«Այստեղ ժամանակը կանգ է առնում, կյանքը` երկարում...»


 

Այսպես է ազդարարում Էկվադորի Վիկլաբաբմա քաղաքի ցուցանակը: Սա ամենևին էլ գովազդային հնարք չէ: Էկվադորի այս փոքրիկ հովիտը, որտեղ նաև Վիկլաբաբման է, հայտնի է ամբողջ աշխարհին` իր բնակիչների երկարակեցությամբ: Սակայն վերջիններս խիստ անհանգստացած են, քանի որ խախտվել է նրանց կյանքի բնականոն ընթացքը: Իսկ պատճառը զբոսաշրջիկների թվի` օրեցօր ահագնացող չափերն են ու նաև այն թոշակառուները, ովքեր տարբեր վայրերից տեղափոխվում են այստեղ` մշտական բնակության: 102- ամյա հողագործ Խավիեր Դելգադոն, ով մինչ օրս զբաղվում է սուրճի մշակությամբ, համոզված է, որ նորեկները բացասաբար են ազդում ոչ միայն տեղացիների կենցաղի, այլև անգամ բույսերի վրա: Գիտնական Իվան Պալասիոսը այս քաղաքի բնակիչների երկարակեցության գաղտնիքը համարում է չաղտոտված օդը, լռությունն ու անդորրը, բարենպաստ եղանակային պայմանները: Սակայն, դժբախտաբար հետագայում ևս երկարակեցությամբ գերազանցելու փաստը կասկածի տակ է: Այստեղ չափազանց լուրջ է հողատարածքների վաճառքի խնդիրը: Օտարերկրացիներն այս հողակտորների համար կրկնակի ու եռակի արժեքներ են վճարում, իսկ տեղացիները, իրենց զավակների ապագան կառուցելու նպատակով վերցնում են այդ գումարները` զրկվելով սեփական հողերից և շրջապատվելով օտարներով: Պաշտոնապես որևէ մեկի երկարակեցությունը փաստող գրանցում երբեք չի արվել այստեղ, սակայն որոշ տեղեկությունների համաձայն` տեղացի հողագործներից մեկը մահացել է 140 տարեկանում: