Հա՞ որ...


ՀԻՆ ու ճշմարիտ ասացվածքը, թե մեղր վաճառողը մատն էլ է լիզում, այս օրերին ճշգրտորեն արտացոլվում է հայրենի ժողընտրյալների գործողություններում: Այսպես, նախ հայտնի դարձավ, որ նվազագույն աշխատավարձը 40 հազար դրամ դարձնելու առաջարկը որքան կենսական, նույնքան էլ անիրատեսական է (գոնե կառավարության հնարավորությունների մասով) ու բացարձակապես չի տեղավորվում գործադիրի հաշվարկներում: Իսկ հետո այդ առաջարկի հեղինակ ՀՅԴ խմբակցությունն էլ որոշեց բավարար համարել 30 հազարը ու խոնարհաբար կողմ քվեարկել: Բայց, ինչպես հընթացս պարզվեց, «մեղրոտ» մատները լիզելու անձնանպաստ հնարավորությունից մեր խորհրդարանականները որոշել են ավելի հիմնավոր օգտվել. մի քանի պատգամավորներ առաջարկել են կրկնապատկել երեսփոխանական աշխատավարձը` 300 հազարից հասցնելով 600 հազարի… Թե ինչի դիմաց է մեր 131 պատգամավորներին, իսկ ավելի ճիշտ` ինքնապարապուրդի մատնված մի ստվար խմբի ամսեկան հազար դոլարի կարգի գումար տրվում, դեռևս շատերս չենք կարողացել հասկանալ: Հետևաբար, է°լ ավելի տարօրինակ ու անհեթեթ է դառնում. «որտեղ հազարը, այնտեղ էլ երկու հազարը» մոտեցման անհեթեթ տրամաբանությունը: Ու այստեղ արդեն պակաս կարևոր է ֆինանսների նախարարի մեղայական-արդարացումը` նոր բյուջեում այս հարցը ներառած չլինելու մասով… Ի վերջո, կարևորը երևույթն է, երբ ձրիակերությունը (հիմա ռոճիկի, հետո էլ` կենսաթոշակի տեսքով) շատ ու շատ ժողընտրյալներ ավելի ու ավելի հիմնավոր քայլերով են ձգտում կայուն ապրելակերպի վերափոխել: ԵՐԿԱՐ սպասեցնել չտվեց նաև այն օրը, երբ կրկին համոզվեցինք, որ մեր բազմանդամ խորհրդարանում ընդգրկված երեսփոխանները «մեղր» շա¯տ են սիրում: Այս առաքելության շրջանակներում «Ժառանգությունն» էլ իր հերթին առաջարկեց ոչ ավել ոչ պակաս` պատգամավորի օգնականի հաստիք ստեղծել: Ասենք նման հաստիք որոշ գերծանրաբեռնված (՞) պատգամավորներ արդեն իսկ ունեին, բայց… «Եթե կարելի է դրա դիմաց պետական միջոցներից վճարել, ապա ինչո՞ւ թեթևացնել սեփական գրպանները». մոտեցումն այս դեպքում նույնպես լավագույնս գործի դրվեց: Եթե առաջարկն այսչափ անհեթեթ չլիներ, միգուցե հետաքրքիր էլ չէր լինի: Բայց տվյալ դեպքում դարձյալ «մեղր» ուտելով` մեր սիրելի երեսփոխանները միանգամից երկու խնդիր են լուծում: Նախ սուրճ եփողին, հանքային ջրի շշով իրենց օղի մատակարարողին, երբեմն էլ ինչ-որ թուղթ տանող-բերողին հարկատուներիս հաշվին լիաձեռն վարձատրելու «կարևորագույն» խնդիրն են լուծում: Եվ հետո` հատկապես նրանք, ովքեր կուսակցական ցուցակներով են խորհրդարան հասել, հարազատ շարքերից իրենց նվիրյալներին են խորհրդարանում բազմեցնում: Իր հերթին այս նախաձեռնությունը շահեկան իրավիճակ է ստեղծում նաև անկուսակցական մեծամասնականների համար. նրանք էլ ընտրություններում իրենց աջակցած թիմակիցների կամ պարզապես մերձավոր-հարազատների համար կարող են եկամուտ ապահովող գործատեղ ստեղծել: Սակայն օրինաստեղծ գործունեությունը նոր աշխատատեղերի ստեղծում ենթադրում է ոչ թե օրենսդիրների կողքին, նրանց «ձեռքի տակ», այլ ընդհանրապես ու մանավանդ` երկրի բարօրությանը նպաստող: Այ եթե մեր երեսփոխաններն այս հարցում կարողանային փայլել արդեն ոչ թե միայն մերձավորների, այլ նաև հազարավոր ուրիշ մարդկանց համար էլ օգտակար գործեր արած կլինեին: Առավել ևս` այդ ուրիշները պարբերաբար մեծարվում են որպես «սիրելի ընտրող»: ԲԱՅՑ կարևորը խելացի երևալու տպավորություն թողնելն է: Այնպես, ինչպես պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի պարագայում: Տպավորությունը` տպավորություն, բայց հայրենի երեսփոխարանի սույն «ինտելեկտուալը» մեզ նախորդ շաբաթ համոզում էր, թե ԱԺ ամբիոնից գրեթե ատոմային ռումբի զորության ելույթ է հնչեցրել: Բայց ատոմային ռումբն էլ իսկի պարսատիկի հարվածի ուժ էլ չունի: Ամբողջը հիմնված է մեր ու ադրբեջանական տնտեսության մի քանի նշանակալի տվյալների ուղղակի համեմատությունների վրա: Ու այս ամենից էլ տպավորությունն այնպիսին է, թե մենք մեր լավ ապրելուն պետք է ձգտենք ոչ թե սեփական բարեկեցության, այլ առավելապես հարևանին վազանցելու շահագրգռությունից ելնելով: Այն էլ` 2005-ից սկսյալ: Ինչ վերաբերում է մտավոր ներուժին, ապա պարոն Դալլաքյանը անշուշտ կարդացած պատգամավոր է, հատկապես, եթե կշեռքի մյուս նժարին դնենք մեր այն երեսփոխանների ինտելեկտը (՞), ովքեր երբևէ չեն խոսում: Ու բնավ ասելիքի առատության որոգայթներում չէ, որ մոլորվել են: Ասելիք ունենալու համար գոնե նվազագույն տեղեկացվածություն է պետք, իսկ տեղեկացված լինելու համար… Ինչ արած, այսպիսին է հայրենի խորհրդարանը. մարդ կա միայն կոճակ է սեղմում, մարդ էլ կա համ սեղմում է, համ էլ մեկ-մեկ խոսում…