«Եվ անվերջ պղտորվում են արվեստի ջրերը»


- Եթե անձնական հաջողություններիս բարձունքից մոտենամ մեր մշակույթի արդի խառնածին նկարագրին, առատորեն փարթամացած մոլախոտերն անտարբեր հայացքով կընդունեմ: Ուզում եմ հարուստ ու հզոր երկրի ներկայացուցիչ լինել` դրսում մեծարվելով որպես իրենց արվեստի հաճելի կրող հայազգի օպերային երգիչ: Հզոր երկրի գաղափարախոսության հաստատողը բարձր մշակույթն է: Ճշմարիտ արվեստագետն է միայն կարողանում առաջ մղել երկրի զարգացումը` հասարակությունը համակողմանի բարեկրթելով երազայինը իրականության վերածող կտավով, ճարտարապետական կոթողով, ֆիլմով, բանաստեղծությամբ, թատերական ներկայացմամբ, երգով, նվագով… Մենք շատ ենք հետ մնացել աշխարհից: Պատճառն ամենևին էլ սոցիալտնտեսական դժվարությունները չեն: Հիմա, կարծես, ամեն ինչ ունենք քաղաքակիրթ ապրելու համար: Պարզապես, ըստ իս, միջոցներն են սխալ տեղաբաշխվում. նորաստեղծ պետականությունն ամրապնդելու համար, նախ, հասարակությունը պետք է բարձրարժեք հոգևորմշակութային սնունդով կանոնավոր կերակրելով` համատարած ռաբիսի ամբոխացնող ճիրաններից ազատագրել: Սակայն նրանք, ովքեր ղեկավարում են արվեստը, առանց անհրաժեշտ գիտելիքների ու տեսության լուրջ բազայի, ջանում են մասնակիցը դառնալ արարչության: Իրական արարիչները կամ օտարված են, կամ վտարված, կամ էլ` խմբավորումների մեջ: Փոքր երկիր ենք, բոլորն իրար ճանաչում են: Զանգերի, փողերի, սրանրա ծանոթբարեկամի միջոցով հարցեր են կարգավորում հարստացած մարդիկ: Եվ անվերջ պղտորվում են արվեստի ջրերն էլ: Տգեղ երևույթների հանդեպ կրավորական, անդրդրվելի հանդուրժողականությամբ` գնահատման չափանիշն է իջեցվել մարդուն ազնվացնող ու հասարակական կեցությունն ու հարաբերությունները գեղեցկացնող իսկական արվեստի: ՀՀ նախագահի հատկացրած խոշոր գումարներով Գերգիև ու Բաշմետ, Գրիգորովիչ և Դոմինգո ենք հյուրընկալում: Միաժամանակ, հանրային հեռուստալսարանն առավոտից երեկո ռաբիսների կլանի կլոնների տարախառնուրդ կլկլոցներով լցնելով, օտարածին պատվաստներով հասարակ ժողովրդին իսպառ ապակողմնորոշում: Առանց ռաբիսի պահանջարկն արմատախիլ անելու չենք կարող վաղը Եվրոպա մտնել, իսկ Ասիայում, հավատացեք երկտասնամյա փոխշփումներիս ու կենսափորձիս, մեր ապագայի առումով, անելիք չունենք: Դարերով պետականություն չունեցած մեր ժողովուրդը, XIX դարավերջից թափ առած ցեղասպանությունից հետո անգամ, երբ 70 տարի ծանրակշիռ կրթություն ստացավ, անմիջապես մի հազարամյակի թռիչք կատարեց: Համաշխարհային հսկաներ ունեցանք անխտիր բոլոր ոլորտներում: Եթե ընդամենը 70 տարում իր հզոր ներուժն ի հայտ բերեց, ի՞նչ իրավունքով ենք մեր տաղանդավոր ազգը խեղաձևում ինքնաոչնչացման տանող վերադաստիարակությամբ: Ճշմարիտ հայրենասիրությունը, ազգասիրությունը տգիտության ու աղքատության համընդհանուր հաղթահարմանը նվիրաբերվող ազնիվ ու բանիմաց տքնանքն է: Եթե արվեստը մաքուր շահույթ է հետապնդում, ինձ հետ որևէ կապ չունի: Ինքս չեմ զլանում օգտակար լինել, բայց մի հոգին ի զորու չէ բարեփոխում իրագործել: Ամբողջ աշխարհում է այժմ մշակույթը ճգնաժամ ապրում: Ինչեր ասեք, որ չեն անում շահույթներ դիզելու համար: Պետության հստակ ռազմավարությամբ են մարդիկ զանազանում ժամանցայինի ու մնայունի իրական արժեքավորությունը: Եվ կայուն պահպանվում է արվեստի գնահատման ու պահանջարկի բարձր նշաձողը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ