ՀՅՈՒՐԱՍՐԱՀ


Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. «Հեռու եմ ծեքծեքուն բառերից» 2011 թվականը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ համար հոբելյանական է. բոլորում է նշանավոր երգչի ծննդյան 70-ամյակը: - Չե՞ք զարմանում, որ արդեն 70 տարեկան եք դառնում: - Ինչու՞ զարմանամ, երբ դա իմ ապրած կյանքի հանրագումարն է: Այդ տարիները ես եմ ապրել, ես եմ անցել նրանց միջով ու հասել մի հանգրվանի, որն ինձ համար բնավ էլ ծերություն չի կոչվում: - Ուրեմն, Դուք դեռ երիտասարդ եք: - Ստեղծագործության մեջ` իհարկե: Արվեստն իր բնույթով և էությամբ միշտ երիտասարդ է: Արվեստագետն իրեն կարող է ծերացած համարել միայն այն ժամանակ, երբ այլևս ասելիք չունենա, երբ հեռանա բեմից ու ստեղծագործությունից: Իսկ ես դեռ երգում եմ, նոր ծրագրեր եմ կազմում, ղեկավարում եմ Մերանգուլյանի անվան նշանավոր անսամբլը, դասավանդում եմ կոնսերվատորիայում… Ստեղծագործական դադարն է ծնում ծերություն և ամլություն: - Ձեզ երջանիկ ճակատագրի արվեստագետ են համարում: Դա, իրոք, այդպե՞ս է: - Ինձ երգի աշխարհ տարավ մեր նշանավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը և դարձավ իմ հոգևոր ուսուցիչը, իսկ ականավոր մաեստրո Արամ Մերանգուլյանն էլ ստանձնեց իմ ստեղծագործական դաստիարակի պարտականությունները: Ես` անփորձ պատանի, մի օր հանդգնություն ունեցա, զանգեցի նրանց տուն և հեռախոսով մի երգ երգեցի նրա համար: Մաեստրոն ինձ խնդրեց էլի երգել… Այսպես մի քանի տասնյակ երգ երգեցի, իսկ հաջորդ օրն արդեն Արաքսյա Գյուլզադյանն ինձ տարավ նրա մոտ… Ես սկսնակի դժվարություններ չունեցա, ինձ միանգամից վստահեցին երգացանկի բարդագույն ստեղծագործությունները… Քսանվեց տարեկան հասակում ես արժանացա վաստակավոր արտիստի կոչման, 36-ում` ժողովրդական արտիստի… Կոչումներն, անշուշտ, գնահատություններ են, երջանկությունը դրանց մեջ չէ: Ես երջանիկ եմ, որ շրջապատված եմ եղել բարձր պրոֆեսիոնալների հոգատարությամբ, համաժողովրդական սիրով, ստեղծագործական աշխատանքի հագեցվածությամբ: Երգել եմ աշուղական դասական դպրոցի բոլոր ներկայացուցիչների բարդագույն ստեղծագործությունները, կատարել եմ էստրադային երգեր ու ռոմանսներ, բախտ եմ ունեցել կատարելու Սարոյի դերերգը «Անուշ» օպերայում… Աշխարհի խոշորագույն ու նշանավոր համերգասրահներում եմ հանդես եկել… Իմ մասնակցությամբ նկարահանվել է հեռուստատեսային երաժշտական ֆիլմ` «Ով կոտրեց ձայնապնակը»: - Ձեր արվեստը գնահատել են ազգային շատ մեծություններ, ձեզանով հիացել են մեր երգարվեստի շատ խոշոր անհատականություններ: Այսքանից հետո Դուք ձեզ աստղ համարու՞մ եք: - Եթե խորանանք աստղ հասկացության մեջ, ապա պիտի նկատենք, որ դա ավելի թեթև, գլխավորապես շոու և կինոբիզնեսին բնորոշ հասկացություն է: Երբեմն հեշտությամբ, առանց տքնանքի աստղ են դառնում ու շատ շուտ էլ խամրում: Ես պրոֆեսիոնալ արվեստագետ եմ, հեռու եմ այդ ծեքծեքուն բառերից ու գնահատականներից: Այո, ես երջանիկ ճակատագիր եմ ունեցել, բայց դա չի նշանակում, թե հեշտությամբ է ինձ ամեն ինչ տրվել, առանց լուրջ աշխատանքի: Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց‘ ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ամեն մի երգ պատրաստելիս լուրջ աշխատանք եմ կատարել, երբեք չեմ երգել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հեռու են եղել պրոֆեսիոնալ որակներից, մեծ կարևորություն եմ տվել բանաստեղծական տեքստին: Երբ կառուցիկ բանաստեղծական տեքստ է, իմաստավոր‘ երգը ձեռք է բերում նոր արժեք, մեղեդին բեռնավորվում է, դառնում արժեքավոր: - Դատելով ձեր այս մոտեցումից, կարո՞ղ ենք ասել, որ դուք քննադատական վերաբերմունք ունեք այսօր հնչող շատ երգերի նկատմամբ: - Իհարկե: Շատ հաճախ հնչում են պարզունակ տեքստերով, ոչինչ չասող խոսքերով երգեր, որոնք չեն կարող հույզեր, զգացմունքներ և մտորումներ ծնել, չեն կարող հետաքրքրել ունկնդրին: Որքան էլ երգը համարվում է «թեթև ժանրի» երկ, այնուամենայնիվ այն բարդ կառույց է, իսկապես բարդ ժանրի ստեղծագործություն: Այսօր մեր ազգային երգը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Պետք է մեծ տեղ հատկացնել կոմպոզիտորական և աշուղական երգին, պետք է ձևավորել համագործակցություն երգահանների և բանաստեղծների հետ, մեր լավագույն երգերը ստեղծվել են լավագույն բանաստեղծական տեքստերի հիման վրա: - Ասացիք, որ որպես արվեստագետ‘ Ձեզ երջանիկ եք համարում, իսկ որպես անհատ, որպես քաղաքացի նույնքան երջանի՞կ եք: - Իմ անձնական և ստեղծագործական երջանկությունը զուգակցված է: Ունեմ հրաշալի ընտանիք, լավ զավակներ, սիրող ու հոգատար կին, մեծանում է թոռնիկս` կրտսեր Ռուբեն Մաթևոսյանը: Մարդկային երջանկությունը սերտորեն կապակցված է իմ ստեղծագործությանը, իմ կենսագրության այդ կեսին: Դրանք էլ ձևավորում են ինքնատիպ միասնություն: - Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Ձեր հոբելյանը: - Թող դա էլ լինի իմ անակնկալը: Ավելի ճիշտ, այդ մասին ես չէ, որ պետք է մտածեմ… Մեծամիտ բան չեմ ասում: Անպայմանորեն, իմ ծննդյան օրն էլ կերգեմ, հանրագումարի կբերեմ իմ արածը… Այդ օրն էլ բարեմաղթանքներ կհղեմ մեր ժողովրդին, որը շատ է տառապել և նվաճել է երջանիկ լինելու իրավունքը…

Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆ