«Սկզբունքայնություն և արժանապատվություն»


- Օրերս, ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ ժողովուրդն էլ չի հավատում ո°չ իշխանություններին, ո°չ էլ ընդդիմությունը: Խնդրում եմ մեկնաբանել և, եթե համամիտ եք, ապա խնդրում եմ բացատրե°ք, ինչպե՞ս եք գնում ժողովրդի հետ հանդիպման, իմանալով, որ ձեզ չեն հավատում: Մեր այս հարցն ուղղված էր ՀԺԿ նախավահ Ստեփան Դեմերճյանին: - Մենք ժողովրդի մոտ գնում ենք շատ հանգիստ, որովհետև ես միշտ ազնիվ եմ եղել նրա նկատմամբ: Մեր հանդիպումներն անցնում են շատ ջերմ մթնոլորտում, և տեսնում եմ, որ նրանք մեզ սպասում են: Ժողովուրդը պարզապես կորցրել է հավատը ընտրությունների նկատմամբ: Այնքան կեղծիք են տեսել, որ էլ չեն ուզում մասնակցել: Բայց նույնիսկ ամենալքված բնակավայրում էլի մարդիկ հույսները չեն կորցրել և սպասում են մի լավ բանի: Ես պատասխանեցի ձեր հարցին, ավելացնելու ոչինչ չունեմ: Ընտրությունների հնարավոր ելքի առնչությամբ նա չի թաքցնում թերահավատությունը, թե այս անգամ ամեն ինչ լինելու է մաքուր, արդար ու թափանցիկ. - Այսքանից հետո էլ իշխող ուժերը չեն պատրաստավում մաքուր ընտրություններ անցկացնել: Բայց մենք կոչ ենք անում ժողովրդին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որովհետև այս դեպքում արդյունքների կեղծելը կդժվարանա: Խոստովանենք, որ դժվար ըմբռնելի մի բան կա այստեղ. ա°յդ դեպքում ընդդիմադիրներն ինչո՞ւ են մասնակցում այս խաղին: Եթե իշխանություններն իրոք պետք է կեղծեն արդյունքները, ապա` մի քիչ հեշտ, մի քիչ դժվար է` էականը դա չէ: Այլ այն, թե թերահավատներն ինչո՞ւ են ծրագիր մշակում ու ներկայացնում ժողովրդին, երբ դեռ «էս գլխից» հայտնի է, որ միևնույնն է ոչ մի դրույթ չես կարողանալու իրագործել: Հռետորական այս հարցերին, այնուամենայնիվ կարծում ենք, որ պատասխան կա. դեպի խորհրդարան ձգտող բոլոր կուսակցությունների ծրագրերն այնքան են իրար նման, այնքան են անդեմ, որ ինչ նախընտրական խոստում էլ կատարվի, ով էլ կատարի, կստացվի բոլորի անունից: Ուստի պատահական չէր, որ ելնելով «Սկզբունքայնություն և արժանապատվություն» ՀԺԿ կարգախոսից, հարցրեցինք Ս. Դեմիրճյանին. - Հնարավո՞ր է, որ ելնելով ինչ-ինչ սկզբունքներից ընտրությունների օրը, համամասնական ընտրակարգով Ձեր ձայնը տաք ոչ թե ՀԺԿ-ին, այլ մի ուրիշ կուսակցության: Գտնելով, որ նա ավելի լավ կիրագործի խոստացած ծրագրերը: - Ձեր հարցը կոռեկտ չէ: Համաձայն եմ: Բայց տրամաբանություն կա°: Պրոլետարնե°ր բոլոր երկրների, նորից միացեք Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների է գնում գաղափարական հին` պրոլետարական հենքով, տնտեսության ղեկավարման նոր` չինական տարբերակով և երիտասարդական ավյունով: Հակիրճ այսպես կարելի է բնութագրել տպավորությունը, որ ստացանք ՀՀ ԿԿ Կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ հանդիպելուց հետո: Կոմունիստները իրենց ոճին հավատարիմ ամեն ինչ անում են խստորեն. - Մենք խստորեն դատապարտում ենք Գյումրիի քաղաքապետի նկատմամբ կատարված մահափորձը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակների պայթեցումները և Հանրապետության նախագահից ու իրավապահ մարմիններից խստորեն պահանջում ենք կարճ ժամանակում հայտնաբերել ու պատժել հանցագործներին,- կուսակության անունից հայտարարում է Ռ. Թովմասյանը: Գաղափարական հին մարտիկը նկատում է, որ. - Բոլոր կուսակցությունները այսօր թողած գաղափարախոսությունը զբաղված են ինչ-որ ձևով ժողովրդին խաբկանքի մեջ գցելով: Շարունակվում են ընտրակաշառքները` բարեգործության անվան տակ: Բանը հասել է այնտեղ, որ Ախուրյանում սկսել են գարի բաժանել` ընտանիքին 40 կգ: Հետևելով գործընթացներին գալիս ես եզրակացության, որ արդար ընտրություններ չեն էլ լինելու: Ժողովրդին խաբելու գործում կուսակցություններից մեկը անցել է բոլորին, (թե ո՞րը, չի կարողանում հիշել-Գ. Ա.)` խոստանալով մեկ երեխա ունենալու դեպքում ընտանիքին տալ 500.000 ական դրամ, երկուսի դեպքում` մեկ միլիոն, երեքի դեպքում` բնակարան: Ժողովրդին այսպես խաբելու իրավունք բացարձակապես չի տրված ոչ մեկին: Հավանաբար ընթերցողը կհասկանա, թե խաբելու 70-ամյա փորձ ունեցող կուսակցության ներկայացուցիչի համար ինչքան դժվար է լսել անփորձ սուտասաններին: Ասելուց` այսպես պետք է ասել. - Մեր երկրաշարժերը ամենահումանիտարն են աշխարհում: Տաշքենդի երկրաշարժից ոչ մեկը չի տուժել: Մեր սերունդը հրաշալի է հիշում այս խոսքերը և սա այն դեպքում, որ քաղաքը հավասարվել էր հողին, իսկ զոհերը հաշվվում էին հազարներով: - ՀԿԿ-ն ընդունել է իր նախընտրական ծրագիրը: Այն շատ համեստ է, լուրջ հաշվարկներով. չենք տառապել ինքնագովեստով ու ինքնագովազդով: Տվել ենք անցած 17 տարիների գնահատականը, իսկ վերջին էջում տպագրել ենք առաջին անհրաժեշտության ապրանքների գները խորհրդային ռուբլով և ՀՀ դրամով: Մենք խնդրեցինք միասին հաշվարկ կատարել, սակայն ժամանակի սղության պատճառաբանությամբ Թովմասյանը հրաժարվեց` խորհուրդ տալով դա անել ազատ ժամանակ` հաշվարկային փոխարժեք ընդունելով 1 դոլարը 57 կոպեկ հարաբերությամբ: Ինչը սիրով կատարում ենք: Ցուցակը գլխավորում է ձուն, որն արժեր 30 կոպեկ: Այսինքն` մեկ դոլարով այն ժամանակ գնել ենք երկու ձվից մի քիչ` քիչ: Այսօրվա թվաբանությամբ ստացվում է մեկ ձվի արժեքը 180 դրամից էլ ավել: Սա նշանակում է, որ ձուն երեք անգամ էժանացել է: Մնացած հաշվարկը թողնելով ընտրողներին, անցնենք առաջ: - Ի՞նչ վիճակում էր գտնվում ԽՍՀՄ-ը իր կազմավորումից քսան տարի անց,- հարցրեցինք ՀԿԿ քարտուղարին: - Կառուցում էինք: Հավանաբար ընտրություններից առաջ չուզեց հիշել, որ ձեռքի հետ էլ գնդակահարում էին: 1937 թ.-ն էր:

Գ. ԱԲԳԱՐՅԱՆ