2008-ը հազիվ թե բեկումնային լինի


Անցնող տարվա` 2007 թ. դեկտեմբերը, թերևս, կարելի է համարել աշխարհի ուշադրությունն իրենց վրա սևեռած հակամարտությունների կարգավորման գործընթացում ներգրավված կողմերի դիրքորոշումների ու մտադրությունների ստուգման ամիս: Այսպես. Կոսովոյի անկախության հարցն Արևմուտքը խուսափեց ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացնել, քանի որ միջազգային այդ կառույցի անվտանգության խորհրդում Ռուսաստանը կօգտվեր վետոյի իր իրավունքից: Չնայած` որքան էլ Արևմուտքը շահագրգիռ է Կոսովոյի անկախության հարցում, այնուամենայնիվ Եվրամիության ներսում նույնպես խնդիրներ կան. այստեղ բոլորի կարծիքներն ու դիրքորոշումները չէ, որ համընկնում են: Մասնավորապես, Կոսովոյի անկախությանը չեն կարող կողմ լինել Իսպանիան, Իտալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան: Վերջիններս մտավախություն ունեն, որ Կոսովոյի անկախացումը կարող է նախադեպ հանդիսանալ և խթանել իրենց ներքին անջատողական տրամադրությունները: Իսպանիայում կարող են ոտքի կանգնել բասկերը, Բելգիայում անջատվել, անկախանալ է ցանկանում երկրի ֆլոմանդական մասը, Իտալիայի հյուսիսը, իսկ Մեծ Բրիտանիայում վաղուց առկա է շոտլանդական խնդիրը: Ի վերջո, ԵՄ-ն որոշեց խնդրի լուծումը հետաձգել մինչև մարտին կայանալիք` Սերբիայի նախագահի ընտրությունների ավարտը: Այստեղ հետաքրքիր է մի հանգամանք: Հակամարտության կողմերին հորդորելով շարունակել բանակցությունները, Եվրամիությունը միաժամանակ հայտարարում է, որ ինքը պատրաստ է միակողմանիորեն ճանաչել Կոսովոյի անկախությունը: Բանակցությունները շարունակելու մասով, ըստ երևույթին, առկա է Ռուսաստանի ճնշումը: Վերջինը, թերևս, գիտակցում է Կոսովոյի անկախության անխուսափելիությունը, սակայն ոչ արտաքին` ԵՄ միջամտությամբ: Բանակցությունները ենթադրում են, որ խնդիրը լուծվի երկրի ներսում: Դատելով եվրոպական երկրներում առկա ազգամիջյան խնդիրներից, կարելի է ենթադրել, որ Կոսովոյի անկախության հարցը նշված ժամկետում` մարտին նույնպես վերջնական լուծում չի ստանա: Ինչ վերաբերում է Կոսովոյի խնդրի ազդեցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, ապա մեզ` հայերիս համար հետաքրքրություն է ներկայացնում այդ խնդրի զարգացումների ընթացքը: Այսպես. Թուրքիան հայտարարում է, թե ինքը Կոսովոյի անկախությունը առաջինը ճանաչողներից մեկը կլինի: Դա բխում է նրա ռազմավարական շահերից` այն հույսով, որ Կոսովոյի անկախությունը նախադեպ կարող է լինել թուրքական Կիպրոսի` միջազգային հանրության կողմից ճանաչման համար: Մյուս կողմից էլ, քաղաքական փորձագետները գտնում են, որ այդ հայտարարությունը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա, քանի որ կոսովյան խնդրի նման լուծումը և Թուրքիայի այդօրինակ վերաբերմունքը նախադեպ կհանդիսանա նաև ղարաբաղյան հակամարտության` ոչ ադրբեջանաթուրքանպաստ լուծման համար: Բացի դրանից, այդպիսի զարգացումը կոգևորի նաև քրդերին` Թուրքիայի և Իրաքի հյուսիսում Քուրդիստան պետության ստեղծման առումով: Այնպես որ, Կոսովոյի անկախացումը միանշանակ չէ նաև Թուրքիայի համար: Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, թե պատրաստ է ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Թբիլիսիի արձագանքը չի ուշացել: Նինո Բուրջանաձեն հայտարարարել է` Ռուսաստանի կողմից Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը պատերազմ է Վրաստանի դեմ: Հարևան Վրաստանում անկայունությունը, առավել ևս Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` ՌԴ հետ պատերազմը ՀՀ շահերից չի բխում: Բացի այդ, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և վերջին դեպքում հարցական է մնում, թե ինչպիսին կլինի ՌԴ դիրքորոշումն ու պահվածքը ղարաբաղյան հարցում: Այս ամենը հնարավոր զարգացումներն են` տեսականորեն: Իսկ գործնականում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա գործընթացները մոտ ապագայում հակամարտության վերջնական լուծման հույսեր, թերևս, չեն ներշնչում: Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկություններում ըստ էության նշվում է կարգավորման փուլային տարբերակ. գրավյալ կոչվող տարածքներից հայկական զորքերի դուրս բերում, փախստականների վերադարձ, Քելբաջարում խաղաղարար զորքերի տեղակայում, Լաչինի միջանցքի պահպանում: Այս ամենի հետ` ոչ մի խոսք` կարգավիճակի մասին (Մոսկվա, «Կոմերսանտ»): Թվում էր` Ադրբեջանը պետք է երկու ձեռքով կողմ լիներ առաջարկությունների այս փաթեթին: Բայց պաշտոնական Բաքուն մերժեց Մինսկի խմբի այս նոր առաջարկությունները: Իսկ վերջերս` անցյալ շաբաթ, Բրյուսելում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը տեղի լրագրողներին ասաց, թե չի բացառվում, որ մինչև Հայաստանում նախագահի ընտրությունները համաձայնության փաստաթուղթ ստորագրվի: Ըստ երևույթին, պաշտոնական Երևանը նման կարծիք է հայտնում, քանի որ Ադրբեջանն արդեն մերժել է: Այսպիսով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մենք կրկնվող սցենարի ականատեսն ենք. այս անգամ մերժելու հերթը Ադրբեջանինն էր: Այնպես որ, անցնող տարվա վերջին ամիսն, իրոք, կարելի է համարել հակամարտություններում ներգրավված կողմերի դիրքորոշումների հերթական ստուգման ամիս: Ընդամենը: Եվ հուսալ, թե 2008-ը բեկումնային կլինի հակամարտությունների հարցում, թերևս, չարժե:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ