Որտեղո՞վ է անցնում հաշտության ճանապարհը


Հերթական տարածաշրջանային այցով նախապես Բաքվում ու Երևանում լինելուց հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները նոյեմբերի 15-ին երկու օրով ժամանեցին Ստեփանակերտ: Նույն երեկոյան հանդիպելով Արցախի լրագրողներին և պատասխանելով իբրև թե բանակցային գործընթացից ԼՂՀ-ն դուրս թողնելու մասին հարցին, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն իր կոտրտված ռուսերենով բառացիորեն հայտարարեց. - Ո՞վ է ասում, թե Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է: Հապա ինչու՞ ենք մենք ամեն անգամ գալիս Ստեփանակերտ: Գալիս ենք ոչ թե ձեր իսկապես հրաշալի խոհանոցին ծանոթանալու, ոչ թե ձեր թթի օղին համտեսելու, այլ ձեր ղեկավարների հետ լուրջ աշխատելու: Սա չափազանց կարևոր հայտարարություն էր. մանավանդ` եռանախագահներն այս անգամ, իրենց իսկ հավաստմամբ, ժամանել էին ոչ թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին Բաքվում ու Երևանում կայացած բանակցությունների մասին տեղյակ պահելու, այլ` նրա հետ բանակցելու: Ադրբեջանական մամուլը նոյեմբերի 2-ից ի վեր տարփողում է, թե այդ օրը Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպման ժամանակ, իրենց, իբր, «հաջողվել է դիվանագիտական մեծ հաղթանակ տանել»` հասնել հանրահայտ Մայնդորֆյան հռչակագրի տակ ԼՂՀ ստորագրության բացակայությանը: Ազերիական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ հանգամանքի վրա անհարկի սևեռվում է նաև մեր քաղաքական շրջանակների ուշադրությունը: Մեր ընդդիմադիրները նույնպես խնդրո առարկա հռչակագրի ներքո ԼՂՀ ստորագրության բացակայությունը հասարակական լսարանին են ներկայացնում առնվազն որպես «խիստ մտահոգիչ երևույթ»: Իբր` այդ կերպ «ԼՂՀ-ն վերջնականապես դուրս մղվեց բանակցային գործընթացից»: Ի տարբերություն հայ և ազերի զանազան ու զարմանազան քաղաքական-մերձքաղաքական շրջանակների այս և այլ կարգի ամեն տեսակ շահարկումների, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները հրաշալի գիտակցում են, որ բանակցային գործընթացից ԼՂՀ-ն «դուրս թողնելու» մասին երբեք խոսք չի եղել և ուղղակի չի էլ կարող լինել: Ինչու՞: Հրաժարվելով ԼՂՀ հետ ուղղակի բանակցություններից, Ադրբեջանն ուզում էր և այսօր էլ ձգտում է համաշխարհային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե հակամարտության էությունը երկու ինքնիշխան պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի միջև, իբր, «տարածքային վեճ է»: Ով-ով, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռնախագահ ները, մանրամասնորեն տեղյակ լինելով հակամարտության պատմությանը, շատ լավ գիտեն, որ դա այդպես չէ: Նրանք հրաշալի հասկանում են, որ հակամարտությունը ծագել է իբրև Ադրբեջանի բռնակալության դեմ Արցախի հայության ըմբոստության արտահայտություն, իբրև ինքնորոշման պայքար: Եվ գիտակցում են, որ աշխարհում ոչ ոք չի կարող վճռել արցախահայության ինքնորոշման հարցը` առանց ԼՂՀ ժողովրդի մասնակցության: Ահա ինչու° էր ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի աչքի փուշը, ինչու° էր Բաքուն տևականորեն փորձում հարցի խաղաղ կարգավորումը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից և տեղափոխել միջազգային այլ ատյաններ: Մոսկովյան Մայնդորֆում ստորագրված հռչակագիրը խաչ է քաշում Բաքվի այդ հույսերի վրա: Նրանում աներկմիտ ընդգծված է, այն էլ երկու անգամ, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն և միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, նրա եռանախագահների մասնակցութ յամբ: Հետևաբար, Մայնդորֆում «ադրբեջանական դիվանագիտության տարած փայլուն հաղթանակի մասին» վայնասունը ընդամենը քարոզչական աղմկարարություն է: Համաձայնելով հակամարտության լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությանը թողնելուն, ադրբեջանական դիվանագիտությունը իրականում լուրջ պարտություն է կրել: Թեև հարկ է նկատել, որ «պարտություն» բառն այս դեպքում տեղին չէ, եթե նկատի առնենք, որ բանակցային գործընթացի վերջնական նպատակը հակամարտությունը խաղաղ հանգրվանի հասցնելն է: Երբ այդ տեղի ունենա, ապա հաղթողներ ու պարտվողներ չեն լինի, կլինեն… շահողներ: Ընդսմին` կշահեն բոլորը: Ադրբեջանն ու Հայաստանը կշահեն խաղաղություն, Արցախը կշահի ինքնորոշում, տարածաշրջանը` հանգստություն և տնտեսական լիարժեք զարգացման հնարավորություն: Սակայն այդ ամենը կարող է իրականություն դառնալ միմիայն ԼՂՀ իշխանությունների համաձայնությամբ: Ուրիշ ոչ ոք, բացի ԼՂՀ իշխանություններից, չի կարող որևէ մեկին հակամարտության գոտի միջազգային խաղաղարար ուժեր մտցնելու թույլտվություն տալ: Ոչ ոք, բացի ԼՂՀ իշխանություններից, չի կարող համաձայնություն տալ այս կամ այն երկրի զինվորական համակազմերը միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկելուն: Ուրիշ ոչ ոք, բացի ԼՂՀ իշխանություններից, չի կարող թույլատրել ազերի փախստականների ենթադրյալ վերադարձը իրենց նախկին բնակավայրերը, եթե նույնիսկ հաշտության վերջնական համաձայնագրում այդպիսի վերադարձ նախատեսվի: Ուրիշ ոչ ոք, բացի ԼՂՀ իշխանություններից, չի կարող հրաման տալ Արցախի Ինքնապաշտպանական Բանակի զորքերին` հայկական ուժերը ետ քաշելու այսպես կոչված «գրավյալ տարածքներից», եթե այդպիսի ետքաշման համաձայնություն նույնպես ձեռք բերվի: Ուրիշ ոչ ոք, բացի ԼՂՀ իշխանություններից, չի կարող հայկական զորքերին հրամայել իրականացնելու հակամարտության գոտու երկարությամբ ռազմապաշտպանական ինժեներական կառույցների կազմաքանդումը, ականապատ դաշտերի ականազերծումը, առանց որի որևէ հաշտություն չի կարող կնքվել: Կան բազմաթիվ ու բազմաթիվ այլ հարցեր ևս, որոնց առթիվ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ցանկացած համաձայնություն առ ոչինչ կդառնա, եթե դրանց ընդդիմանա պաշտոնական Ստեփանակերտը: Միգուցե Ադրբեջանում ու Հայաստանում որոշ քաղաքական շրջանակներ դա չեն հասկանում կամ ձևացնում են, թե չեն հասկանում, սակայն թե եռանախագահները, թե պաշտոնական Բաքուն ու Երևանը հրաշալի գիտակցում են, որ բանակցությունների սեղանի շուրջ միշտ էլ աներևույթ ներկա է եղել և այսուհետ նույնպես ներկա պիտի լինի ԼՂՀ նախագահը: Ընդամենը ժամանակի հարց է, թե ե՞րբ, վերջապես, այդ աներևույթ ներկայությունը կփոխվի ուղղակի մասնակցության: Թերևս, այն ժամանակ միայն, երբ Ադրբեջանի ղեկավարությունը համարձակություն կունենա սեփական ժողովրդին ասելու ճշմարտությունը թե° հակամարտության էության, թե° բանակցային գործընթացի մանրամասների, թե° ստորագրվելիք փաստաթղթի կետերի մասին: Երբ ակնհայտ դառնա, որ այդ կետերի կատարումը կախված է ոչ միայն և ոչ այնքան Բաքվի ու Երևանի, որքան` Ստեփանակերտի ղեկավարների ու, բնականաբար, ժողովրդի կամքից ու ցանկությունից, այնժամ բոլորը կտեսնեն, որ հաշտության իրական ճանապարհն անցնում է նախ և առաջ Ստեփանակերտով:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ