Սիրո և հարգանքի տուրք


Ու կրկին, արդեն որերորդ անգամ, Ազգային գրադարանն իր հարկի տակ համախմբում է բոլոր նրանց, ովքեր դեռ հուզմունքով են հիշում և հպարտությամբ խոսում իսկական հայրենասերի, հմուտ ղեկավարի ու կազմակերպչի, մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործչի` Կարեն Դեմիրճյանի մասին: Այս անգամ առիթը նրա ծննդյան 75-ամյա տարեդարձն էր: Ժողովուրդը սիրում և վստահում էր նրան: Այո°, կարճատև եղավ նրա աշխատանքը խորհրդարանում, որը խոստանում էր լինել իրատեսական ու արդյունավետ, բայց... Դեմիրճյան անհատի, ծանրակշիռ մտավորականի, պետական ու քաղաքական գործչի կորստյան ցավը սերունդները դեռ շատ են զգալու: Այդ է վկայում նաև այն, որ ամեն տարի այս օրերին Ազգային գրադարանի ցուցասրահում հավաքվածներից ամեն մեկն իր սրտի խորքում հույզեր ու հիշողություններ ունի նրա հետ կապված: Մշակույթի փոխնախարար, գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի հավաստմամբ` - Ժողովուրդը ծնում է իր ընտրյալ զավակին, իսկ երկիրը, պետությունը պետք է գնահատի իր ունեցածը: Սա իմաստություն է, որ բոլորս գիտենք: Հոբելյաններ կան, որոնք ժողովրդական արձագանք են գտնում: Կարեն Դեմիրճյանը մշակույթի գիտակ ու մշակ էր, նա գիտեր մշակույթի հարկը: Ես այդպիսին եմ հիշում նրան: Տարիներն առաջ են գնում, բայց մենք գիտենք, թե ինչ ունենք: Իսկ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լև Հակոբյանի կարծիքով` Կարեն Դեմիրճյանի մասին որքան էլ ասվի, միևնույն է, քիչ է: Որքան նրա հետ շփվեցի, հասկացա, որ մեծ հպարտությամբ էր վերաբերում մեր հանրապետության գիտության զարգացմանը: Նա տվեց ամեն ինչ` ոչինչ չվերցնելով: Նա եղել է, կա ու պիտի մնա որպես մեր պատմության անթագադիր թագավոր: Գիր ու գրականության հանդեպ սերը և ջերմ հարաբերությունները գրադարանի հետ վկայությունն են գրադարանին նվիրած նրա գրքերը, որոնցից շատերն այդ օրվա ցուցահանդեսի մասն են կազմում: Նրա կարծիքով. «Որպեսզի ընթերցանությունը դառնա դաստիարակության անփոխարինելի դպրոց, հարկավոր է դեռևս փոքրուց սեր պատվաստել գրքի նկատմամբ, հավերժական սեր, ընդմիշտ հիշելով, որ գրքին չեն փոխարինի այլ միջոցների օգնությամբ ստացվող տեղեկություններն ու տպավորությունները»: Կ. Դեմիրճյանի միտքը սթափ էր ու խորաթափանց: Անհատը պետք է ազատություն ունենա իր ունակությունները դրսևորելու համար: Բայց, ավա՜ղ , նա շուտ զրկվեց այդ ազատությունից ու չհասցրեց սկսած գործն ավարտին հասցնել: Նա Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում հրաշալի հետք թողեց: Արած գործերն են հուշում, որպեսզի հպարտությամբ արձանագրենք, որ Կարեն Դեմիրճյանը անմահ է:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ