդախության մեղադրանքով գործ էին հարուցել ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում:

Վերադարձը հայրենիք չբուժեց Օհանովին: Նույն աշխատասիրությամբ այստեղ էլ մսի գործ էր անում ու նույն համառությամբ ձեռքն ընկած գումարը տանում-լցնում խաղատան սարքերի մեջ: Միայն վաստակածը չէ, նաև այն գումարը, որ պետք է միսը վաճառելուց հետո տար անասունների տերերին: Եվ այդպես` խաբել էր տասնյակ մարդկանց, ու ներկայումս նրա գործած խարդախությունների փաստերով լրջորեն զբաղվում է ոստիկանությունը...

Հաջորդ դեպքի հերոսը Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Բարսեղ Կարապետյան է: Նա վերջին տարիներին մեծ պարտքեր ուներ: Պատճառը խաղատունն էր: Աշխատանք գտնում էր, բայց վաստակածը չէր հերիքում պարտքերը մարելու համար և որոշել էր այլ ճանապարհով փող հայթայթել...

Ապրիլի 5-ի ուշ երեկոյան եկել էր Երևան ու պտտվում էր Հանրապետության հրապարակում: Մտքում ապագա հանցավոր արարքն էր պլանավորում: Շուտով շարժվեց դեպի Տիգրան Մեծի պողոտա: Նպատակը խանութներից մեկն էր, ավելի ճիշտ` հաճախորդները: Հարմար տեղ էր գտել, աննկատ դիրքավորվել, ապա գործի անցել: Տեսել էր մի կնոջ և, հարմար պահն ընտրելով` հարձակվել: Խլել էր ձեռքի դրամապանակն ու փախել:

Հանցավոր գործն արագ ու հմտորեն էր ավարտել, բայց նույն կերպ հեռանալ չէր հասցրել: Այդ պահին փողոցով անցնող ոստիկանության ծառայողները նկատել էին փախչող երիտասարդին և, լսելով օգնության կանչող կնոջ ձայնը, հետապնդել ու վայրկյաններ անց Տիգրան Մեծի պողոտայի և Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում բռնել էին նրան: Բերման ենթարկելու պահին Կարապետյանի ծոցագրպանից հայտնաբերվել էր նաև դրամապանակը, որի մեջ կար 47 հազար դրամ և բանկային քարտեր:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում Բարսեղի խոստովանությամբ պարզվեց, որ հիշյալ տարածքը նրան արդեն քաջ ծանոթ էր, իսկ հանցավոր արարքը` ոչ միակը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ մարտի 11-ին հասցրել էր մեկ անգամ ևս նույն գործով զբաղվել: Այդ օրն էլ հանցագործության վայրը, ինչպես և եղանակը նույնն էին: Այս անգամ ավարը բավական հարուստ էր` 300 հազար դրամ և բանկոմատի քարտեր: Ձեռք գցածից հասցրել էր արագ ազատվել` գումարն ամբողջությամբ ծախսելով խաղատներում:

Մոլեխաղերի սիրահարներին ոստիկանությունը կրկին հորդորում և զգուշացնում է, որ այդ մոլուցքից ձերբազատվելու ամենահուսալի ելքը ժամանակին արգելակելու, կանգ առնելու ունակությունն է: Մարդուն խաղի մեջ քաշողը մոլությունն ու մոլուցքն են` ազարտ կոչվածը, որից անհապաղ հարկավոր է հրաժարվել և` մեկընդմիշտ: