«Ժառանգությունը» ճշտորոշող հարցեր է առաջադրում Նախագահի թեկնածուներին


...«Ժառանգության» վարչությունը քննարկել եւ նամակով դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին` առաջարկելով շուրջ երկու տասնյակ կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Վարչության արձանագրմամբ` հարցաշարում ներառված դրույթները խորապես հուզում են ոչ միայն «Ժառանգությանն» ու նրա բազմահազար համակիրներին, այլեւ հանրության ամենալայն շերտերին: «Սա պարզ ստուգարք չէ եւ ոչ էլ քաղաքական մեկ ուժի քմահաճույք: Մենք նպատակ ունենք երկրի ապագա ղեկավարի համալիր դիրքորոշումների, նրա պարկեշտության, բարոյական կերպարի մասին որոշակի պատկերացում տալ ընտրազանգվածին, ինչպես նաեւ ճշտորոշել կուսակցության մոտեցումները», - վարչության նիստի ավարտին նշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանրային իրազեկման հարցաշար 1. Ինչո՞ւ եք ուզում դառնալ նախագահ եւ ընտրվելու դեպքում որո՞նք են լինելու Ձեր առաջին 5 քայլերը: 2. Որո՞նք են Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին հիմնական մարտահրավերները: 3. Ո՞րն է արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորումը եւ ինչպե՞ս եք տեսնում լուծման ճանապարհը: 4. Որո՞նք են Հայաստանի տնտեսության զարգացման առաջնայնությունները: 5. Ծրագրո՞ւմ եք արդյոք վերացնել երկրում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական անհավասարությունը, ինչպես նաեւ տարանջատել պետությունը որեւէ կուսակցությունից, իշխանությունը` գործարարությունից: Եթե այո` ապա որո՞նք են լինելու Ձեր առանցքային քայլերն այդ ուղղությամբ: 6. Պատրաստվո՞ւմ եք հասնել մինչ օրս առանձնապես խոշոր չափերի հասնող հարկեր չմուծած անձանց, յուրացումներ կատարած եւ/կամ քաղաքական հետապնդումներ իրականացրած պետական պաշտոնյաների բացահայտմանն ու պատժմանը: Եթե այո` ապա ի՞նչ առաջնահերթությամբ: 7. Ինչպե՞ս եք վերաբերվում միջպետական հարաբերություններում «Գույք` պարտքի դիմաց» ձեւաչափին, ինչպես նաեւ հեռահաղորդակցության, էներգետիկ եւ ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ բնագավառներում վիճահարույց նման գործարքներին: 8. Ինչպիսի՞ն են Ձեր ռազմավարությունը եւ մարտավարությունը Սփյուռքի ներուժն օգտագործելու հարցում: 9. Անձնական եւ մասնագիտական ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը: Ունե՞ք արդյոք դրանք: 10. Դուք համարո՞ւմ եք, որ Ձեր անձնական օրինակով եւ քաղաքական գործունեությամբ նպաստել եք ազատ, անկախ, ժողովրդավարական, քաղաքացու իրավունքի վրա խարսխված հասարակարգի կայացմանը: Եթե այո` ապա ինչպե՞ս: 11. Ձեր կենսագրության մեջ կա՞ն արդյոք այնպիսի փաստեր (զորօրինակ` կոռուպցիա, քրեորեն հետապնդելի այլ արարքներ), որոնք թույլ կտան որեւէ մեկին ազդեցություն ունենալ Ձեր որոշումների վրա: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել: 12. Ձեր պաշտոնավարման ընթացքում, եթե այդպիսին եղել է, Ձեր մասնակցությամբ կամ իմացությամբ` թեկուզեւ դատարանի որոշման միջոցով, որեւէ անմեղ մարդ ազատազրկվե՞լ է, կամ նախօրոք տեղյակ եղե՞լ եք նման ազատազրկման մասին: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել: 13. Ձեր պաշտոնավարման ընթացքում, եթե այդպիսին եղել է, կատարել ե՞ք էական սխալներ կամ բացթողումներ: Եթե այո` ապա որո՞նք են այդ վրիպումները եւ ինչպե՞ս եք մտածում դրանք սրբագրել: 14. Եթե երբեւէ ընտրությունների մասնակցել եք որպես թեկնածու, Դուք տեղեկություններ ունեցե՞լ եք Ձեր օգտին կատարված ընտրակեղծիքների, ընտրողների կաշառման որեւէ փաստի մասին: Եթե այո` խնդրում ենք մանրամասնել: 15. Ինչպիսի՞ն է տարբերությունը 1991 թվականին Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների ունեցած սեփականության (ֆինանսական, նյութատեխնիկական, փայատիրական, կալվածային եւ այլ` թե անձնական եւ թե որպես բիզնես, թե ուղղակի եւ թե այլոց անուններով ձեւակերպված) եւ այժմյան սեփականության միջեւ, եւ ինչո՞վ դա կբացատրեք: 16. Ովքե՞ր են ՀՀ վարչապետի, Գլխավոր դատախազի, Ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության պետի, Պաշտպանության նախարարի, Արտգործնախարարի Ձեր առաջարկելիք թեկնածուները: 17. Ո՞ւմ կուզենայիք տեսնել պետության առանցքային` նախարարական եւ այլ պաշտոններում: 18. Պատրա՞ստ եք աշխատել գործող Ազգային ժողովի հետ, թե՞ համարում եք, որ այն անհրաժեշտ է արձակել: 19. Ձեզանից բացի, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված 8 թեկնածուներից քաղաքականապես ո՞ր մեկին եք առավելաբար վստահում: 20. Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ Դուք մինչեւ քվեարկության օրը հանեք Ձեր թեկնածությունը: Եթե այո` ապա ո՞ւմ օգտին: 21. Որո՞նք են Ձեր հիմնական արժանիքները, ինչպես նաեւ` Ձեր հիմնական թերությունները: 22. Ձեր կարծիքով` Հայաստանի քաղաքացիները երաշխավորված իրավունք ունե՞ն Ձեզ այս հարցերը տալու ու պատասխաններ ստանալու: