1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


ՄԵՐ ազգային արժույթի հետ մշտապես ինչոր բան է կատարվում. դրամը` մե°րթ արժևորվելով, մե°րթ արժեզրկվելով, կայունություն գոյականի հետ այդպես էլ չի համատեղվում: Միակ հարցն այն է, թե տվյալ դեպքում մեր ազգային արժույթը վարընթա՞ց, թե՞ վերընթաց ուղիով է ընթանում: Այսպես, հետամանորյա շաբաթներին նույնպես տարադրամի փոխանակման կետերի ցուցանակները սկսել են ամեն օր թարմացվել: Նույնիսկ երբեմն օրը մի քանի անգամ նորացվող ցուցանակներն ազդարարում են, որ այս շրջանում արտարժույթի շուկայում դիրքերն ամրապնդելու հերթը դոլարինն է: Առաջին հայացքից այս ամենում արտառոց ոչինչ չարժե փնտրել: Տարվա այս հատվածում մարդիկ սովորաբար հազվադեպ են դոլարը դրամի փոխանակում, որովհետև գնումներ բավական քիչ են կատարում: Իսկ ներկրողները նախատոնական մեծածավալ առևտրից գոյացած գումարները դոլարի են վերածում` տարբեր ապրանքատեսակների նորանոր խմբաքանակներ Հայաստան տեղափոխելու նպատակով: Նշվածներն, իհարկե, լիարժեք հիմքեր են ստեղծում դոլարի արժևորման համար: Սակայն ողջ խնդիրն այն է, որ տարադրամի շուկայի պահվածքը տարեվերջին այդպես էլ չշեղվեց կանխատեսումների շրջանակից: Դեկտեմբեր ամսին մեր ազգային արժույթը լրացուցիչ արժեզրկում չարձանագրեց. դրամի կուրսն անփոփոխ մնաց, ու դոլարի ներկայիս հաղթարշավը ոչ թե պարզապես ամերիկյան փողի նախկին դիրքերն է վերականգնում, այլ առայժմ 5, առաջիկայում միգուցե ավելի շատ նիշերով գերազանցում է հարաբերականորեն կայուն համարվող 360 դրամի պայմանական սահմանագիծը: Իհարկե, մեր պարագայում նման շեղումները վաղուց են սովորական դարձել, բայց հարցն այն է, որ այս դեպքում ներկրողները դարձյալ լավ հնարավորություն են ստանում` գնաճի թեման է°լ ավելի արդիականացնելու: Գաղտնիք չէ, որ եթե նրանք թանկացումների համար երբեմն նաև փորձում են ինչինչ հիմնավորումներ մոգոնել, ապա դոլարի արժևորման պարագայում պատճառաբանություն կոչվածն ինքն իր ոտքով է ներկայանում: