ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ


Վերջերս պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովը և ՀՀ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան երկու երկրների միջև տնտեսական փոխհարաբերություններին, դրանցում առկա ինչպես դրական տեղաշարժերին, այնպես էլ խնդիրներին: Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճի, ռուսական կապիտալի` ՀՀ-ում ներդրումների աճի և այս ուղղությամբ հետագա զարգացման հեռանկարների մասին` ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կարևորեց Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ձեռնարկությունների գործարկումը: Նշելով, որ «բարեկամ երկրների» հարաբերություններում առանց խնդիրների հնարավոր չէ` Ս. Իվանովը միաժամանակ փաստեց վերջին տարիներին երկու երկրների տնտեսահարաբերություններում առկա շարժի միտումը: «Հայաստանի տնտեսությունում արված ներդրումների գծով առաջին տեղում Ռուսաստանն է: Ինչպես մեր հանդիպման ժամանակ նշեց նախագահ Քոչարյանը` ամենից շատ ուրախացնում է ոչ այնքան, այսպես ասած, Էթնիկ ներդրումների փաստը, այլ այն, որ ավելանում է ռուսական լուրջ կապիտալի ներդրումը»,-ասաց փոխվարչապետը: Ընդ որում, ըստ փոխվարչապետի, դա վերաբերում է տնտեսության այնպիսի լրջագույն ոլորտներին, ինչպիսին էներգետիկան է և կապը: Ինչ վերաբերում է առկա խնդիրներին, ապա «մենք խնդիրներից չենք խուսափում, դրանք պարզապես պետք է լուծել, իսկ ամենից առաջ պետք է լուծենք տրանսպորտի խնդիրները»: Ըստ Ս. Իվանովի, Կովկաս-Փոթի լաստուղու գործարկմամբ լուծվում է հայ-ռուսական հարաբերությունների կարևորագույն խնդիրներից մեկը. «Խոսքը Հայաստանի տնտեսական շրջափակման մասին է, որի մեջ արդեն երկար տարիներ հայտնվել է երկիրը»: Նրա խոսքով, կան երկաթուղային տրանսպորտի զարգացման, բեռնափոխադր ման ավելի հեռանկարային ծրագրեր: Տրանսպորտային խնդրի կարևորությանն անդրադարձավ նաև վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա նշեց ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը` նկատի ունենալով այն բեռնատեսակները, որոնք երկաթուղով տեղափոխել հնարավոր չէ. «Օրինակ, ամռան սկզբին մենք 10 հազ. տոննա ծիրան պետք է փոխադրենք Ռուսաստան: Կարծում եմ, մենք կգտնենք այս խնդրի լուծումը»: Ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակումը: Լրագրողներից մեկի այս հարցին ՌԴ փոխվարչապետը պատասխանեց. «Մենք ծանոթ ենք բավական վաղուց, եթե ավելի կոնկրետ` անցած դարից: Եվ ծանոթ ենք տարբեր հարթություններում` որպես ազգային անվտանգության քարտուղարներ, և որպես պաշտպանության նախարարներ, իսկ հիմա որպես քաղաքացիական անձինք: Եվ, իհարկե, մեր միջև հաստատվել են ոչ միայն աշխատանքային, այլև անձնական հարաբերություններ: Սա լիովին բնական է, նորմալ… Մենք հանդիպում ենք տարին մի քանի անգամ: …Վստահ եմ, որ նաև քաղաքացիական աշխատանքում մեր հարաբերությունները կընթանան նույնքան լավ, որքան եղել են նախկինում»: ԼՂ փոխվարչապետի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ռուս լրագրողներից մեկը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ռազմակայան հիմնելու խնդրին առնչվող հարց ուղղեց ՀՀ վարչապետին: Հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանն ասաց. «Մեր տարածաշրջանում բաժանարար նոր գծեր դնելը մեր անվտանգության ապահովմանը լրացուցիչ ոչինչ չի ավելացնի: Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում նվազեցնում է իր ներկայությունը, բայց դա չի նշանակում, որ եթե նա նվազեցնում է, ուրիշները պետք է մեծացնեն ներկայությունը»: Նորանշանակ վարչապետին հարց ուղղվեց նաև առաջիկա ընտրությունների, գործադիր մարմնում աշխատանքի համատեղելիության և երկկողմ փոխհարաբերություններին դրանց ազդեցության վերաբերյալ: «Ընտրությունները քաղաքական ուժերից բոլոր դեպքերում մեծ ջանք են պահանջում և կարելի է համարել, որ այս առումով մի տեսակ խանգարում են գործադիր մարմնի աշխատանքներին: Բայց ընտրությունները նաև, մի տեսակ, օգնում են աշխատանքներին. դա այն ժամանակաշրջանն է, երբ բոլորը ցանկանում են անել այն, ինչ ընդհանրապես պետք է անեն: Այսինքն աշխատեն` ավելի լավ` հաշվի առնելով ընտրողների տրամադրությունները` ընդառաջ գնան խնդրանքներին£ Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, թե ընտրական գործընթացը պետք է խոչընդոտի մեր աշխատանքներին»,¬ ասաց Սերժ Սարգսյանը£ Հարցի տեղիք տվեց ժամանակին ռուսական կողմից հնչած «ֆորպոստ» արտահայտությունը£ «Ի վերջո, Հայաստանը ՌԴ-ի ֆորպո՞ստն է, թե՞ ռազմավարական գործընկերը» հարցը ձևակերպեց լրագրողը£ Ըստ ամենայնի, Ս. Իվանովը տեղյակ էր այս արտահայտության առաջացրած հակազդեցությանը. «Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և դա չի չափվում միայն ռազմաքաղաքական հետաքրքրություններով£ Չի կարելի այդպես մտածել£ Հազարամյակներով մեզ կապում է ընդհանուր մշակույթը£ Եթե վերադառնանք զուտ ռազմական թեմային, այո, այստեղ կա ռուսական ռազմաբազա, որն ապահովում է և° ռուսական, և° հայկական կողմերի շահերը, այն չունի ագրեսիվ բնութագիր և ուղղված չէ այլ պետությունների դեմ£ Բազայի առկայությունը ռազմավարական գործընկերության տարր է, բայց դա ամբողջը չէ. կան նաև տնտեսությունը, մշակույթը, ռուսաց լեզուն»£ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «ֆորպոստ» արտահայտությունը համարեց թյուրըմբռնման արդյունք£ «Ինչ¬որ մեկին ձեռնտու էր շահարկել այդ թեման»£ Վստահ եմ, որ մարդը, ով ասել է այդ բառը, ցանկացել է լավ բան ասել: Սակայն այդ պարագայում լեզվին դա է եկել£ Ամբողջ մեղավորությունը դա է»£

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ