ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ


ԲԱՔՈՒ: Դեկտեմբերին Հելսինկիում Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը հանդիպել են կառույցի նոր նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Իլկկա Կաներվայի հետ: Ինչպես ԱՊԱ-ին հայտնել է Յու. Մերզլյակովը, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ծրագրերը: Ըստ դիվանագետի, տարածաշրջանում հունվարյան այցի ընթացքում կքննարկվեն Մադրիդում կողմերին ներկայացված առաջարկները: Մերզլյակովն ընդգծել է, որ դրական արդյունքներ է սպասում այդ ուղեւորությունից: Հայտնելով իր վերաբերմունքը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գորան Լենմարկերի այն կարծիքին, թե ստեղծվել է «ոսկի հնարավորություն ղարաբաղյան հակամարտության լուծման համար», ռուսաստանցի միջնորդը նշել է, որ նման հայտարարության պատճառ են դարձել կողմերին հանձնված գրավոր առաջարկները եւ նրանց դրական հակազդեցությունը: Ի պատասխան այն հարցին, թե ինչ սկզբունքներ են դրված բանակցությունների հիմքում` տարածքային ամբողջականության, թե ինքնորոշման իրավունքի, Յուրի Մերզլյակովը ասել է, որ հիմք են ընդունվել Հելսինկյան եզրափակիչ արձանագրության բոլոր սկզբունքները. «Կողմերը նախընտրում են խոսել, առաջին հերթին, այն սկզբունքների մասին, որոնք ուզում են իրենք տեսնել: Սակայն ես կարծում եմ, որ այստեղ չի կարելի միանշանակ ասել: Բանակցությունները վարվում են հիմնարար սկզբունքների հիմքի վրա, որոնց մի մասը վերաբերում է եւ ապագա կարգավիճակի սահմանմանը»: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ