ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


ԱԴՐԲԵՋԱՆԻ պետական նավթային ընկերությունն իր իսկ լարած թակարդում է հայտնվել: Այս կառույցի ղեկավարն օրերս նորից է քննարկել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը ձեռք բերելու խնդիրը` արդեն դժվար է հիշել, թե որերորդ անգամ հույս հայտնելով, թե շատ շուտով գործարքի վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիից պատասխան կստացվի: Ինչպես հայտնի է, Վրաստանի կառավարությունը դեռևս անցյալ տարվա կեսերին որոշում էր ընդունել իր երկրի տարածքով անցնող գազատար խողովակաշարը ռազմավարական օբյեկտների ցանկից հանելու և մասնավորեցնելու մասին: Այն ժամանակ Մ. Սահակաշվիլու վարչակարգն անուղղակիորեն հասկացնում էր, թե հարմար գնային առաջարկի դեպքում խողովակաշարի տնօրինման իրավունքն իրենք մեծ հաճույքով կարտոնեն ցանկացած գնորդի: Ռուսական «Գազպրոմի» լռությունն, իհարկե, հետզհետե մեծացնում էր Ադրբեջանի նավթային ընկերության ախորժակն ու ոգևորությունը, թեև ակնհայտ է, որ սայլը դեռ այսօր էլ տեղում է: Վրացական կողմն էլ իր հերթին իրարանցում առաջացրած որոշումից հետո լռում կամ լավագույն դեպքում անորոշ ու կոնկրետ ոչինչ չասող հայտարարություններ է տարածում: Ինչպես նշեցինք, լռությունն է նախընտրում նաև «Գազպրոմը»: Ուստիև Բաքվում գործող նավթային կառույցին ոչինչ չի մնում, քան նույնաբովանդակ հայտարարություններով ժամանակ առ ժամանակ վերահաստատել գազատարը գնելու մեծագույն ցանկությունը: Իլհամ հեյդարօղլու իշխանությունն, ակնհայտորեն վառելիքային դոլարների հրապույրից շլանալով, ձգտում է հնարավորինս արագ ազատվել երկրի բնական պաշարներից: Ավելին, վրացադրբեջանական խողովակաշարային գործարքի շուրջ խտացող անորոշությունը չի խանգարում, որպեսզի ընթացիկ տարում Բաքուն 30 միլիոն խորանարդ մետր գազ արտահանելու մասին հայտարարի` հընթացս «սպառնալով», որ նշված թիվն առաջիկայում 80ի է հասցնելու: Այսուհանդերձ, չի բացառվում, որ գազային նորանոր գործարքների մասին հարևան երկրի ղեկավարների երազանքները նույնպես վրացական խողովակաշարի ճակատագրին արժանանան, քանի որ այս դեպքում էլ գնորդների մասին ոչինչ չի ասվում:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ