Կարգապահությունը` օրվա հրամայական


«...Այնուամենայնիվ, ունեցած հաջողությունների հետ մեկտեղ անցնող տարում տարբեր ոլորտներում բացթողումներ գրանցվեցին, և չնայած այդ ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքներին` հիմնական թերացումները կարգապահության ոլորտում էին: Տեղի ունեցան մահվան ելքերով մի քանի արտակարգ դեպքեր, որոնց առնչությամբ իհարկե կատարվեցին մանրակրկիտ քննություններ, վերլուծվեցին պատճառները և արվեցին հետևություններ նման դեպքերի հետագա բացառման համար: Դրանց` հասարակության շրջանում լայն հնչեղություն ստանալը ես, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում, ոչ միայն այն առումով, որ դա խիստ օգտակար կարող է լինել, այլև այն, որ դա վկայում է զինված ուժերի թափանցիկության մասին: Իսկ հասարակության համար թափանցիկ լինել մեր առաջնային խնդիրներից է, որովհետև, ի վերջո, կատարյալ բանակ մենք կարող ենք ստեղծել միայն ողջ հայ ժողովրդի մասնակցությամբ»: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ տարեմուտի ուղերձը, հիրավի «ձեռքբերումներն արժևորելու, բացթողումները վերլուծելու և հետևություններ անելու» մտահոգությամբ է համակված: Եվ, իհարկե, «հետագա համատեղ աշխատանքի կարևորագույն ուղղություններ նախանշելու» միտումն ունի: Եվ պատահական չէր, որ 2011ի աշխատանքային առաջին իսկ շաբաթը նախարարությունում հրավիրվեց նաև համակարգի իրավապահ մարմինների 2010 թ. աշխատանքների խորհրդակցություն: Ընդգծենք. խորհրդակցություն` համակարգի իրավապահ օղակների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Ասել է թե` ի մի բերելով բոլոր տվյալները, առավելագույնս հստակեցնել անելիքները, որպեսզի թափանցիկ գործունեության արդյունքում այսուհետ զառանցագին չարախոսություններին սնունդ տվող ասեկոսեներն այլևս խուճապի առիթ չդառնան: ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում նշել է, որ Զինված Ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ` շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և զինվորական բարեկրթության պահպանման վրա: Նախարարն ասել է, որ կարգապահության հարցերը 2011թվականի առաջին կիսամյակում լինելու են Պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնավոր լուծումները ստանան‘ բարձրացնելով Զինված ուժերում կարգապահության մակարդակը: Ինչպես Պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ նշեց` - 2010 թվականի մեր աշխատանքի արդյունքների ամփոփմանը միտված այս խորհրդակցությունն իր ձևաչափով տարբերվում է նախորդ նմանատիպ համահավաքներից: Նախ կարծում եմ` ամենքն են տեղյակ, որ հատկապես պաշտպանական կառույցի իրավական մարմիններն առանձինառանձին ու նաև համատեղ լուրջ քննարկման առարկա ենք դարձրել անցանկալի բոլոր այն երևույթները, որոնք առկա են բանակում: Հատկապես վերջին 3-4 ամիսների ընթացքում շարունակական վերլուծություններ ենք կատարել` ախտորոշելու, թե հատկապես ո՞րն է մեր «աքիլլեսյան գարշապարը», ինչը հաճախ խոցելի է դարձնում Հայոց բանակը: Խոցելի` իհարկե (ու բարեբախտաբար) ոչ թե հակառակորդ երկրի, այլ մեր իսկ հասարակության շրջանում մեզ համար ոչ այնքան բարենպաստ կարծիք ձևավորելու առումով: Փոխնախարար Վլ. Գասպարյանն ինչպես միշտ, այս պարագայում նույնպես ոչ թե թերությունթերացումները մեղմ ներկայացնելու (առավել ևս` կոծկելու), այլ դրանք վերացնելու, հնարավորինս բացառելու մղումն է կարևորում: - Իսկ իր կոչումը հարգող սպան չի° կարող, իրավունք չունի բավարարվել այն իրողությամբ, որ զինվորական ծառայության 2 տարիները բավական չեն` ամեն նորակոչիկի հետ հասարակությունից բանակ ներմուծվող արատները մեկեն և իսպառ բացառելու համար, ասում է նա` հավելելով. - Մեր աշխատանքում ոչ մի հաջողություն չի կարելի վերջնական կամ նույնիսկ ինչոր հանգրվանային համարել, որովհետև առնվազն տարեկան 2 անգամ, մենք ստիպված ենք ամեն ինչ զրոյից սկսել` որոշակի զանգվածի հետ: Օրինաչա°փ է: Ահա թե ինչու, հատկապես կարգապահական խնդիրների առումով, մենք հավասարաչափ հետևողական ենք ոչ միայն ժամկետային զինծառայողներին, այլ նաև սպաներին, հրամկազմերին ներկայացվող մեր պահանջներում: Հատկապես վերջիններս պարտավոր են գիտակցել, որ իրենք ոչ թե վերակացու, այլ նախևառաջ զինվորի ավագ ընկերն են ու պարտավոր են այդ պատանիներից հայրենիքի պաշտպաններ կերտել, անձնական օրինակով բարձրացնել նրանց մարտական ոգին: Ինչպես Պաշտպանության նախարար Ս. Օհանյանն է նշել իր մեթոդական ցուցումներում` «Զինվորի սրտի «բանալին» գտնելը, նրա հոգեկանի, ոգու տրամադրվածության վրա դրական ազդեցություն ունենալը, առաջադրված մարտական խնդիրը կատարելու համար ոգևորելը նույնքան բարձր և նուրբ արվեստ է, որքան վճռական ճակատամարտի պլանը կազմելը»: *** - Բնական եմ համարում Զինված ուժերի նկատմամբ հասարակության ուշադրությունն ու նաև համապատասխան կառուցողական քննադատությունը` մանավանդ կանոնադրական հարաբերությունների խախտումների դեպքում: Մենք այսուհետ ևս չափազանց անհանդուրժող ենք վերաբերվելու նման օրինախախտումներին, և կարծում եմ, որ դրանով կարող ենք ապահովել մեր նահատակված մարտական ընկերների կյանքի գնով ձեռք բերված հաջողություններն ու նաև մեր հետագա զարգացումները: Գտնում եմ, որ ընդհանուր առմամբ նման իրավիճակներից դուրս գալու ելքը զինվորական ծառայության նկատմամբ հասարակության մեջ հարգանքի ձևավորումն է նաև, որովհետև այդ կերպ մենք կարող ենք ստեղծել փոխվստահության դաշտ, որը կնպաստի զինվորականների կողմից իրենց պարտականությունների կատարմանը և մեր երկրի պաշտպանունակության բարձրացման խնդիրներին: Հանցագործություն կատարած սպան, ինչպես հայտնի է, մեկուսացվել է, և ոչ ոք չի կասկածում այլևս, որ արժանի պատիժը կկրի: Ու սա այն դեպքն է, որը ոչ միայն չարիքի հանդեպ համակարգի ղեկավարության անհանդուրժողականությունն է վկայում, այլև լուրջ մտորելու առիթ է ինքնամեծար, ինքնատիրապետումը կորցրած մյուսների համար: Վերջին տարիներին ՀՀ Նախագահի` Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ նախաձեռնվել են բարեփոխումներ ու այդ բարեփոխումների ընթացքը արդեն իսկ իր արդյունքները տալիս է, և կարծում եմ, որ հասարակության մեջ մոտակա ժամանակներս դա նաև երևալու է: Ես գտնում եմ, որ բարեփոխված զինված ուժերում թե° զինծառայողները, թե° սպաները առանձնակի, նոր մոտեցումների, նոր գիտակցական վերաբերմունքի տերը պետք է լինեն, և այդ ամենին հասնելու համար մենք մեծ դեր ենք վերապահում ռազմակրթական հարցերին, որը ներառված է ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրերում և ՀՀ կառավարության գերակա խնդիրների ցանկում, փաստում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով զորամասերից մեկի հրամանատարի դատապարտելի պահվածքին վերաբերող լրագրողի հարցին: *** Փոխնախարարի աշխատակազմում անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ զինվորական նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանը (ում մասին ջերմորեն արտահայտվեցին Նախարարն ու Փոխնախարարը) և Քննչական ծառայության պետ գեներալմայոր Արմեն Ստեփանյանը: Իսկ խորհրդակցությունն ավելի շատ մտահոգ զրույց էր` հստակ շեշտադրումներով: Մտքերի փոխանակում, գործունեության վերլուծություն, որի ընթացքում դրականը ներկայացվում էր միայն «ցամաք» թվերի տեսքով: Ի դեպ` նույնիսկ այդ պարագայում` դրականը քիչ չէ, բայց եղածով գոհունակ լինելու միտում չկար: Քրեական իրավիճակի կայունությունն ու վերահսկելիությունը, հանցատեսակների նվազումը Ռազմական ոստիկանությունում երբևէ փարատող հանգամանք չի եղել: Եվ այդ ավանդույթին հավատարիմ, ՌՈ վարչության նոր պետը` գնդապետ Արամ ՏերՍահակյանը նույնպես, ընդգծում է օպերատիվ ու կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը. - Իմ կարծիքով` պատահական չէ, որ Զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, զորամասերում արտակարգ դեպքերի ու պատահարների նվազեցմանը, կարգ ու կանոնի վրա բացասաբար ներգործող հանգամանքների և պատճառների բացահայտման, զինծառայողների իրավական պատրաստվածության գործընթացը բարելավելու և այդ գործում զորամասերի հրամանատարությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու խնդիրներին է միտված Պաշտպանության նախարարի թիվ 1 հրամանը: Այն, իմ համոզմամբ, կարելի է համարել իրավական նոր մշակույթի ձևավորման սկիզբ` Զինված ուժերում: Ինչ վերաբերում է բանակում արձանագրված դեպքերի վիճակագրության վերլուծությանը, ապա պետք է նշեմ, որ թեև առանձին հանցատեսակներ (ծեծկռտուք, ինքնավնասում) ունեցել են աճի միտում, սակայն արձանագրվել է քրեածին իրավիճակը բնութագրող հանցատեսակների` ինքնասպանության, դրամահավաքների, մոլեխաղերով զբաղվելու դեպքերի նվազում: Նախարարի` 2011ի թիվ 1 հրամանը վերստին կարգապահության ամրապնդման պահանջ է. գրոհային քաղաքականություն` բացասական բոլոր երևույթների դեմ: Ներկայացված դեպքերից մեկը Ռազմական ոստիկանության և զորամասերի հրամանատարների արդյունավետ համագործակցության լավագույն վկայություններից մեկը կարելի է համարել: Օպերատիվ տեղեկատվության և դրան անհապաղ արձագանքելու շնորհիվ կանխվել է մի զինվորի ինքնասպանությունը: Բարեբախտաբար առանց ուշացման հայտնաբերվել է մետաղյա այն լարը, որով զինվորը պատրաստվել է կախվել` գրություն թողնելով, որ դրա պատճառը հոր անտանելի վարքագիծն է ընտանիքում: Եթե միջադեպը չկանխվեր` դժվար չէ պատկերացնել այն վայնասունը, որ կբարձրացնեին ամենատարբեր կազմակերպություններ` անտեսելով կամ կասկածի ենթարկելով առկա նամակը: Փառք Արարչին, հայ զինվորի կյանք է փրկվել, և մեր բանակը «փրկվել» է ավելորդ զազրախոսությունների նոր ալիքից: Սակայն այդ մասին երևի միայն զորամասում և համապատասխան ծառայություններն են իմացել: Մինչդեռ նմանօրինակ դիպվածները նույնպես հրապարակավ քննարկելու անհրաժեշտությունը միայն բանակի շահերից չէ, որ բխում է… *** - Ինչպես նկատեցիք` այսօրվա խորհրդակցությունում մենք չկարևորեցինք թվերն ու համեմատական տոկոսները, որոնցով սովորաբար փորձ է արվում հիմնավորել հաջողությունները: Ես լավ եմ հասկանում թվերի արժեքը. ցանկացած թիվ կարելի է և° լավ, և° վատ աշխատանքի արդյունք ներկայացնել: Գործուն չէ այդ մեխանիզմը: Իրական պատկերը պետք է ներկայացնել, մանավանդ` դա արդեն քննարկվել է: Քննչական ծառայության և ՌՈ պետերի հետ մենք արդեն անդրադարձել ենք այդ իրական պատկերի մանրամասներին, քննարկել ենք առաջարկները, հանձնարարականներ բաշխել, ասում է գեներալմայոր Վլադիմիր Գասպարյանը: Փոխնախարարն հիմա արդեն ոչ թե վստահեցնում է ապագայի համար, այլ փաստում է, որ Նախարարի պահանջով և բարձրագույն հրամանատարական կազմի խորին համոզմամբ` հասարակության համար թափանցիկ լինելն արդեն ոչ միայն գիտակցված կարևորություն է: Արդեն նաև` ընթացք առած գործելակերպ, որը շարունակական է լինելու` միտված բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Ի ԴԵՊ. Տարեմուտին «Ինչպե՞ս եք վերաբերվում մեր բանակին» թեմայով «Ավանգարդի» անցկացրած հարցախույզի արդյունքները հավելյալ վկայություն էին այն իրողության, որ ժողովուրդը սիրում է իր զինվորներին: Բացասական կարծիք չէին հնչեցրել նույնիսկ ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցները: Եվ բոլորի համոզմունքը նույնն էր` - Բանա°կն է մեր լինելիության երաշխիքը:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ