Վատ բան եմ ասո՞ւմ


Օրենքի շալակը բարձրացած որոշ մարդկանց արաքից վրդովված ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր մրցակիցներին առաջարկում է փողի ու պարտադրանքի ընտրությունը փոխարինել խղճի և հոգու ընտրությամբ, և յուրաքանչյուր կառույց «եթե տղա է, թող կարողանա ազնիվ մրցակցության պայմաններում շահի ժողովրդի վստահությունը»: Արթուր Բաղդասարյանի համար քարոզարշավը սոցիալ-տնտեսական ծայրաստիճան անհուսալի վիճակում գտնվող ժողովրդի հետ շփվելու հիանալի առիթ է. դե, ԱԺ-ի խոսնակի բարձրադիր աթոռից ժողովուրդը տեսանելի չէր: Բայց ո՞վ է ասում, թե նա ծանոթ չէր ժողովրդի վիճակին: Երբ իրեն անհրաժեշտ է եղել, անձամբ շրջել է գյուղից գյուղ, անասնագոմում և տնամերձում առավոտից իրիկուն տանջվող գեղջկուհիներին էժանագին, ժամկետանց օծանելիք է բաժանել, ինչն, ի դեպ, նա ջանադրաբար ժխտում է` դա համարելով լրատվամիջոցների տարածածը, իհարկե, պատվիրվան: Սակայն գեղջկուհիները շատ էլ ուրախ են, որ աթարի հոտից բացի մեկ-մեկ էլ օծանելիքի բույր են զգում, թե չէ նվիրո՞ղն ով էր: - Մարդիկ աշխույժ շփման կարիք ունեն: Նրանք լավ էլ ուշադիր լսում են իմ խոսքերը, որովհետև մենք առաջարկում ենք բարեփոխումներ կոնկրետ ոլորտներում: Օրինակ, տնտեսության ոլորտում պետք է վարենք հակամենաշնորհային քաղաքականություն: Վա՞տ բան ենք անում: Ավելի լավ է 100 հոգի ունենա 1-ական խանութ, քան` մեկը` 100: Քավ լիցի, Արթուր Բաղդասարյանը կուլակաթափություն չի առաջարկում. հո ինքն իր թշնամին չի՞, պարզապես մի փոքր բարեփոխումը չէր խանգարի: Կրթության ոլորտում ՕԵԿ-ն առաջարկում է 1-ին դասարանցուն տալ 2 օտար լեզվի և համակարգչի իմացության հնարավորություն: Վա՞տ է: - Առողջապահության բնագավառում մարդիկ պետք է ունենան հիվանդանալու և պետական միջոցներով բուժօգնություն ստանալու իրավունք: Դրա համար անհրաժեշտ է երկրում ներդնել պետական բժշկական ապահովագրական ապարատ: ՕԵԿ-ի ախորժակը գերազանցում է 2003-ի սահմանագիծը, քանի որ հույս ունի խորհրդարանի այս ընտրությունների արդյունքում ԱԺ-ում ապահովել ծանրակշիռ ներկայություն: Ի վերջո, խոստացած ավանդները ժողովրդին պետք է վերադարձնե՞լ, թե՞ ոչ: ՕԵԿ-ը այս օրերին, պարզվում է, անստորագիր նամակներ և վիրավորանքներ է ստանում, որոնց արձագանքելն, իր կարծիքով, կնշանակի «լվացվել» չարությամբ: - Երկրում չարությունն ու նախանձը շատացել են: Չար մարդու համար տոն օր չկա, դրա համար առավոտից իրիկուն հասարակությանը փորձում են ներարկել չարություն: Երևի հենց դա էր ամբիոնից հնչեցրած իր անեծքների պատճառը: Մարդու հոգուն հասցնում են, դե, նա էլ... Արթուր Բաղդասարյանի համար ընդունելի է երկրում ժողովրդավարության զարգացման էվոլյուցիոն տարբերակը, քանի որ յուրաքանչյուր հեղափոխության հիմքում ցնցումներն անխուսափելի են, որոնք խոչընդոտ են խաղաղ բարեփոխումների ճանապարհին: Հետաքրքիր է, իսկ ինչպիսի՞ն է նախագահի ընտրություններին մասնակցելու նրա ախորժակը: - Այդ մասին կխոսենք հաջորդ դասին,- ժպիտով պատասխանում է ՕԵԿ առաջնորդը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ