ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԸ 


Այսօր ամենաժամանակակից ու զարգացած երկրներից մեկը` Ճապոնիան, շարունակում է չհեռանալ ազգային իր արմատներից ու ավանդույթներից: Գուցե հենց դա՞ է նրանց աննահանջ առաջընթացի գաղտնիքը:

Ճապոնական ժողովրդական իմաստասիրական փիլիսոփայության այս փունջը, թերևս, ընթերցողին հնարավորություն կտա` փոքր-ինչ ավելի մոտիկից ճանաչելու ծագող արևի երկրի մարդկանց հոգին:

Անշարժ թվացող հավիտենության շարժումն է ժամանակը` ամենաթանկը, բայց և` ամենավատնողը: Ամենաանողոքն է ժամանակը, բայց նաև` ամենաապաքինողը:

Մե՞նք ենք տնօրինում մեր ժամանակը, թե՞ նա է տնօրինում մեր ապրելիքը. դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ մարդն իր ժամանակի ծնունդն է, թեև ոչ միշտ դրա տերն ու տնօրինողը: Եվ փորձում ենք աներևույթ այդ «ծնողի» կողմից մեզ հատկացված տիրույթում հետաքրքրություններ փնտրել, հետաքրքրություններ հորինել... Երբեմն նույնիսկ կարևոր չէ` գտնո՞ւմ ենք մեր որոնածը, թե՞ ոչ, կարողանո՞ւմ ենք հորինել, թե՞ ոչ: Կարևորը որոնելն է, որը լճացումից, անորոշությունից փրկող ընթացք է:

Ու սպասում ենք նաև` հաճախ չհստակեցնելով, թե` ինչի: Սպասում ենք երազանք կոչված անմարմին ցանկալիի իրականացմանը, սպասում ենք հրաշքների... Սպասում ենք ու չենք էլ նկատում, որ ժամանակը սահում է. երբեմն` մեր կողքով, երբեմն` մեզ հեռացնելով ցանկալիից, երբեմն էլ` հույսերն արդարացնելով և նոր հույս-սպասում ներշնչելով:

Ինքնահաճ է ժամանակը, եթե հանձնվում ես նրա կույր տարերքին: Բայց նաև հուսալի նժույգ է, եթե հմուտ ասպետի սանձն է ձեռքիդ: Թանկ կապիտալ է, որը սակայն ոչ մի պահոցում չես կարող թաքցնել. եթե կարող ես` այն ծառայեցրու քեզ` մնայուն պահեր ապրելով, հոգումդ լույս ամբարելով և այդ լույսը մարդկանց նվիրելով անժլատ: Դա կփրկի ժամանակի փոշուց, որն անգործության խարազանն է:

- Օրվա մեջ որքան էլ ջանաս` 24 ժամից ավելի չես կարող խնայել,- հումորով թե՞ լուրջ ասել է ինչ- որ մեկը:

Իսկ ո՞ր դեպքում է պետք ժամանակ խնայել. ինքնասպան անգործությունից, ինքնակործան վատնումներից խուսափելու համար միայն: Չէ՞ որ անդառնալի է անցնող ամեն պահը, և նորին մեծություն ժամանակը չի ներում, երբ իր հետ անփույթ են վարվում: Այսուհանդերձ, ժամանակը հաշվել պետք չէ. այն պետք է ապրել, վայելել...

Սիրելի Ընթերցող. ժամանցն էլ մեր ապրած ժամանակի մի մասն է: Ժամանց` ասել է թե` «ժամանակ անցկացնել»: Այսինքն, ազատ ժամերին փորձել մի պահ վերանալ առտնին հոգսերից, գտնել զբաղմունք` հաճելիի և օգտակարի համադրությամբ: Թերթի այս համարը քո ժամանցին նվիրելով, հուսով ենք, որ այն հետաքրքիր ու օգտակար կլինի:

«ԱՎԱՆԳԱՐԴ»