ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՅԻ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ


Բրիտանական նշանավոր «Գարդիանը» 2011 թվականի սկզբին, որպես տարեսկզբի հայտնություն, տպագրել է ընդարձակ հոդված Ադրբեջանի քաղաքական շրջանակներում տեղի ունեցող վերադասավորումների և մասնավորաբար նախագահ Իլհամ Ալիևի կնոջ` Մեհրիբան Ալիևայի մասին, ով այսօր համարվում է շահական Ադրբեջանի հաջորդ գահակալը: Ըստ պարբերականի, ունենալով ընտրվելու անսահմանափակ հնարավորություն, այնուամենայնիվ գործող նախագահը որոշել է 2012-ին ռիսկի չդիմել և նախագահական ընտրություներում որպես թեկնածու` պաշտպանել իր կնոջ թեկնածությունը, որն այսօր համարվում է ադրբեջանական իրականության մեջ ամենահզոր կին-քաղաքական գործիչը: Մեհրիբան Ալիևան, ով համարվում է եվրոպական արժեհամակարգերի կրող, վերջին 5-6 տարիների ընթացքում կարողացել է դառնալ մի շարք նավթային և գազային ընկերությունների բաժնետեր և իր կապիտալը հասցնել մի քանի միլիարդ դոլարի: Բրիտանական պարբերականն, իհարկե, չի հիշատակում առաջին տիկնոջ միլիարդների քանակությունը, սակայն համոզվածորեն պնդում է, որ նա այսօր ամենահարուստ ադրբեջանուհին է, ով նաև աստիճանաբար մեծ ազդեցություն է ձեռք բերում քաղաքական դաշտում: Տիկին Ալիևային են պատկանում ոչ միայն նավթային ու գազային, այլև զբոսաշրջության բիզնեսից եկող ահռելի ֆինանսական միջոցները: Մեհրիբան Ալիևան մասնաբաժին ունի նաև օդագնացությունից և երկաթուղային փոխադրումներից, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսից: Տիկին Ալիևան իր հարստությունները դիզել է նաև տարբեր ընտրությունների ժամանակ իշխանական թևը ներկայացնող թեկնածուներից, ովքեր ահռելի կաշառքներ են տալիս` Իլհամի համակրանքին ու աջակցությանն արժանանալու համար: Հենց այս ահռելի ֆինանսական միջոցներն էլ կարող են նպաստավոր լինել նրա ընտրության հարցում: Ըստ ադրբեջանական վերլուծաբանների` Մեհրիբան Ալիևայի առաջադրումը կարող է փոխել ադրբեջանական քաղաքական զարգացումները և երկիրը տանել նոր ուղիով: Իսկ Մեհրիբանը կարող է դառնալ հակադիր ուժ Իլհամին և պաշտպանել եվրոպական արժեքները, որոնցից վաղուց հեռացել է Եվրախորհրդի անդամ այս երկիրը: