Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆ. «Սերժ Սարգսյանն ինքը կարող է դառնալ երրորդ ուժ»
Բարեբախտաբար և, իհարկե, օրինաչափորեն, ոչ բոլոր քաղաքական միավորներն են իրենց շարքերից ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրել: Այդուհանդերձ, նրանք չեն կարող անտարբեր մնալ նախընտրական զարգացումների հանդեպ: «Գրանցված թեկնածուներից ո՞ւմ է աջակցելու ՀԱՄ կոմկուսը» հարցին կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը պատասխանում է. - Մենք կարևորում ենք ոչ թե անձերը, այլ նրանց ծրագրերը. որքանո՞վ են դրանք իրատեսական, իսկապես միտվա՞ծ են տնտեսության զարգացմանը… Եվ քանի որ այդ ծրագրերը դեռ չեն շրջանառվում, ուստի վերջերս կայացած մեր համագումարը որոշեց լիազորել կուսակցության նախագահությանը` կողմնորոշվելուց հետո միայն այս կամ այն թեկնածուին սատարելու հայտարարությամբ հանդես գալ: - Այնուամենայնիվ, քաղաքական բոլոր ուժերի գործունեությանը ծանոթ լինելով, որոշակի վերաբերմունք պետք է որ ունենաք: - Կարծում եմ` արդեն իսկ տեսանելի է, որ պայքարն հիմնականում ծավալվելու է 2 ուժերի միջև` գործող իշխանության և մի շարք կուսակցությունների կողմից որպես միասնական թեկնածու ներկայացվող նախկին նախագահի: Փորձեմ անդրադառնալ նրանց, այսպես կոչված, «ուժեղ» և «թույլ» կողմերին: Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է կրկին ժողովրդի համակրանքը շահել` ներկա իշխանություններին պիտակավորելու մեթոդով, որը, պարզվում է` ընդունելի է հասարակության ինչ-որ հատվածի համար: Դրանով հանդերձ, սակայն, նրա հեղինակությունը խոցելի են դարձնում անցյալի ծանր հիշողությունները` ցուրտ ու մութ տարիները, արդյունաբերության փլուզումը այսինքն` պարտադրված գործազրկությունը, անհեռանկար և անարդյունավետ սեփականաշնորհումը, արտագաղթի հոգեբանության ձևավորումը, խորհրդային համակարգից ժառանգած արժեքների փոշիացումը, անկայուն կառավարություններ ձևավորելը (6 վարչապետ` 7 տարում)… Իհարկե, նաև` Թուրքիան կյանքի ճանապարհ դիտելը, ազգային գաղափարախոսությունը կեղծ արժեք որակելը, բյուջետային հիմնարկներում չնչին աշխատավարձերի վճարումը տարիներով ձգձգելը: Որո՞նք են Սերժ Սարգսյանի առավելությունները: Նախևառաջ` ԱԺ-ում մեծամասնություն ունենալը, տնտեսության աճը, բնակելիների և ճանապարհաշինության ընդգծված ծավալները, հայ-ռուսական ռազմաքաղաքական կապերի ամրապնդումն ու զարգացումը: Հավելումն` ԼՂՀ հարցում ստատուս քվոյի պահպանումը, մեր երկրի բյուջեի կտրուկ ավելացումը, 60 տոկոսով կենսաթոշակների ավելացումը: Եվ, իհարկե, առաջիկա ամիսների ընթացքում հօգուտ ժողովրդի կատարվելիք դրական այլ քայլերը: Բայց մեր իշխանություններին ու նրանց հետ էլ` իշխանության ներկայացուցիչ թեկնածուին խոցելի են դարձնում կլանային համակարգի ձևավորումը, ֆինանսական և առևտրային ու քաղաքական կապիտալի սերտաճումն ու կուտակումը մարդկանց մի խմբի ձեռքում, տնտեսության ստվերային ծավալների մեծացումը, ապրանքների ներկրման ծավալների առաջանցիկ աճը արտահանումների նկատմամբ, հարկային ճնշման մեծացումը, տարադրամի արհեստական արժեզրկումն ու կապիտալի արտահոսքը` միջազգային բանկեր: Թեև պետք է նշել, որ այս թերությունների մեջ Սերժ Սարգսյանի չափաբաժինը միջնորդավորված է: Եվ հենց այս հանգամանքով էլ պայմանավորված, Ս. Սարգսյանն ինքը կարող է դառնալ 3-րդ ուժ, որի անհրաժեշտության մասին հաճախ է խոսվում: - Այո, խոսվում է: Ի՞նչ նկատի ունեք Դուք` երրորդ ուժ ասելով: - Ամենից առաջ` գործող իշխանության սխալներից ձերբազատվելը և հավատ ներշնչելը, որ Նախագահ դառնալու պարագայում կվերացնի նշյալ թերությունները: Այսինքն` կվարի հասարակության մեծամասնության շահերին համահունչ տնտեսական քաղաքականություն, քայլեր կկատարի արդյունաբերության վերականգնման ուղղությամբ: Ըստ իս` կենսաթոշակների բարձրացումն ավելի շոշափելի կդառնա, եթե դրանք նաև ինդեքսավորվեն` ելնելով գների բարձրացումից: Հարկային քաղաքականությունը, կարծում եմ, պետք է միտված լինի պարզեցման. հատկապես փոքր և միջին բիզնեսը կշահի, եթե վճարի միայն շրջանառության հարկ… - Դուք նաև Ապրանքարտադրողների միության նախագահն եք. Ձեր նկատառումները` երկրի տնտեսական վիճակի առնչությամբ: - Հայաստանը Խորհմիության այն 6 հանրապետություններից մեկն էր, որ դրական հաշվեկշիռ ուներ արտահանման գործառույթներում` շնորհիվ իր արդյունաբերության: Նորանկախ Հայաստանում, սակայն, կիրառվեց ազատ շուկայական տնտեսության շոկային թերապիայի տարբերակը` միանգամից ազատականացվեցին գները, և սկսվեց պետական ունեցվածքի մասնավորեցումը: Այսօր արդեն տարակույս չկա, որ սեփականաշնորհումը կատարվել է հակառակ հասարակության մեծամասնության շահերի: Ըստ ամրագրված ցուցանիշ ների` 1994-96 թթ. սեփականաշնորհումից գոյացած մուտքերը պետք է կազմեին 4 միլիարդ 825 միլիոն դրամ. իրականում պետբյուջե է մուտքագրվել 364,1 միլիոն դրամ (7,55 %): 1997-ի սկզբին 100 հազար մարդ կամ ազգաբնակչության 3 %-ը սեփականաշնորհման 2 միլիոն հատ սերտիֆիկատով և 350 մլն կանխիկ դրամով մարել է բաշխված սերտիֆիկատ ների 60 %-ից ավելին: Այդպիսով, Հայաստանում տեղի է ունեցել ազգային ունեցվածքի վերաբաշխում կամ, ավելի ճիշտ, կապիտալի յուրօրինակ նախասկզբնական կուտակում: Արևմտյան Եվրոպայի երկրներում այս գործընթացը տևել է 300 տարի, մեզանում` 2,5-3 տարի: Այդ գործառույթը տնտեսական առումով իր նպատակին չի ծառայել, քանի որ սեփականաշնորհված ազգային ունեցվածքի 7,55 %-ն է մուտք արվել բյուջե, որն էլ էական դեր չի խաղացել, քանի որ այդ գումարները չեն ուղղվել տնտեսության առավել արդյունավետ ճյուղերը զարգացնելուն: Այսօր քայլեր արվում են տնտեսության զարգացման ուղղությամբ, սակայն եղածը չփոշիացվելու դեպքում շատ ավելի տեսանելի կլիներ առաջընթացը: Այնպես որ` նորընտիր Նախագահից մենք ակնկալում ենք առաջին հերթին արդյունաբերության զարգացում, ինչը նախապայմանն է հասարակության բարեկեցության: