Ամանորի «նվեր»


Բնականոն երևույթ է, որ հասարակական կյանք ցանկացած նորամուծություն որքան էլ առաջադեմ լինի, այնուամենայնիվ, դժվարությամբ է ներմուծվում: Դեռևս նախորդ տարի տեղեկացվել էր, որ հունվարից կգործի կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ, ըստ որի շահառուներն իրենց ցանկությամբ թոշակները կարող են ստանալ կամ իրենց փոստային բաժանմունքից կամ բանկերից` դրանցում անձնական հաշիվ բացելով: Նոր կարգը հնարավորություն կտար խուսափել թոշակների վճարման ժամանակ անօրինական գանձումներից, ինչից արդարացիորեն բողոքում էին շահառուները: Եկավ հունվարի 4-ը. փոստային բաժանմունքների մոտ թոշակառուներ խմբվեցին: «Հայփոստի» Դավիթաշենի 0054 բաժանմունքում, օրինակ, սոցիալական ծառայության ծանոթ աշխատակիցներից ոչ ոք չկար. պարզվեց` մոտ 300 հաստիք կրճատվել է: Բաժանմունքում գումարը դեռ չէր ստացվել: Արդեն ժամը 14-ն էր, երբ խմբվածների մի մասը մի քանի ժամ անարդյունք սպասելուց հոգնած հեռացավ` հասանելիք գումարը հաջորդ օրը ստանալու հույսով: Անհանգստությունը մեծացավ, երբ փոստատան աշխատակցուհին հայտարարեց, որ ի տարբերություն նախկինի, իրենք պարտավոր են ժամը 17.00-ին դադարեցնել թոշակների վճարումը, եղած գումարը հետ վերադարձնել և նույն գործընթացը շարունակել հաջորդ օրը: Գումարը փոստատանը ստացվեց միայն ժամը 16-ին: Ու սկսվե¯ց. - Մինչև փակվելն ընդամենը մի ժամ է մնացել, մի ժամում եղածներիցս քանիսին կհասցնեն վճարել,- ասում էին խուճապահար թոշակառուներն ու հրմշտում միմյանց: Բայց սա դեռ սկիզբն էր: Իսկական սոդոմ-գոմորը սկսվեց, երբ պարզվեց, որ թոշակ ստացողների ցուցակները խառն են կազմվել. որոշ մարդկանց անուններն ընդհանրապես չկան ցուցակներում: - Տոներից հետո կգնաք, սոցապ. բաժնում կպարզեք ձեր հարցերը, ցուցակներն այնտեղ են կազմել,- ասում էին վրդովված թոշակառուներին: Իսկ չդադարող աղմուկ-աղաղակի ու սաստկացող հրմշտոցի մեջ իրենց գումարները մի կերպ ստացողները հետո բողոքում էին, թե նախկինում թոշակ վճարողներն ավելի խղճով էին` ավելի քիչ էին «պահում» առանց այդ էլ ցածր իրենց գումարներից: Թվում էր` այդպես կլինի միայն վճարման առաջին օրը, հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց չէ, հաջորդ օրն ամեն ինչ կրկնվեց նույն սցենարով` գումարը նորից փոստային բաժանմունքի փակվելուց միայն մեկ ժամ առաջ բերեցին: Փոստատան աշխատակցուհին դարձյալ շատ բղավելուց խզված ձայնով հայտարարեց ժամը 17.00-ին փակվելու և մնացած գումարը հետ` ինկասատորին հանձնելու մասին ու դարձյալ, ինչպես նախորդ օրը, սկսվեց խառնաշփոթը: Անունները ցուցակներից անհայտացածներից մի քանիսը կրկին եկել էին` ցուցակներում, այնուամենայնիվ, իրենց գտնելու անզիջում վճռականությամբ: Երկար ու հոգեմաշ փնտրտուքի արդյունքում պարզվեց` տասը տարի առաջ փոխված իրենց հին բնակարանների հասցեով են նշել: Բայց թե ո՞ւմ նախաձեռնությունն էր, ո՞վ էր այդ անմիտ հրահանգի հեղինակը, չպարզվեց: Բայց պարզ է, որ թոշակների վճարման նոր կարգը մտցվել է գործընթացն ավելի պարզեցնելու, որոշ առումով նաև մարդկային գործոնը նվազեցնելու և այդպիսով չարաշահումների վերջը տալու նպատակով: Սակայն, պարզվում է` դեռևս կան այնպիսի հնարամիտներ, ովքեր հաջողեցնում են գրչի թեթև շարժումով խառնաշփոթ ստեղծել ու պղտորված ջրում ձուկ որսալ` առաջացնելով մարդկանց արդարացի դժգոհությունն ու նաև, որ շատ ավելի վատ ու վտանգավոր է` անվստահություն ու զայրույթ սերմանելով պետության հանդեպ:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ