Թեև ուրբաթահավաքները դադարել են


Ավելի քան մեկ ամիս է` սեփական նախաձեռնությամբ արմատականները դադարեցրել են իրենց ուրբաթահավաքները հայտնի պատճառաբանությամբ, թե իբր չեն ցանկանում խոչընդոտել իշխանություններին` կարծես նոր փուլ տեղափոխված արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Եթե անկեղծ է` գնահատելի է նման մտահոգությունը: Բայց առաջին Նախագահը հուզականությունը վաղուց հաղթահարած քաղգործիչ է և իր հեռահար ծրագիրը, առավել ևս` դրանց իրականացման ճանապարհին հնարավոր խոչընդոտները նա չի կարող ժամանակից շուտ երևան հանել: …Ուրբաթահավաքները դադարել են, սակայն, շարունակվում է դրանց պատճառների մասին ենթադրություններ հնչել: Վարկածներից առավել անտրամաբանականը թերևս այն է, որ գլխավոր արմատականը ռևանշ նետեց ԱՄՆ-ին` հետընտրական շրջանում արևմուտքի կողմից իր սպասած կամ իրեն ձեռնտու սատարումը չստանալու համար: Իհարկե, քաղաքականության մեջ անհավանականն էլ երբեմն օրինաչափ է դառնում: Սակայն Տեր-Պետրոսյանը փորձված գործիչ է և չի կարող հաշվի չնստել «ակն ընդ ական»-ի հավանականության հետ. այսինքն` ցանկացած հանդգնության Վաշինգտոնը կարող է վրեժխնդրությամբ պատասխանել: Թերևս ավելի ճշմարտանման է, որ հանրահավաքներն անորոշ ժամկետով ընդմիջելուն ինչ-որ չափով նպաստել են նաև եղանակային անբարենպաստ պայմանները: Ինչ-որ չափով, իհարկե: Սակայն տակտիկական փոփոխության շարժառիթն ու նպատակները ավելի խորքային և հեռահար են: Միացյալ Նահանգներում նոր Նախագահ է ընտրվել, ում քաղաքական նախասիրությունները դեռ ճշգրտված չեն: Ավելին, դեռ չկան կոնկրետ հանձնարարականներ` հայաստանցի արմատականներին: Ասել է թե` անորոշությունը հաղթահարելու լավագույն սպասողականությունը` աչքաչափով չգործելն է: Ինչևէ, հարկ է փաստել` առժամանակյա ընդմիջումը իր հետ բերեց դրական հետևանք. հյուսիսային պողոտան արդեն մեկ ամիս է, որ քաղաքակիրթ զբոսավայր է դարձել, ինչը նպաստում է հոգսերով ծանրաբեռ քաղաքացիների հոգեբանական լարվածության գոնե մասնակի թոթափմանը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ