Ու փիղն արտասվեց 


Ազատությունը բարձրագույն արժեք է. հաճախ նույնիսկ` չգիտակցված, առողջ բնազդներով կենդանի արարածներին շնորհված: Եվ անգամ ամբողջ կես դար շղթայված ու երբևէ այդ շղթաներից ազատվելու փորձ չկատարած Ռաջու փիղը արտասվել է, երբ կենդանապաշտպանների ջանքերով ազատություն է ստացել:

Լոնդոնում գործող Wildlife SOS կազմակերպության ակտիվիստներն անվարան Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգ են մեկնել` լսելով Ռաջուի պատմությունը: Տերը նրան ստիպել է անընդհատ երկարացնել կնճիթն ու ողորմություն խնդրել: Կենդանուն ոչ մեկը չի կերակրել, և փիղը սնվել է ամեն տեսակի աղբով` ներառյալ պլաստիկե նետված տարաներն ու թուղթը:

Ինչպես գրել է Inguisitr-ը` Ռաջուի տառապանքներն ավարտվել են անցյալ շաբաթ, երբ ոստիկանների ուղեկցությամբ նրան այցելած անասնաբույժներն ու այլ մասնագետներ նրան ազատել են շղթաներից: Կենդանապաշտպան ակտիվիստուհի Փուջա Բինեպալը պատմել է.

- Վերջին 50 տարում Ռաջուն ապրել է անպատկերացնելի դաժան պայմաններում. օրական 24 ժամ նա եղել է շղթայակապ: Մենք ապշեցինք, երբ տեսանք նրա աչքերից հոսող արցունքները. նա հասկացել էր, որ իրեն ազատել են:

Կենդանապաշտպանի հավաստմամբ` փղերը շատ խելացի կենդանիներ են և ապացուցել են, որ կարող են խորը ապրումներ ունենալ:

Ռաջուի ազատության համար նրա տիրոջ հետ դատական պայքարը տևել է մեկ տարի: Ու այդ ընթացքում ի հայտ էին եկել կենսագրական մանրամասները: Փոքր հասակում նրան խլել էին մորից: Իսկ որպես կանոն` ձագուկին վերցնելու համար կամ սպանում են մորը, կամ փղերի հոտը քշում են հատուկ փոքրիկ փղերի համար նախապատրաստած ծուղակներ: Այնուհետև որսված կենդանիներին կապում ու ծեծում են այնքան, մինչև նրանք հնազանդվեն տերերին: Հավանաբար Ռաջուի հետ էլ նույնն էր կատարվել: Մինչ այս նա 27 տեր էր ունեցել: Կարևորը` որ կարողացել էր դիմանալ մինչ ազատություն:

Ի դեպ, ասիական փղերն ապրում են մինչև 70 տարի: