ԱՊՕՐԻՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ


Առաջիկա ընտրություններում Նախագահի պաշտոնի 9 հավակնորդներից ոչ մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ պաշտոնապես դեռ նախագահի թեկնածու չի գրանցվել (դեռ դրա ժամանակը չի եկել), հետևաբար նաև նախընտրական քարոզչություն վարելու իրավունք չի ստացել: Սակայն գրեթե բոլոր թեկնածուները, փաստորեն, սկսել են իրենց նախընտրական քարոզարշավները. հանդիպումներ են ունենում, ասուլիսներ ու հարցազրույցներ են տալիս, հանրահավաքներ են կազմակերպում, հայտարարություններ են անում, ամեն կերպ ձգտում են լրատվամիջոցներով իրենց արտահայտած ցանկացած միտք ու կատարած ցանկացած քայլ դարձնել հասարակության սեփականությունը, նույնիսկ իրենց հրապարակային ելույթների տեսագրության սկավառակներն են բաժանում ժողովրդի մեջ և այլն, և այլն: Ի՞նչ են դրանք, եթե ոչ նախընտրական ապօրինի քարոզչություն: Եթե Նախագահի այս կամ այն թեկնածուն արդեն իսկ հասարակական լսարանին տեղյակ է դարձնում, թե ընտրվելու դեպքում ինքը այս կամ այն խնդիրն ինչպես և ինչ թիմով է լուծելու, եթե արդեն իսկ սկսել է մյուս թեկնածուներին հորդորել, որ ոչ միայն ընտրությունների ենթադրյալ 2-րդ փուլում, այլև արդեն առաջինում սատարեն իրեն, այսինքն հրաժարվեն թեկնածու գրանցվելու մտքից և կանգնեն անձամբ իր կողքին, հընթացս սպառնալով բոլորին, թե ով իր հետ չէ` ոչ միայն անձամբ իր, այլև երկրի ու ժողովրդի «թշնամին» է կամ, մեղա քեզ, Տեր, «դավաճանը», եթե իբրև թե քննադատում, իսկ իրականում սևացնում է իր վաղվա մրցակիցներին, հապա այդ ամենն ի՞նչ է, եթե ոչ օրավուր թափ առնող քարոզարշավ: Անցյալ շաբաթը նույնպես տվեց այդպիսի ապօրինի քարոզարշավի չակերտյալ «փայլու¯ն» օրինակներ: Նախորդ ուրբաթ եղավ ՀՀՇ-ի հերթական հանրահավաքը Ազատության հրապարակում, որին այս շաբաթվա ընթացքում հաջորդեցին այդ հանրահավաքի ամբիոնից անհարկի վիրավորանքների ու պիտակավորումների արժանացած գործիչներից մի քանիսի աղմկահարույց ասուլիսները` պատասխան մերկացումներով ու մեղադրանքներով: Ամենացնցողը «Ազգային Միաբանություն» կուսակցությունից Նախագահի թեկնածու առաջադրված Արտաշես Գեղամյանի և նրա կուսակից-ընկերների դեկտեմբերի 13-ի ասուլիսն էր: Այդտեղ Արտաշես Գեղամյանը, հանրությանը յուրատեսակ բացատրություն ներկայացնելով, թե ինչու նախորդ ընտրություններում ինքը չսատարեց ընդդիմադիր որևէ թեկնածուի, կատարեց նաև սենսացիոն մի բացահայտում: - Զարգացումները ցույց են տալիս,- բառացիորեն ասաց Արտաշես Գեղամյանը, - որ ամեն ինչ արվում է ընտրությունների ընթացքում կամ հետո քաղաքացիական պատերազմ սանձազերծելու համար: Այդպիսի չարամիտ դիտավորության մեջ Արտաշես Գեղամյանը ուղղակիորեն մեղադրեց Նախագահի ներկա թեկնածու և նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին, մասնավորապես ՀՀՇ-ին, շեշտելով, թե «նրանք հմտացած են այդ գործում», իբրև այդ հմտացածության ապացույց հիշեցնելով 1990 թվականի մայիսի 27-ի Երևանի երկաթուղային կայարանի ու Սովետաշենի արյունալի դեպքերը: Ըստ Գեղամյանի ունեցած տեղեկությունների, իր բառերով` «4-5 հարյուր ընտրատեղամասերում ընտրությունների օրը կռիվ-թամաշա, անկարգություններ են հրահրվելու»: Չեմ կարող ասել` սրանք հստակ տեղեկություննե՞ր էին, թե՞ միայն Արտաշես Գեղամյանի ենթադրությունները: Չեմ բացառում նաև նախկին Նախագահին վարկաբեկելու դիտավորությունը: Սակայն ամեն դեպքում գտնում եմ, որ Նախագահի թեկնածուներից մեկի բերանով հնչած այս ահազանգը անտեսելն ուղղակի թեթևամտություն կլիներ: Իրավապահ մարմիններին և, առաջին հերթին, ամբողջ հասարակությանը հորդորում եմ զգոն լինել, ոչ մի դեպքում չտրվել սադրանքների, ամեն կերպ խույս տալ զանգվածային անկարգություններից, առավել ևս, Աստված մի արասցե, արյունահեղությունից: Արտաշես Գեղամյանին կարելի է հավատալ կամ չհավատալ, գնահատել կամ չգնահատել, սիրել կամ չսիրել, անգամ ատել, սակայն չի կարելի անտես առնել 1990 թվականի մայիսի 27-ի արյունոտ իրադարձությունների նրա հիշեցումը: ՀՀՇ-ական իշխանությունն այն ժամանակ իրոք հաստատվեց այդ օրը (և ոչ միայն այդ օրը, այլև հետագայում) թափված անմեղ արյան վրա: Համենայն դեպս, իշխանության գալուց հետո ՀՀՇ-ականները չբացահայտեցին ու չպատժեցին այդ (և ոչ միայն այդ) ոճրագործության հեղինակներին, ուստի և չփարատված կասկած մնաց, թե այդ սադրանքը, ինչպես նաև Մասիսի զանգվածային թունավորումների դեպքերը իրե°նք էին կազմակերպել, որպեսզի մեղքը կոմունիստների վրա գցելով ու նրանց վարկաբեկելով` երկրում հափռեն իշխանությունը: Հափռեցին, հետո ի՞նչ եղավ: Ի՞նչ տվեց անմեղ արյամբ հաստատված այդ իշխանությունը ժողովրդի բացարձակ մեծամասնությանը: Ինքներդ պատասխանեք այս հարցին, հարգելի ընթերցողներ, և մի լավ ծանրութեթև արեք, թե որևէ իշխանություն արժե՞, որ հանուն դրա` թեկուզև մեկի քիթն արյունոտվի, թեկուզև մեկ երեխայի աչքում արցունք հայտնվի, երկրի կայունությունը խախտվի, պետության հեղինակությունն ընկնի համաշխարհային հանրության աչքում և այլն, և այլն: Հուսով եմ` այդպիսի բան այլևս չի կրկնվի, վստահ եմ, որ ժողովուրդն այլևս չի գնա ամեն գնով իշխանության ձգտող որևէ մեկի ետևից: Ոչ միայն չի գնա, այլև կկարողանա ազդու հակահարված տալ ու զսպաշապիկ հագցնել կրկին արյունն աչքն առած, վրեժխնդրություն տենչացող ցանկացած բախտախնդրի: Սա 1990 թվականը չէ, 2007 թվականն է, ընտրություններին երկու ամսից մի փոքր ավելի է մնացել, և ինչպես տեսնում եք` երկրում հեղափոխական տրամադրությունների աճ ամենևին չի զգացվում: Այնպես որ` թող ոչ ոք խելահեղություն հրահրելու ծրագրեր չմտմտա, եթե, իհարկե, իսկապես մտմտում է: