ՌԵՔՎԻԵՄ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԱՄԱՐ


Մոցարտյան «Ռեքվիեմը» նրա ամենասիրելի ստեղծագործություններից մեկն էր, որի կատարմամբ էլ ավարտեց իր մոտ վաթսունամյա երաժշտական գործունեությունը` իր վերջին կատարմամբ ասես հրաժեշտ տալով այն երաժշտասերին, ում համար Օհան Դուրյանը երաժշտության ու կատարողական արվեստի չափանիշ էր, այն հազվագյուտ երաժիշտն էր, որի մատների շարժմամբ գոհարներ էին ծնվում, կենդանություն էր առնում երաժշտությունը… Մոցարտյան «Ռեքվիեմը» վերջին անգամ հնչեց տարիներ առաջ` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած ակադեմիական կապելայի մասնակցությամբ. ավարտական երաժշտական ֆրազները հնչեցին ողբերգական բեռնվածությամբ, կանտիլենան հասավ իր գագաթնակետին, ու օդում ասես սառեցին Մաեստրոյի ձեռքերը… Երկար ժամանակ մնաց այդպես կանգնած, մինչև որ դահլիճում որոտացին ծափերը… Դա չորս տարի առաջ էր… Նույն «Ռեքվիեմը» հնչեց նաև օրեր առաջ` այժմ արդեն Մաեստրոյի բացակա ներկայությամբ և նվիրվեց իրեն` 20-րդ դարի մեծագույն հայ դիրիժորին, ով իրապես աշխարհահռչակ էր, ում ստեղծագործությունն իրապես գրանցում էր ստացել համամարդկային արժեքների շարքում… Հիմա արդեն մաեստրո Օհան Դուրյանը շրջանակված անուն է, Կոմիտասի անվան զբոսայգում հենց նոր գոյավորված շիրմաթումբ, անանց հիշողություն է ու հպարտություն: Շիրմաթումբը, թերևս, երջանիկ է, որ իր տակ է առել անկանխատեսելի ու խռովարար, ռավելյան յուրատեսակ խենթությամբ լցված արվեստագետին, ում համար աշխարհիկն ու կենցաղայինը մերժելի և անընդունելի էին, ով ապրում էր երաժշտության սավառնումներով` նույն երաժշտության պես ազատ ու անբանտելի: Ազգային երաժշտության պատմության մեջ Օհան Դուրյանի ժամանակն սկսվեց այն ժամանակ, երբ Եվրոպայից եկավ հայրենիք, քսաներեք տարեկան հասակում կանգնեց դիրիժորական վահանակի մոտ ու իրեն ենթարկեց բազմամարդ երգչախումբը` ապշեցնելով դիրիժորական հմտություններով, մեկնաբանությունների թարմությամբ, իմպրովիզացիոն ազատությամբ: Շատերը Օհան Դուրյանին ռոմանտիկական դպրոցի ներկայացուցիչ կոչեցին, մինչդեռ իբրև դիրիժոր ու երաժիշտ` նա էքսպրեսիոնիստ էր, ով հետևում էր թե° դասական, թե° մոդեռն դիրիժորական դպրոցների լավագույն ավանդույթներին: Եվ հենց այդ յուրատիպ սինթեզն իր ստեղծագործության հիմնաքարը դարձրած դիրիժորը միայն կարող էր ղեկավարել այնպիսի բարդագույն ստեղծագործություններ, ինչպիսիք էին Բերլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան», Մորիս Ռավելի «Բոլերոն», Վերդիի ու Մոցարտի «Ռեքվիեմները», Էդվարդ Միրզոյանի «Անընդհատ շարժումը» և այլ ստեղծագործություններ: Իր երկարատև ստեղծագործական կյանքում մաեստրո Դուրյանը ղեկավարեց մոտ 120 սիմֆոնիա, երեսունից ավելի օպերա‘ ամեն մի ստեղծագործության մեջ ձևավորելով սեփական ընկալումների և մեկնաբանությունների յուրատիպությունները: Օհան Դուրյանն այն եզակի հայ դիրիժորն էր, ով արտասահմանում ղեկավարեց տասից ավելի սիմֆոնիկ նվագախմբեր, հանդես եկավ մոտ հիսուն նվագախմբի հետ` ամենուրեք պարտադրելով իրեն կոչել բացառիկ, եզակի, անկրկնելի, ֆանտաստիկ, միստիկական… Նա անգիր գիտեր 100-ից ավելի մեծակտավ ստեղծագործություն, որոնք ղեկավարում էր առանց պարտիտուրի, անգիր` այսպես զարմացնելով իր արտառոց հիշողությամբ ու լսողությամբ, որի մասին առասպելներ էին պատմում … Ճիշտ որ` առասպելացված անհատականություն, որը վաղուց առաջ էր անցել ժամանակներից ու երաժշտության պատմության մեջ ստեղծել էր սեփական ժամանակը` ԴՈՒՐՅԱՆԱԿԱՆ ժամանակը: Շատերը չհասկացան ու չընկալեցին այդ ժամանակի առանձնատիպությունները, ոմանք վարչարարական մեթոդներով փորձեցին լռեցնել Օհան Դուրյանին, նրանից խլել նվագախմբերը, նրան դուրս թողնել Օպերայի և բալետի թատրոնից, որը նոր շունչ ու կենդանություն առավ հենց Դուրյանի շնորհիվ: Հրամաններ արձակվեցին, նրա առջև փակվեցին բազմաթիվ դռներ հենց հայրենիքում, իսկ հայրենիքից հեռու` ուրախացան, անմիջապես հրավիրեցին Մեծ Մաեստրոյին ու ապրեցին երաժշտության պարգևած մեծագույն հաճույքը. Դուրյանի ներկայության հաճույքը: Հիմա մեզ համար այդ հաճույքն այլևս ներկայանալու է ձայնագրությունների ու տեսագրությունների միջոցով` ամեն անգամ պարտադրելով ամաչել այն ամենի համար, ինչը կատարվեց Օհան Դուրյանի հետ և երջանիկ զգալու, որ աստվածային այս երաժիշտը պատմությանն է թողել նույնքան աստվածային երաժշտություն: - Օհան Դուրյանը երաժշտության ճշմարիտ կախարդ է, մեծագույն դիրիժոր, որի անունը հպարտությամբ պիտի հնչի Հերբերտ ֆոն Կարայանի անվան կողքին,- ժամանակին գրել է ռուս մեծ դիրիժոր Եվգենի Մռավինսկին: Այն Մռավինսկին, որը համաշխարհային մեծություն ու հեղինակություն էր: Այսպես արտահայտվել են շատերը, այսպես արտահայտվելու են բոլորը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ