Հայկական քարոզարշավի առանձնահատկությունների ու եվրոպացիների մասին


...Քարոզարշավ է... Քարոզչությունը պաշտոնապես մտել է իր արշավի հունի մեջ, այսինքն` պաշտոնական քարոզարշավ է ու տոն` տեսակ-տեսակ խոստումներով, փուչիկներով, համերգով, տեղական ու միջազգային դիտորդական առաքելություններով, բանով: Բա ո՞նց, ժողովրդավարական երկիր ենք, անկախ պետություն` առաջադեմ մարդկության ընտանիքի լիակատար անդամ: Ու ընտրությունների ժամանակ մեզ մոտ հյուրընկալվող միջազգային դիտորդները հետևում են` չլինի հանկարծ նահանջենք ժողովրդավարությունից: Դրանցից մեկը` ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն արդեն կատարել է մեզանում ընտրական գործընթացների սկզբի ուսումնասիրությունն ու ապրիլի 13-ին ԱԺ-ում կայացած ասուլիսում հայտարարել դրանց վերաբերյալ իր դիտողությունների մասին: Ըստ ԵԽԽՎ դիտորդական խմբի ղեկավար Լեո Պլատվոյետի` մեզանում շատ բարձր են վճարովի եթերի սակագները, ինչը պատգամավորության թեկնածուներին հնարավորություն չի տալիս արդյունավետ քարոզչության համար անհրաժեշտ եթերաժամ օգտագործել: Սա նաև հայրենի ընդդիմության համոզմունքն է: Բայց «բացահայտվում» է նաև պատգամավորության եվրոպացի թեկնածուների և մերոնց աշխատաոճի տարբերությունները: Պարզվում է` օրինակ, Հայաստանի տարածքի և բնակչության թվի հետ համեմատության շրջանակներում չտեղավորվող Ֆրանսիայում պատգամավորության թեկնածուն քարոզարշավի ընթացքում հեռուստաեթերում երևացել է ընդամենը... երկու րոպե: Փոխարենը նա ընտրություններին նախորդող մի քանի տարիների ընթացքում «թափառել է» տարածքով Հայաստանից մի քանի անգամ «փոքրիկ» Ֆրանսիայով մեկ, հանդիպել Ֆրանսիայի` Հայաստանի բնակչությունից մի քանի անգամ «փոքրաթիվ» բնակչության հետ ու «անկապ» զրուցել մարդկանց հետ: Արդյունքում` վերջիններս մինչև ուղնուծուծը ճանաչել են ու քարոզարշավի ընթացքում ընդամենը 2 րոպե եթերաժամանակը բավարար է եղել նրան ու նրա զրույցները հիշելու և նրա օգտին քվեարկելու համար... բա՞: Բայց դե, խեղճ եվրոպացիք դեռ չեն յուրացրել հայկական մենթալիտետի առանձնահատկությունները: Նրանք` էդ եվրոպացիք, չգիտեն, որ մեր պատգամավորներն ու պատգամավորության թեկնածուները, ի տարբերություն իրենցինի, վերի արտի ցորենն են, բազմազբաղ մարդիկ են ու չեն կարող իրենց թեկնածուների պես ժամանակը տարիներով պարապ բաների վրա վատնել, ժամանակը թանկ բան է, ռուսերեն ասած, ժամանակը փող է (———): Եվրոպացիք էսքանը չեն հասկանում: Համ էլ մի բան էլ կա. եվրոպական դիտորդական խմբերի անդամներն ամեն մեկը մի երկրից է, ամեն երկիր իր շահն ունի, հետո` էդ առաքելությունների վրա մեծ փողեր են ծախսhվում. էդ մարդիկ մի բան պիտի գրե՞ն իրենց գործուղման հաշվետվություններում, թե չէ... Իրականում ընտրությունների ընթացքում այնքան տարատեսակ, զարմանահրաշ բաներ են տեղի ունենում, որ ոնց էլ լինի, դիտորդները գրելու բան կունենան: Մանավանդ, մենք` հայերս, սուր երևակայության ու սուր մտքի տեր, ճարպիկ ազգ ենք, ու մեր սուր մտքի փայլատակումներից է նաև մարդկանց հնարավոր ու անհնար մեծաքանակ ներկայություն ապահովելու համար նախընտրական հանրահավաքները դիտարժան, բայց ծախսարար շոուների վերածելը: Հետո էլ եվրոպացիներն ասում են` եթերաժամի սակագները բարձր են: Մտքներովդ անցե՞լ է, թե գոնե մոտավորապես ի՞նչ կարժենա ռուսաստաններից ու չգիտեմ` էլ որտեղից Շուֆուտինսկի ու շոու բիզնեսի ճանաչված ու մեզանում անհայտ այլ «աստղերի» հրավիրելը: Մեզանում քարոզչական PR տեխնոլոգիաների նորություններից են նաև Երևանի փողոցներով մեկ գովազդային պաստառների հետ միասին կախ տված փուչիկները. իսկը` մայիսի մեկ: Միայն թե փուչիկների վրա «Կեցցե մայիսի 1»-ի փոխարեն ինչ-որ հին ընկերոջ մասին է հիշեցվում: Տեղ-տեղ փուչիկները փսկել են: Բայց, դե, ոչինչ, ասա` դրանք կախողների խոստումները հետո փուչիկների օրը չընկնեն... Գեներալ Բուդոյի ստվերը Շոուի վերածվող քարոզարշավին իսկական տոնական տեսք տալու համար, թերևս, մի բան էր պակասում` տրաքտրաքոցով հրավառությունը: Հրավառությունը առայժմ չի եղել, երևի դեռ ժամանակը չի, տրաքտրաքոց եղավ: Ճիշտ է, միայն Երևանի երկու համայնքում, բայց ձայնն այնքան բարձր էր ու ճիշտ ժամանակին, որ դրա արձագանքը դեռ կլսենք: Անցած շաբաթվա օրերից մեկը սկսվեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան համայնքներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբներում գիշերը հնչած պայթյունների լուրով: Ու մայրաքաղաքում ծայր առավ կատարվածի հնարավոր ու անհնար վարկածների շրջապտույտը: Ոմանք անվերապահորեն պնդում էին, թե պայթյունների հեղինակներին պետք է փնտրել ԲՀԿ-ի իմիջին նախանձող կուսակցությունների մեջ: Քիչ չեն նաև ավելի համարձակ վարկածների կողմնակիցները, ովքեր իրենց ենթադրություններում հիմնվում են այն իրողության վրա, որ պայթեցվել են հիշյալ համայնքներում գտնվող գրասենյակները: Հատկապես ավանցիներից ոմանք սկսեցին մտաբերել, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է իր բարեգործությունը տարածել ավանցիների շրջանում: Նրանք պնդում էին, թե «Ծառուկյանն ասել է` Ավանը, մերը չէ. մենք գործ չունենք ավանցիների հետ»: Հետևություն. ուրեմն ԲՀԿ-ն ինքն է պայթեցրել իր գրասենյակները` ընտրություններում իր իմիջը մեծացնելու ակնկալիքով, չէ՞ որ ժողովրդի համակրանքը միշտ տուժողի կողմն է լինում: Այս վարկածի կողմնակիցներից ոմանք իրենց վերլուծություններում ավելի հեռու գնացին` այս անգամ հենվելով ոչ վաղ անցյալում կատարված ու տխուր հիշողություն թողած դեպքերի վրա: Հիշվեցին 1998 թվականի իշխանափոխության ընթացքում տեղ գտած իրադարձությունները, և քաղաքում շրջանառվող վարկածների մեջ թափառեց ՀՀ առաջին նախագահի թիկնազորի պետի` գեներալ Բուդոյի ստվերը: Գեներալ Բուդոն (այսօր նրան միայն մականունով են հիշում), երբ երերաց Լ. Տեր-Պետրոսյանի աթոռը և դրա հետ միասին նաև իր ազդեցությունը, դիմեց դիրքերը փրկելու մի անհույս քայլի: Օրը ցերեկով քաղաքի կենտրոնում կրակեց... իր ավտոմեքենայի վրա: Տարիներ անց, վերջերս Բուդոյի «սխրանքը» կրկնեց գործող ԱԺ պատգամավոր «Ճոյտ» մականունով Հակոբ Հակոբյանը: Սույն վարկածի կողմնակիցները քիչ չեն և շարունակում են զուգահեռներ տանել գեներալ Բուդոյի, Հ. Հակոբյանի և ԲՀԿ-ի հետ կապված միջադեպերի միջև, մանավանդ` իրավապահ մարմիններն առայժմ լռում են: Էհ, ինչևէ, անկախ այն բանից, թե կատարվածի մասին վերջապես ի՞նչ կասեն իրավապահները, մի բան ակնհայտ է. գեներալ Բուդոն ինը տարի հետո էլ չի մոռացվել, ու նրա ստվերն իրեն զգացնել է տալիս... գոնե հիշողության մեջ: Համենայն դեպս, մեր` հայերիս սուր մտքի արդյունք` մեզանում կիրառվող ընտրական աներևակայելի տեխնոլոգիաներից միջազգային դիտորդների բերանը երկար ժամանակ չի փակվի... Իզո՞ւր էր նորանշանակ վարչապետն ասում, թե էդ պայթյունների հեղինակները մեր պետության, մեր ազգի ու ժողովրդավարության թշնամին են: