ՀԵՌԱՑԱՎ «ՎԱՅՐԻ ԱՂՋԻԿԸ»


«Վայրի աղջիկը» միայն Ժան Անույի պիեսի վերնագիրը չէ մեզ համար: Մի վերնագիր, որը կապակցվեց հանրապետության վաստակավոր արտիստուհի Տաթևիկ Ղափլանյանի անվանն ու նրա համար դարձավ յուրատեսակ ստեղծագործական և մարդկային կենսագրություն: Այս վերնագիրը նաև նրա ինքնահատուկ բնութագիրն էր` իր օրենքներն ունեցող, իր ճշմարտությամբ ապրող, բազմաթիվ պայմանականություններ ժխտող դերասանուհու ու մարդու բնութագիրը, ով մոտ քսան տարի հայ թատերասերին վարակեց իր բացառիկ-եզակի ստեղծագործությամբ, պարտադրեց տեսնել փշրվող կաղապարներ ու կարծրատիպեր, դերասանական արվեստն ընկալել իր մոտեցումներով և ընկալումներով: Տաթևիկ Ղափլանյանը թատրոն եկավ 1971-ին, երբ իր հոր` Հրաչյա Ղափլանյանի ստեղծած թատրոնում խաղաց Աղջիկ` Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալը» պիեսի բեմադրության մեջ: Այդ բեմադրությունը դերասանական յուրատիպ կատարումների խրախճանք էր, Լևոն Թուխիկյանի, Հանրի Զարյանի, Արթուր Ութմազյանի, Լուսինե Կիրակոսյանի, Ռաֆայել Քոթանջյանի ձևավորած խրախճանքը, որում իր ահռելի ներդրումն ուներ նաև առաջին անգամ բեմ բարձրացած դերասանուհին, ով փշրում-ավերում էր տրավեստիների մասին բոլոր պատկերացումները, անկեղծությունն ու անմիջականությունը դարձնում խաղարկման ենթահիմքը: Տաթևիկ Ղափլանյանի այս դերակատարման մասին թե հայ, թե ռուս թատերագետները, բոլորը միահամուռ կերպով գնահատեցին նորարարական այն դրսևորումները, որոնք ակնբախվել էին այս կատարման մեջ: «Աղջկա» դերակատարմանը հաջորդեցին նորերը. լինելով գեղարվեստաթատերական ինստիտուտի` պրոֆեսոր Սարգիս Քոչարյանի արվեստանոցի ուսանողուհի, Տաթևիկը խաղում էր թատրոնում` օրավուր իր վարպետությամբ և խաղային առանձնահատկություններով մերձենալով այս թատրոնի վարպետներին: Տաթևիկ Ղափլանյանի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ նա հեռանում էր զգացմունքի օբյեկտիվացումից և գալիս դեպի զգացմունքի ընդհանրացումը, աբստրահարումը, ինչը բխում էր Եվգենի Վախթանգովի գեղագիտությունից: Տաթևիկն իրապես վախթանգովյան դպրոցի դերասանուհի էր` այս հարցում համախոհություն ձևավորելով Հրաչյա Ղափլանյանի հետ, ով հայ թատրոնում շարունակում էր վախթանգովյան ավանդույթները, որոնք արմատավորել էր Վարդան Աճեմյանը: Տաթևիկը ցայտուն գրոտեսկի դերասանուհի էր, ինչի վառ արտահայտություններից մեկը Երանյակն էր` Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսի բեմադրության մեջ: Դերասանուհուն հատուկ էին կոմիկականի հրաշալի զգացումը, արտակարգ ռիթմականությունը, որոնք էլ նրան առանձնացնում էին շատերից: Դերասանուհու ճշմարիտ ճանաչումը եկավ այն ժամանակ, երբ խաղաց Ժենյա` «Ռեպետիտոր», Օֆելյա` «Համլետ», Ժաննա դ’Արկ` «Արտույտը» և Վալյա` «Իրկուտսկյան պատմություն» պիեսների բեմադրությունների մեջ: Այս դերակատարումներով Տաթևիկը մտավ Ղափլանյանի անունը կրող թատրոնի պատմության մեջ, առանձնացավ զարմանալի մաքառման ուժով, կրքով, սեփական հավատամքով: Կյանքում լինելով ինքնատիպ` նա այն բացառիկ դերասանուհիներից էր, ով անձնական մղումներն ու բնավորության գծերը միավորում էր բեմատիպարների բնավորություններին, ստեղծում զարմանալի-հրաշալի միակցություն, ժխտում դերասանական արվեստի մասին ավանդական-քարացած ընկալումները: … Իր կյանքը Տաթևիկը սկսեց երջանիկ դիպվածների շարանով: Նա շառավիղն էր Հրաչյա Ղափլանյանի, Լեոնիդ Ենգիբարյանի, Էմմա Վարդանյանի… Ամուսնացավ Արմեն Խանդիկյանի հետ և մայրացավ` իր Արսեն որդու մեջ տեսնելով անձնական երջանկության շարունակությունը: Սակայն «մութ ու ցուրտ» տարիներին շատերի պես հեռացավ հայրենիքից, ապաստանեց ամերիկյան հողում` մշտապես վերադարձի դրոշն իր գլխի վերև պարզած… Հայրենիք եկավ այն ժամանակ, երբ երկինքը փլվել էր գլխին, երբ մենիկ որդին հեռացել էր կյանքից: Եկավ` մայրական սրտի անհանգիստ բաբախումներով բեմից պատմելու իր զգացումների մասին: Հետո գնաց, որպեսզի վերադառնար, որպեսզի կյանքի կոչեր այն ծրագրերը, որոնցով ապրում էր, որոնք հյուսել էր հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոյի հետ` հղանալով չեխովյան «Բալի այգու» բեմադրության գաղափարը… Բայց…չեկավ: Բերեցին: Բերեցին որպես մեր մեջ այլևս ապրող անուն ու կենսագրություն… Ու հեռացավ վայրի աղջիկը: Հեռացավ` մեր հիշողություններում ապրելու, մեզ երկնքից նայելու համար…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ