ԱՌՆՈԼԴ ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ


Ութ տարի հանդիսանալով ԱՄՆ-ի խոշորագույն` Կալիֆորնիա նահանգի առաջնորդը, հոլիվուդյան գերաստղ Առնոլդ Շվարցենեգերը հրաժարվել էր նկարահանվել կինոյում` միլիոնավոր կինոսիրողների զրկելով իր հերոսների հետ հանդիպելու հաճույքից: Սակայն այսօր նախկին նահանգապետը ոչ թե ցավ է ապրում, որ իր հերոսներն այլևս չեն երևում էկրաններին, այլ, որ հեռանալով կինոյից` նա կորցրել է 200 մլն դոլար: Այսինքն, եթե նա շարունակեր նկարահանումները, ապա այդքան գումար կվաստակեր այս տարիների ընթացքում: Դժգոհելով կորցրած միլիոնների առթիվ` էքս-նահանգապետն այնուամենայնիվ հայտարարել է, որ նահանգապետի պաշտոնը «դրան արժեր»: Գումարների կորստից զատ, գերաստղը դժգոհել է նաև, որ նահանգապետի պաշտոնն իրեն զրկել է բազմաթիվ հարմարություններից, ընտանիքի հետ ավելի հաճախ շփվելու հնարավորությունից: Պաշտոնավարման ընթացքում վայելելով նահանգի բնակչության սերն ու համակրանքը, այնուամենայնիվ Շվարցենեգերը հիասթափության մեջ է թողել Կալիֆորնիայի բնակչությանը, քանի որ նահանգը հիմնովին սնանկացել է, իսկ սնանկացման պատճառ են դարձել համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու բնական աղետները, մեծ չափերի հասնող անտառային հրդեհները: