Կղզիացումը մահ է...


Արդի հայ երաժշտարվեստի մառախլապատ ասպարեզում այս կարգի ստեղծագործությունները մառախուղը ցրող որոտի արժեք ունեն: Այսպես էլ գնահատվում է անվանի կոմպոզիտորի նոր աշխատանքը, որը, լրացվելով ու ամբողջացվելով, իսկապես նոր էջ կբացի ոչ միայն Սաթյանի, այլև ազգային երաժշտության տարեգրության մեջ, քանզի գտնված է գլխավոր ասելիքի բանալին: Մինչ Սյուզի Երիցյանը նվագախմբի հետ կհնչեցնի Բեթհովենի ջութակի կոնցերտը (1806), շուրջս հայացքով փնտրում եմ մյուս ունկնդիրների անմիջական տպավորության ակնառու նշաններ, ծափերից բացի: Ականջիս հասած գոհունակ շշունջները սրտապնդում են` ուրեմն, չեմ սխալվել: Ազնիվ մշակույթը, գուցե, հաղթանակի շուտով: Բայց… Վերստին տխրում եմ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահի սակավամարդության հերթական փաստից, ինչը հակված չեմ հիմնավորել դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության համընդհանուր անկմամբ: Ստեղծագործական բովանդակալից ուղի է անցել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում Էդուարդ Բաղդասարյանից ստացած, սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն ներշնչող, դասերով հաստատուն քայլելով դեպի անհատականացում: Ամենակարևորը` սերնդակից շնորհառատ երիտասարդներից շատերի նման ուշադրության կենտրոնում է եղել, հնարավորություն է ստացել լիարժեք ինքնաբացահայտման` խրախուսվելով ամեն մի տպավորիչ դրսևորման համար: Ստույգ էին գնահատման հենակետերը: Խելամիտ` պետական մշակութային քաղաքականությունը, տաղանդներ կայացնող, սերունդ աճեցնող. գիտակից, բանիմաց, առողջ քաղաքացիներ` իրենց երկրի հուսալի սյուներ բոլոր բնագավառներում: Կայացման ճանապարհը զարդարվում էր հեղինակավոր մրցանակներով, ստեղծագործական նոր լիցքերով ամրանում: Նաև` Սաթյանինը: Ուսանողական տարիներից` «Շարական» սիմֆոնիկ վարիացիաներից (1968) սկսած: Նրա սերունդը նոր գաղափարներ էր բերում, նոր շունչ, զարգացնելով երաժշտության` դարերի խորքից իրենց հասած ազգայինի հարուստ ավանդները, ժամանակի անվանիների հետ փոխշփումներում ընդլայնելով մասնագիտական հմտություններն ու աշխարհընկալման երաժշտականացման արտահայտչամիջոցները: 1972-ին Դավիթ Խանջյանը կատարում է «ավանգարդ» մտածողությամբ գրված Սաթյանի առաջին սիմֆոնիան: Միութենական ամենախստապահանջ երաժշտասերի համակրանքին են արժանանում էստրադային քնարական երգերը` լի սիրով ու ապրեցնող հույզերով. «Կապույտ երազ», «Խոհեր», «Սերն անցավ», «Հուշի փաթիլներ», «Սիրո ժամեր», «Մոռացման անձրև», «Թող նորից ժպտան աչքերը» և շատ ուրիշներ դեռ շարունակում են իրենց արտահայտած տարբեր տրամադրություններով ներդաշնակել մարդկանց սրտի թրթիռներին, հոգեհարազատ մնալ: «Այսօր էլ քիչ չեն տաղանդավոր երաժիշտները,- ասում է բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Սաթյանը,- բայց նրանց համար չեն ապահովվում անհրաժեշտ լծակներ: Շատերն են ստիպված օտար ափերում հնարավորություն որոնել սիրած գործով զբաղվելու: Հետո գալիս են Հայաստան, ուրիշ երկրի դրոշի տակ մասնակցում փառատոների ու մրցույթների, հմայում իրենց ստեղծագործական ներուժով: Հպարտանալով նրանցով` չենք էլ գիտակցում, որ աստիճանաբար կորցնում ենք մեր մշակութային բանակի հզորությունը, երկրի լավագույն քաղաքացիներին»: Մշակույթի անփոխարինելի դերն ու նշանակությունը գիտակցել են Հիտլերն ու Ստալինը անգամ: Մինչդեռ այսօր լուրջ արվեստագետներին պահպանելու, մեծարելու մասին առանձնապես չի մտահոգվում ներկայիս իշխանավորը: Եկամտաբեր «աստղիկներն» ու գռեհիկ կատակաբանություններով էժանագին ծիծաղ կորզող ծաղրանմանակողներն են դառնում տերն ու տնօրենը մշակութային ասպարեզի: Երկու ծայրահեղության ենք հանդիպում: Մի կողմից, պարփակում նեղ ազգայինի մեջ` հեռու համամարդկայինից` չգիտակցելով, որ կղզիացումը մահ է... Մյուս կողմից, ծաղկում է օտարամոլությունը, ինչպես Երգի թատրոնում, ինչն ավելի վտանգավոր է, քան ռաբիսը: Հատուկենտ պրոֆեսիոնալներն են միայն, հարազատ մնալով ազգայինին, ժամանակակից պահանջներին համահունչ զարգացնում մեր երաժշտարվեստը: Ոչ ինքնանպատակ, ինչպես նորերից շատերը, այլ ասելիքով արդարացված, հանդիսատես նվաճող աշխատաոճով: Բայց նրանք էլ, կարծես, մասնագետների նեղ շրջանակի համար են ստեղծագործում, զրկված են մեծ լսարանից: «Համակարգող կառույցներում պրոֆեսիոնալիզմի պակասից է ծնվում մշակութային քաոսը: Կոմպոզիտորների միությունը, տարված լինելով նեղ անձնական ինչ-ինչ խնդիրներով, չի զբաղվում արդի հայ երաժշտարվեստի ուղղորդմամբ: Երգարվեստում իշխողը «շոու-բիզնես» կոչվածն է: Ստեղծագործող անհատականությունները անուշադրության են մատնված: Պառակտված վիճակը ջուր է լցնում ոչ պրոֆեսիոնալիզմի ջրաղացին: Ժամանակին հայ կոմպոզիտորները հիանալի աշխատավայր ունեին` Դիլիջանի ստեղծագործական տունը: Ինքս ամենից արդյունավետ այնտեղ եմ աշխատել: Այսօր դա գրեթե անհնար է` ստեծագործությունները չեն վարձատրվում, աշխատավարձերը չնչին են»: Այդուհանդերձ Արամ Սաթյանը չի դադարում ստեղծագործել: Չնայած մեծ կտավի գործ առանց պատվերի այսօր ոչ մի երկրում չի գրվում: Առաջին ազգային պոպ-օպերան` «Լիլիթը» (2003) հաջողությամբ ներկայացվեց (բեմադրիչ` Արմեն Մելիքսեթյան) Մարզահամերգային համալիրում, ապա մեկ տարի խաղացվեց Երաժշտական կամերային թատրոնում. կոմպոզիտորը նույնիսկ խորհրդանշական վարձատրության չարժանացավ: Մտահղանալով իր շեքսպիրիանան` Սաթյանը գրեց «Համլետ» սիմֆոնիկ պոեմը (2005), հիմա աշխատում է «Մակբեթ»-ի վրա: Ստեղծագործող անհատը չի կարող կապանքել իր երևակայության թռիչքը, ասելիքի կուտակումները կոնկրետ ձևավորում ու ամբողջացում են փնտրում: Փակուղուց ելք տեսնում է, քանիցս առաջարկել է վերակենդանացնել երաժիշտների հոգեվարք ապրող իր ընտանիքը. «Ամեն տարի աշնանային և գարնանային փառատոներ են կազմակերպվում, որոնց մասսայականացումը չի ապահովվում: Հարկ է նախապես անցկացնել նոր ստեղծագործությունների ունկնդրություն-քննարկումներ, լավագույնները սեղմ ծրագրով ներկայացնել այդ փառատոների շրջանակներում թեկուզ` հրավիրելով հայտնի մենեջերների, հրատարակիչների, պրոդյուսերների, ովքեր հնարավորություն կընձեռեն միջազգային ասպարեզ դուրս գալու, ճնաչվելու, փոխշփումներ ունենալու, նաև` վաստակելու: Մինչև անգամ ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Միության անգործությունը, հետագա լճացումը անխուսափելիորեն կհանգեցնի երաժշտարվեստում մնայուն արժեքների փոշիացման, նորերի ստեղծման անհնարինության»: Լուրջ արվեստի և նրան անխոտոր ծառայող ստեղծագործող անհատների ընթացիկ գործունեության պատշաճ մասսայականացմանը կոչված կառույցների արդյունավետ գործարկմամբ մարդկանց հոգևոր բարձրարժեք իմպուլսներով հարստացնելու առաջնայնությունը շուկայական ներկայիս խառնիճաղանջում համառորեն կամ միտումնավոր չգիտակցող «վերևների» մշակութային քաղաքականության «սկզբունքայնության» խորխորատներում պետք է որոնել «շան գլուխը»: Այսօր մշակույթի ճակատագիրը տնօրինողները, հանցավոր անփութութ յամբ, ստեղծագործական արարչագործության արգասիքները գնահատում են առավելապես շահութաբերության տեսանկյունից` հավասար նժարների վրա դնելով, ասենք, տնտեսական ապրանքների հետ: Հասարակությանը պիտանիությունն էլ որոշում ըստ այդմ: Հենց սրանով չի՞ պայմանավորված վերջին ամոթալի իրողությունը. կտրուկ գնաճից պետականորեն քիչ թե շատ ապահովագրելով սոցիալական տարբեր շերտերի ու մասնագիտությունների ներկայացուցիչներին` արտիստների աշխատավարձերը հավելել 338 դրամով… Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են: Թանձրացող հակամշակութային միջավայրում Արվեստի տաճարի կրակը անշեղ պահող անհատները պարզապես հերոսներ են են, Դանկոներ ու Պրոմեթևսներ: Աստված մի արասցե, նրանց խենթ նվիրումն իսպառ չեզոքացվի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ